Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ Թանկացումների դեմ քայլեր են ձեռնարկվում


Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում հացի թանկացում չի եղել։ Այսուհանդերձ, որոշ ապրանքների գներ բարձրացել են, ինչն անհանգստացնում է Կառավարությանը։ Ձեռնարկվում են թանկացումների դեմ քայլեր։

«Բայց ուզում եմ ասել նաև, որ էդ թանկացումների մի մասը կարող է կապված լինել, օրինակ, արտարժութային տատանումների հետ, և այս ռիսկը կառավարելու համար Կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումները թվագրում ենք, առաջին միջոցառման շրջանակներում մենք ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկեր», - հավելեց Փաշինյանը։

Այսօր ավելի վաղ Տնտեսական մրցակցւթյան պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը «Ազատության» ուղիղ եթերում չէր հերքել, որ վերջին օրերին արձանագրվել է հացի թանկացում, ինչը պայմանավորված է ալյուրի կամ ցորենի գների բարձրացմամբ։ Նրա փոխանցմամբ, վերջին երկու ամսվա ընթացքում մեկ կիլոգրամ ալյուրը մոտ 10 դրամով թանկացել է։

Ըստ Գևորգյանի, հացի, ինչպես նաև որոշ այլ ապրանքատեսակների թանկացման պատճառներից է նաև ամերիկյան դոլարի արժեվորումը․ - «Ձեռք բերվող ապրանքները հիմնականում կամ դոլարով է լինում, որոշ դեպքերում հնարավոր է նաև ռուսական ռուբլով լինի։ Սակայն գերակշիռ մասը դոլարով է լինում։ Դա նշանակում է, որ դոլարի թանկացումը ուղիղ ազդեցություն է ունենալու նաև ներմուծվող ապրանքի գնի վրա»։

Գևորգյանն այսօր նաև տեղեկացրեց, որ դեռ մինչև կորոնավիրուսի համաճարակը ցորենի ու ալյուրի շուկան ուսումնասիրելու արդյունքում հարուցված էր վարույթ։

Մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկում այսօր արձանագրեցինք, որ ալյուրը թանկացել է 20 դրամով, մեկ կիոլգրամը վաճառվում է 250 դրամով։ Այդուհանդերձ այստեղ վստահեցրին, որ հացը չի թանկացել։

Գեղամ Գևորգյանն այսօր թվարկեց թանկացած ապրանքատեսակները․ - «Շաքարավազը թանկացել է կիլոգրամի հաշվարկով 14 դրամ, կարագը թանկացել է 100 դրամ, ձեթը թանկացել է 40 դրամ»։

Սուպերմարկետներում դեռևս ոչ բոլոր թանկացումներն են նկատելի։

Խոսվում է նաև ցիտրուսային մրգերի թանկացման մասին։ Գևորգյանն ասաց, որ իրենց տեղեկություններով, գինը բարձրացնում են ներկրողներից միրգը խանութներ հասցնող միջնորդները։

«Ազատության» հետ զրույցներում խանութների հաճախորդներից մի մասն ասաց, թե թանկացումներ չի նկատել, մյուս մասը պնդեց, որ շատ մթերքներ թանկացել են։

Իսկ մի խանութում վստահեցրին, որ հացը իրենց մոտ չի թանկացել և չի էլ թանկանա։

XS
SM
MD
LG