Մատչելիության հղումներ

Հայկ Խանումյանը դեմ չէ, որ Արցախում ընտրությունները հետաձգվեն


«Դեմ չենք արտակարգ իրավիճակի հայտարարմանը և որպես դրա հետևանք` ընտրությունները չեղարկելուն կամ հետաձգելուն», - «Ազատություն» հետ զրույցում հայտարարեց Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

«Ազատություն». – Վերջին օրերին Հայաստանում, Ֆեյսբուքի հայկական հատվածում շատ է քննարկվում, թե արդյոք անհրաժեշտ չէ՞ հետաձգել ընտրությունները Արցախում կապված կորոնավիրուսի հետ, ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ եք մտածում:

Խանումյան. – Կարծում եմ՝ արդարացի մտահոգություններ են և բնականաբար, ռիսկ կա վարակվելու: Բնականաբար, ինչքան մասսայական միջոցառումները քիչ լինեն, այնտեղ ռիսկ ավելի քիչ կլինի: Ես հրապարակային արտահայտվել եմ՝ մենք դեմ չենք արտակարգ իրավիճակի հայտարարմանը և որպես դրա հետևանք՝ ընտրությունները չեղարկելուն կամ հետաձգելուն:

«Ազատություն». – Եթե ընտրությունները չեղարկվեն, Դուք մասնակցելո՞ւ եք:

Խանումյան. – Իհարկե:

«Ազատություն». – Քարոզարշավն, ըստ էության, արատվեց, եթե փորձեք ի մի բերել՝ ինչ են մտածում արցախցիները, ինչ են սպասում թեկնածուներից, ինչ են պահանջում, ի՞նչ կարող եք ասել:

Խանումյան. – Սպասում են իրական փոփոխություններ: Իրականում բոլորը դժգոհ են տարիներ ի վեր վարվող քաղաքականությունից, բոլորը դժգոհ են հնարավորությունների սահմանափակումներից, որ տարիներ շարունակ եղել են, բոլորը դժգոհ են անարդարության մթնոլորտից, և բոլորն էլ հասկանում են, որ ռեսուրսների և իշխանության գերկենտրոնացումն է բերել այս վիճակին: Բոլորն էլ հասկանում են, որ այդ իշխանությունը և ռեսուրսները կենտրոնացրած անձինք այդ ամեն ինչը՝ իշխանությունը և ռեսուրսները օգատգործել են իրենց անձնական շահերի և մի նեղ շրջանակի սպասարկելու համար: Սակայն սպասումները՝ դրա արձագանքն ինչպիսին կլինի, դժվար է ասել, որովհետև շատերը լուծումը տեսնում են հենց այդ իշխանության ներսում՝ ուրիշ դեմքերի տեսքով: Մեր առաջարկած մոտեցումները համակարգային են, մենք մեխանիզմներ ու համակարգեր ենք առաջարկում և կոչ ենք անում ուղղակի այս նույն անձանց չփոխել այլ անձանցով, այլ ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կարող են պատասխանել այդ մարտահրավերներին: Ընդ որում՝ եթե մեր տնտեսական ծրագրին հետևած լինեք, կտեսնեք, որ դա հիմնականում ուղղված է այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներին, ինչպիսին նոր կորոնավիրուսն է, ինչպիսին էր ապրիլյան պատերազմը, ինչպես անենք, որ մեր տնտեսությունը կարողանա պատրաստ լինի նման մարտահրավերներին պատասխանելու:

«Ազատություն». – Դուք պատրա՞ստ եք մաս կազմել կոալիցիոն կառավարության:

Խանումյան. – Ոչ, ամեն դեպքում մենք մնալու ենք ընդդիմություն, եթե իշխանություն չկազմենք, այսինքն՝ եթե չհաղթենք ընտրություններում, մենք մնալու ենք ընդդիմություն, անկախ նրանից՝ ով կլինի իշխանություն: Խնդիրն այն է, թե ով կլինի իշխանություն և ինչպիսի ընդդիմություն կլինենք նրանց:

«Ազատություն». – Եթե հաղթեք ընտրություններում, Ձեր գլխավորած վարչակազմում գործող իշխանության ներկայացուցիչների հատկապես միջին օղակներից մարդիկ լինելո՞ւ են:

Խանումյան. – Քաղաքական դեմքերի կամ քաղաքական պատասխանատվություն ունեցող անձանց մասնակցությունը բացառում եմ, սակայն այսօր գոյություն ունեցող Արցախի բյուրոկրատիան հենց կլինի այդ գործադիր իշխանության հիմքը: Այսօր միջին օղակներում բավական պատրաստված կադրեր կան, բավականին հմուտ և զարգացած բյուրոկրատներ կան՝ գիտելիքների և փորձառության առումով, որոնց վրա էլ հենվելու ենք: Այն ցուցակը, որ ունենք Ազգային ժողովի թեկնածուների, դա միայն Ազգային ժողովի թեկնածումների ցուցակն է, այսինքն այդ մարդիկ միայն պատգամավորներ են դառնալու, Ազգային ժողովում են տեղեր զբաղեցնելու: Մենք պատկերացնում ենք ապագա կառավարությունը ոչ քաղաքական, այսինքն՝ ոչ թե կազմված մարդկանցից, ովքեր մեզ լոյալ են կամ մեր քաղաքական ուժի կողմնակիցն են, այլ ովքեր պրոֆեսիոնալ են:

«Ազատություն». – Եթե հաղթանակ տանեք ընտրություններում, որոնք են լինելու Ձեր առաջին երեք քայլերը:

Խանումյան. – Առաջին երեք քայլերը՝ բյուջեի վերանայում, երկրորդը՝ հակաճգնաժամային ծրագրերի կազմում, որովհետև առաջիկայում լուրջ խնդիր ենք ունենալու տնտեսության հետ՝ սեփական եկամուտների անկում է տեղի ունենալու և այլն:

«Ազատություն». - Ինչո՞ւ եք այդպես կարծում:

Խանումյան. – Որովհետև մեր սեփական եկամուտների մի զգալի մաս գալիս է հանքահումքային ոլորտից, մասնավորապես, պղնձի հումքի արդյունահանումից, արտահանումից, և դրա գները շեշտակի անկում են ապրել նոր կորոնավիրուսով պայմանավորված: Բնականաբար, սա հարվածելու է նաև տնտեսության մյուս ճյուղերին: Առաջնային հարցը պետք է լինի հակաճգնաժամային քայլեր ձեռնարկելը այս պարագայում, ինչը մենք տեսնում ենք առավելապես նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ, որպեսզի ավելի շատ հնարավորություններ տանք հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվողներին և գյուղատնտեսության ոլորտի ձեռնարկություններին: Փորձելու ենք կարևորել կամ երաշխավորել գյուղատնտեսական արտադրանքի սպառման շուկաների հասանելիությունը և հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների և հատկապես վերամշակվող ձեռնարկությունների զարգացման ուղղությամբ լուրջ գումարներ ներդնել կամ ներարկել տնտեսության մեջ:

Հարցազրույց ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG