Մատչելիության հղումներ

Եվրոպական որոշ երկրներ թուլացնում են սահմանափակումները


Չեխիա - Դիմակներով փողոցային երաժիշտներ Պրահայում, 7-ը ապրիլի, 2020թ.
Չեխիա - Դիմակներով փողոցային երաժիշտներ Պրահայում, 7-ը ապրիլի, 2020թ.

Ավստրիան, Դանիան, Չեխիան, Գերմանիան առաջին զգուշավոր քայլերն են անում, այս երկրներում կորոնավիրուսի համաճարակի աճի տեմպերի որոշակի նվազում է արձանագրվել, ինչից ելնելով՝ այդ երկրների կառավարությունները որոշել են թուլացնել մեկուսացման խիստ ռեժիմը, որը սահմանվել էր վարակի տարածումը զսպելու նպատակով:

Վիեննայում, Կոպենհագենում, Պրահայում և Բեռլինում, սակայն, միանգամայն տարբեր պատկերացումներ ունեն սահմանափակումները մեղմելուն ուղղված քայլերի հաջորդականության հարցում:

Դանիան բացում է դպրոցները, Ավստրիայում պահպանվում է հեռավար կրթական պրոցեսը

Ավստրիա - Դեռևս չփակված սրճարանի դիմաց հերթ Վիեննայում, 16-ը մարտի, 2020թ.
Ավստրիա - Դեռևս չփակված սրճարանի դիմաց հերթ Վիեննայում, 16-ը մարտի, 2020թ.

Դանիայում մանկապարտեզները և ցածր դասարաններ ունեցող դպրոցները կվերաբացվեն ապրիլի 15-ին, մյուս դպրոցականները դասարան կվերադառնան մայիսի 10-ից: Երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսոնը նշել է, որ առղջապահության ոլորտի մասնագետները այդ քայլերն արդարացված և խոհեմ են համարում:

Ավստրիայում, մինչդեռ, միանգամայն հակառակ կարծիքին են՝ դպրոցներն այստեղ կշարունակեն փակ մնալ մինչև մայիսի կեսերը: Այդ երկրի բնակիչներն իրենց բնակարանները լքում են բացառապես չորս պատճառով՝ աշխատանքի, խանութ գնալու, կարիքավորներին օգնելու, մարզանքի՝ վազքի կամ քայլելու նպատակով:

Ավստրիական կառավարության որոշման համաձայն՝ ապրիլի 14-ից կարող են վերաբացվել ոչ մեծ խանութները, որոնք ունեն մինչև 400 քառակուսի մետր տարածք, նաև այն խանութները, որոնք վաճառում են շինանյութեր և հողագործությամբ զբաղվելու համար նախատեսված ապրանքներ: Մյուս բոլոր խանութները, առևտրային կենտրոնները, վարսավիրանոցները կվերաբացվեն մայիսի 1-ից: Վերջնական որոշումն այդ հարցով, այդուհանդերձ, կկայացվի միայն ապրիլի վերջին՝ ըստ համաճարակային իրավիճակի:

Գերմանական ARD հեռուստաընկերության լրագրողն Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին հարցրել է` ի՞նչ տրամաբանությամբ է կառավարությունը որոշել շուրջ մեկ ամսով հետաձգել դպրոցների վերաբացումը, սակայն թույլատրել մայիսի 1-ից վերաբացել վարսավիրանոցները, չէ՞ որ խոսքը մարդկանց միջև առավել սերտ և երկարատև շփման մասին է, ինչից վարակաբանները հորդորում են ամեն կերպ խուսափել: Կանցլերն ի պատասխան ասել է, որ երեխաներին այնքան էլ հեշտ չէ համոզել, որպեսզի հեռավորություն պահպանեն և դիմակներ կրեն: Բացի այդ, վարսավիրանցում վարակվածներին ավելի հեշտ է հայտնաբերել, քանի դպրոցում հազարավոր դպրոցականների շրջանում վարակվածին:

Հյուրանոցներն ու ռեստորաննները Ավստրիայում փակ կմնան առնվազն մինչև մայիսի կեսերը, զանգվածային միջոցառումները հետաձգվում են մինչև հունիսի վերջ:

Ի տարբերություն Ավստրիայի՝ Դանիայում այդ ամենը հետաձգվել է անորոշ ժամկետով: «Առօրյա կյանքն առայժմ նախկինի պես չի լինի, մենք դեռ ամիսներ շարունակ կապրենք մեծաթիվ սահմանափակումներով», - հայտարարել է դանիական կառավարության ղեկավարը:

Դանիայի հարևան Նորվեգիայում, որտեղ ևս արձանագրվել է վարակի տարածման կորի որոշակի հարթեցում, իշխանությունները հայտարարել են մի շարք սահմանափակումների չեղարկման մասին: Ապրիլի 20-ից կվերաբացվեն դպրոցների և մանկապարտեզների մի մասը, իսկ վարսավիրանոցներն ու մի շարք այլ ծառայություններ հասանելի կդառնան ապրիլի վերջից: Տասն օրից Նորվեգիայում նաև բաց կլինեն ճանապարհները դեպի լեռներ:

Չեխիայում կրկին կարող են թենիս խաղալ և հեծանիվ գնել

Չեխիա - Հեծանվորդ Պրահայում, արխիվ
Չեխիա - Հեծանվորդ Պրահայում, արխիվ

Եվրամիության անդամ այս երկիրն առաջիններից է կոշտ սահմանափակումներ մտցրել, և շուրջ մեկ ամիս անց` արդեն երեկվանից, կառավարությունը թույլատրել է բացօթյա տարածքում առանց դիմակի զբաղվել որոշ մարզաձևերով՝ թենիս, գոլֆ, վազք: Իսկ վաղվանից էլ կվերաբացվեն առաջին ոչ մթերային խանութները, որոնք վաճառում են, մասնավորապես, տան, այգու համար նախատեսված ապրանքներ, ինչպես նաև հեծանիվներ:

Գերմանիա. գիշերային հավաքույթներն ու ժողովրդական տոնախմբությունները կթույլատրվեն ամենավերջինը

Գերմանիա - Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները, մարտ, 2020թ.
Գերմանիա - Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները, մարտ, 2020թ.

Գերմանիայում նույնպես պատրաստվում են խանութների և ռեստորանների վերաբացմանը: Կարանտինային միջոցառումների թուլացման փաթեթը կներկայացվի առաջիկա օրերին, սակայն մինչ այդ էլ այդ երկրում՝ ի տարբերություն, օրինակ, Ավստրիայի, տեղաշարժման ռեժիմը շատ ավելի մեղմ է: Գերմանիայի բնակիչները կարող են դուրս գալ տնից, սակայն փողոցում գտնվել առավելագույնը երկու հոգով, կամ բացառապես ընտանիքի անդամների հետ:

Սահմանափակումները թուլացնող փաթեթը, ըստ Reuters լրատվական գործակալության, առաջին փուլում նախատեսում է խանութների, ռեստորանների և դպրոցնների վերաբացում, բայց առանձին շրջաններում՝ հակահամաճարակային խիստ վերահսկողությամբ, սահմանափակ թվով այցելուների պայմանով:

Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումներին և ընտանեկան հանդիսություններին, մոտ ապագայում այդպիսիք Գերմանիայում դժվար թե հնարավոր լինեն: Կառավարությունը զգուշացրել է՝ գիշերային հավաքույթներն ու ժողովրդական տոնակատարությունները թույլատրելը կլինի ամենավերջին որոշումը:

Դիմակները կդառնան պարտադիր

Չեխիա - Պաշտպանիչ դիմակով երիտասարդ կին Պրահայում, մարտ, 2020թ.
Չեխիա - Պաշտպանիչ դիմակով երիտասարդ կին Պրահայում, մարտ, 2020թ.

Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, հետևելով Ավստրիայի և Չեխիայի օրինակին, պատրաստվում են պարտադիր դարձնել դիմակների կրումը հանրային տրանսպորտում, գրասենյակներում:

Շաբաթներ առաջ դիմակների արդյունավետությունը հերքող մի շարք երկրների առաջնորդներ այժմ միանգամայն հակառակն են պնդում՝ ընդհուպ հորդորում ցանկացած կտորով դեմքը փակել, միայն թե փակել՝ վարակի տարածումն ինչ-որ չափով կանխելու նպատակով: Դիմակները, որոք այս օրերին մեծ պահանջարկ ունեն և հիմնականում բնակիչների կողմից ինքնուրույն են պատրաստված, ստացել են «քաղաքացիական դիմակ» անվանումը:

XS
SM
MD
LG