Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցել է 82 հազարը, բուժվել է շուրջ 300 հազար մարդ


Ֆրանսիա - Փարիզի՝ երբեմնի մարդաշատ զբոսաշրջային վայրերը դատարկ են, մարտ, 2020թ.
Ֆրանսիա - Փարիզի՝ երբեմնի մարդաշատ զբոսաշրջային վայրերը դատարկ են, մարտ, 2020թ.

Աշխարհում նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է մեկուկես միլիոնին, հիվանդության զոհերի թիվն անցել է 82 հազարը, բուժվել է շուրջ 300 հազար մարդ:

ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում անցած մեկ օրում գրանցվել են նոր հակառեկորդներ՝ մահացել է համապատասխանաբար 1970, 1417 և 786 մարդ:

Փարիզում կարանտինը խստացվել է՝ հիմա առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 7-ը փողոցում սպորտով զբաղվել չի կարելի:

ԱՄՆ նախագահը քննադատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, թե այն չափազանց մեծ ուշադրություն է դարձրել Չինաստանին և ամենևին չի հոգացել Միացյալ Նահանգների մասին, հիմնականում «որի հաշվին», ըստ Դոնալդ Թրամփի, գոյություն ունի:

Իտալիայում և Իսպանիայում իշխանությունները զգուշավոր հույս են հայտնում, որ համաճարակը գագաթնակետին է հասել:

Եվրամիությունը քննարկում է առավել տուժած երկրներին տնտեսական աջակցության միջոցները:

Հունվարից ի վեր առաջին անգամ երեկ Չինաստանում կորոնավիրուսից մահ չի գրանցվել: Այսօր Ուհան քաղաքը, որտեղ սկսվել է համաճարակը, բացվել է:

Ռուսաստանում գրանցվել է Covid-19-ի նոր դեպքերի թվի ռեկորդային աճ` վերջին մեկ օրում 1154 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը մոտ 7,5 հազար է: 58 մարդ մահացել է, մոտ 500-ը՝ առողջացել: Առողջապահության նախկին նախարար Վերոնիկա Սկվորցովան կարծում է, որ Ռուսաստանում համաճարակը գագաթնակետին կհասնի ապրիլի երկրորդ կեսին: Նախագահ Վլադիմիր Պուտինը բժիշկների հետ հեռավար խորհրդակցություն է կազմակերպել՝ փորձելով պարզել, թե կարելի՞ է արդյոք կրճատել կարանտինը և գոնե ապրիլի երկրորդ կեսը աշխատանքային հայտարարել:

XS
SM
MD
LG