Մատչելիության հղումներ

550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում՝ թեստերի արտադրության համար. Նիկոլ Փաշինյան


«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կատարենք թեստերի արտադրությունը տեսում», - հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:

«Մենք խնդիր ենք դրել, որպեսզի օրական թեստերի քանակը դարձնենք 1000, այսօր օրական թեստերը տատանվում են 200-400, բայց մենք խնդիր ենք դրել այս շաբաթվանից օրը 1000 թեստ անել: Գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք տեղական թեստերի ստեղծելու հարցը», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ տնտեսության զարգացմանը՝ նշելով. «Տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ, նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ, դա մեր ռազմավարության պատկերացումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր և ոչ թե հումք մատակարարող երկիր: Դա ցանկացած երկրի տնտեսության զարգացման գրավականն է: Պատկերացրեք, մենք նույն հանքաքարից Հայաստանի Հանրապետությունում ստանանք ձուլակտորներ, այդ ձուլակտորներից ստանանք պատրաստի արտադրանք», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ սա նշանակում է, որ տնտեսական հումքի շրջանառությունը հնարավորինս երկար է պտտվում և ունենում ենք ավելացված արժեքի բարձր մակարդակ:

«Երկրում կան մի քանի նախագծեր, և մենք նպատակադրված ենք, որպեսզի մեր երկրում նաև մետալուրգիա լինի և ընդհանրապես մշակվող արդյունաբերությունը զարգանա», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019-ին Հայաստանի տնտեսության համար վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց, և մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը:

Ինչ վերաբերում է այն ծրագրերին, որոնց նպատակը Հայաստանում, օրինակ, մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելն է, վարչապետը նշեց. «Կռահում եմ, որ այս հարցի հետ կապված լինելու են բնապահպանական բանավեճեր»:

Կորոնավիրուսից հետ ճգնաժամը հաղթահարելու համար վարչապետը նշեց, որ կան կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ:

«Կարճաժամկետ առումով մենք խնդիր ենք դնում այս տարի հնարավորինս արագ և հնարավորինս մեծ ծավալներով իրականացնել կապիտալ ներդրումներ, որովհետև կապիտալ ներդրումները ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են, խոսքը պետական կապիտալ ներդրումների մասին է: Իսկ երկարաժամկետ առումով, չնայած նաև երկարաժամկետ առումով, մենք կարծում ենք, որ մեր խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի զարգացումը, պետք է լինի տեխնոլոգիայի և գիտելիքի զարգացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG