Մատչելիության հղումներ

Կառավարությունը պատրաստվում է կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին, Երևան, 6-ը ապրիլի, 2020թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին, Երևան, 6-ը ապրիլի, 2020թ.

Կառավարությունը պատրաստվում է կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնել: Երկուշաբթի երեկոյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե դա հնարավոր լինի արդեն վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար մենք խնդիր ենք դրել օրը հազար թեստ անել: Եվ սրա համար մենք հիմա բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում, մոտավորապես 70 հազարին ձգտող թեստեր ենք գնում», - ասաց պետության ղեկավարը:

Վարչապետը տեղեկացրեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ գործադիրը քննարկում է տեղական թեստերի արտադրության հարցը, և դրա համար արդեն 550 հազար դոլարի չափով հատկացում է կատարվելու:

Շուրջ չորս ժամ տևած ուղիղ եթերի ընթացքում օգտատերերը բազմաթիվ հարցեր տվեցին վարչապետին: Դրանց զգալի մասն էլ թանկացումներին էին վերաբերում:

«Ես օրինակ այսօր առավոտյան վերցրել եմ խոշոր առևտրային ցանցերի իրավիճակը, և օրինակ խոշոր առևտրային ցանցերում, իմ ձեռքի տակ եղած տվյալներով, ընդհանրապես հացի թանկացում տեղի չի ունեցել», - նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ որոշ ապրանքների թանկացումներ եղել են, և այդ թանկացումներն անհանգստացնում են Կառավարությանը:

Գնաճի մի մասը, ըստ վարչապետի, կարող է կապված լինել արտարժութային տատանումների հետ: Նա վստահեցրեց՝ իրենք կվերահսկեն, որ գների անվերահսկելի բարձրացումներ չլինեն: Փաշինյանի բնորոշմամբ՝ դրա համար իրենք հակաթանկացումային քայլեր են ձեռնարկել:

Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև պաշտոնյաների պարգևավճարներին, ասաց, որ իր որոշմամբ՝ պաշտոնյաները չեն ստանա մարտի պարգևավճարները, դրանք կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին:

Օգտատերը հարց էր ուղղել, թե ինչու այդ պարգևավճարները չեն կրճատվում, ուղղվում թոշակառուներին:

«Ես գործողություն արեցի՝ հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե մենք Ձեր առաջարկը իրականություն դարձնենք: Այդ մի միլիարդ գումարը, եթե բաժանենք Հայաստանում թոշակառուների թվի վրա՝ Հայաստանում 503 հազար թոշակառու կա, ստացվում է, որ տարվա ընթացքում ամեն թոշակառուի կհասնի այս գումարից 1988 դրամ [տարեկան]», - հարցին արձագանքեց Կառավարության ղեկավարը:

Վարչապետն անդրադարձավ նաև գազի գնի բարձրացման վերաբերյալ հարցին, ասաց՝ հայկական կողմն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահը կմիջամտի այս գործընթացին:

«Իսկապես այս ճգնաժամային իրավիճակում մեր հանրության կողմից և Կառավարության կողմից էլ չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է էդպիսի որոշում կայացնել», - ընդգծեց Փաշինյանը:

«Գազպրոմ-Արմենիա»-ն, հիշեցնենք, օրերս սպառողներին վաճառվող գազի սակագները վերանայելու հայտով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ընկերությունը մտադիր է այսօրվա գներից միջինը 11 տոկոսի աճի հայտով դիմել:

XS
SM
MD
LG