Մատչելիության հղումներ

Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում շնորհավորեց Արցախի ժողովրդին տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրությունների առիթով:

«Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները»,- նկատել է վարչապետը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու, պայքարելու են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 49,2 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:

«Բավական խոսուն է նաև նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը, և բավական խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր»,- հավելել է Փաշինյանը,- «Եվ ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման տեսակետից»:

Նախագահ Արմեն Սարգսյանը ևս ուղերձ էր հղել այս մասին` նշելով, որ «համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում անցկացված ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու, ասված է Հայաստանի նախագահի ուղերձում»:

XS
SM
MD
LG