Մատչելիության հղումներ

Գերմանիայում պանդեմիայի դեմ պայքարի հարցում կա համակարգված դաշնային քաղաքականություն. դեսպան


Գերմանիայում այլ երկրների համեմատությամբ կորոնավիրուսից մահացությունը ցածր է: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Աշոտ Սմբատյան. – Նախ կա ընդհանուր համակարգված քաղաքականություն դաշնային Առողջապահության նախարարության կողմից՝ չնայած նրան, որ, գիտեք, Գերմանիան ունի 16 երկրամասեր, և երկրամասերը բավականաչափ ուրույն են իրենց առողջապահական քաղաքականությունը վարելու մեջ: Այդուհանդերձ, այս պանդեմիայի դեմ պայքարի հարցում կա համակարգված քաղաքականություն, այն վարվում է դաշնության կողմից, դրանից զատ՝ Առողջապահության նախարարությանը խորհրդատվական սկզբունքով աջակցում է «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը, որը միաժամանակ կից է Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկային, և այս սկզբունքով «Շարիտե» համալսարանական կլինիկան բեռլինյան համակարգում է նաև Գերմանիայի մնացյալ բոլոր համալսարանական կլինիկաների աշխատանքը:

Դրանից զատ, իհարկե, թեստավորման թվերն են շատ բարձր: Այստեղ ասել համատարած՝ իհարկե, այդպես չէ, որովհետև այս պահին Գերմանիայում, ինչպես գիտեք, վարակվածների ընդհանուր թիվը 97 հազար 74 է, և թեստավորումը, ըստ ուրբաթ օրվա տվյալների, մեկ շաբաթ առաջ Գերմանիայում ունեին հնարավորություն թեստավորելու մեկ շաբաթվա ընթացքում 100 հազար մարդու, վերջին՝ ուրբաթ օրվա տվյալներով նրանց հնարավորությունները հասել են մեկ շաբաթվա մեջ 400 հազար մարդու թեստավորելու: Բայց դա դեռ չի նշանակում, որ 400 հազար մարդ թեստավորեն:

Այդքանով հանդերձ, ինչ վերաբերում է մահվան դեպքերի ցածր լինելուն՝ այս պահի դրությամբ 1478 մահվան դեպք է եղել և ապաքինվածների 26 հազար դեպք:

Ի դեպ, ինչ վերաբերում է ապաքինվածներին, անգամ շատ հաճախ և մամուլում է հայտնվում, և նաև բժշկական շրջանակներում խոսվում է, որ իբրև գերմանական կողմը նույնպես կողմնակից է այն պնդմանը, որ ապաքինված հիվանդները կամ ապաքինվածներն արդեն այնչափ իմունիտետ ունեն այդ վարակի դեմ, որ նորից նրանք չեն վարակվի այլևս: Սակայն հինգշաբթի օրը «Ռոբերտ Կոխ» ինստիտուտի տնօրենը, ինչպես նաև «Շարիտե» համալսարանական կլինիկայի վարակաբանության բաժնի ղեկավարը հատուկ ընդգծեցին, որ այդ փաստը նրանք դեռ չեն կարող պնդել և այդ մոտեցման կողմնակից չեն: Հետևաբար, նրանք շարունակում են ապաքինվածներին նույնպես հնարավորինս դեռ, որքան հնարավոր է իհարկե, հասարակությունից հեռու պահել, որպեսզի նրանք լիովին, այսպես ասած, կազդուրված համարվեն:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 5-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG