Արցախում առավոտյան մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: «Ազատության» հետ զրույցում թեկնածուների ու քաղաքական ուժերի վստահված անձինք, ինչպես նաև ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահներն ասում են` ակտիվ մասնակցություն է: Նաև նշում են, որ կորոնավիրուսի կանխարգելման համար անհրաժեշտ բոլոր միջոցները կիրառում են:
«Ազատ հայրենիք» կուսակցության վստահված անձը նկատում է. - «Շատ նորմալ է ընթանում, կարգուկանոնով, ցանկացած քաղաքացի ստանում է իր ձեռնոցները, դիմակները, յուրաքանչյուր քաղաքացու մի հատ գրիչ է տրամադրվում»:
Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի վստահված անձ Հովհաննես Իշխանյանի խոսքով. «Չէինք մտածում, ճիշտն ասած, որ ժողովուրդը սենց միանգամից առավոտ բարլուսով կհավաքվեն այստեղ, բայց դեռ ամեն ինչ լավ է»:
Թիվ 1/4-րդ ընտարատարածքի նախագահ Սամվել Եվրիյանն էլ հավելում է. - «Ընտրությունները շատ նորմալ են անցնում, քիչ առաջ քվեարկեցին 50 զինվորականներ զորամասից` հերթով-շարքով, հետո քաղաքացիները: Այս պահի դրությամբ շատ նորմալ անցնում է, շատ գեղեցիկ ու շատ ակտիվ»:
«Ազատության» դիտարկմանը, որ ընտրողները կուտակված են տեղամասի մոտ, նա արձագանքում է. - «Հազար անգամ կրկնում ենք, որ չկուտակվեն, բայց մեր ժողովուրդը սիրում է չէ՞ առաջ գալ, գիտեն, թե եսիմ ինչի հերթ է, բայց այնուամենայնիվ հեռու են մնում: Ներսում մեկ-մեկ են թողնում, ներսը մեկ-երկու հոգի ենք թողնում»:
1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանն էլ վստահեցնում է. - «Շատ ակտիվ մասնակցություն է, ժամը 8-ից հերթ կանգնած ժողովուրդը մասնակցում են, ոչ մի անգամ այսպիսի ընտրություններ չեն եղել»:
Այստեղ ևս հերթ կար, ինչի մասին նա նշում է. - «Հերթը այնքան շատ է, ինչքան մարդ, այնքան բնավորություն, իհարկե, ասում ենք` հեռու կանգնեք իրարից, առողջապահական հիգիենան պահպանեցեք, բայց մարդիկ իրենց բնավորության համաձայն ուզում են շուտ ձայն տալ և գնալ այստեղից, դրա համար հերթեր են կուտակվում»:
Ինչ վերաբերում է համավարակի կանխարգելման համար պաշտպանությանը, նա նկատում է. ճ «Ճիշտն ասած` միջոցներ ենք ձեռնարկում, ոստիկանությունը կանգնած արդեն մեկ-մեկ, երկու-երկու մարդ է ներս թողնում, բայց բոլոր դեպքերում էլի շատ են: Ձեռնոցներ դիմակները, ալկոգել, ամեն ինչ ունենք»:
Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովի 33 մանդատների համար մրցում են 12 քաղաքական ուժեր: Ըստ Արցախի ոստիկանության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 663, որոնցից 776-ը կքվեարկեն Երևանում ձևավորված ընտրական տեղամասում:
Ընդհանուր առմամբ կազմավորվել է 282 ընտրատեղամաս, ներառյալ մեկը` Երևանում:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը հայտարարություն է տարածել Արցախում անցկացվող ընտրությունների կապակցությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:
«Եվրամիությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը», - հայտարարել է կառույցի խոսնակը՝ հավելելով. - «Այս քվեարկությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի արդյունքների վրա»:
Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն էլ միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։ Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդներ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ևս քննադատել են ընտրությունները։