Մատչելիության հղումներ

Covid 19. ինչ դասեր քաղել Չինաստանի փորձից


Չինաստան-Մեկուսացված քաղաքացիները գտնվում հիվանդանոցի վերածված ցուցասրահում, 5 փետրվարի, 2020թ.
Չինաստան-Մեկուսացված քաղաքացիները գտնվում հիվանդանոցի վերածված ցուցասրահում, 5 փետրվարի, 2020թ.

Իտալիայում արդեն մոտ մեկ շաբաթ է` նոր կորոնավիրուսի պատճառով 60 միլիոն մարդ գտնվում է կարանտինի տակ, 15 հազարից ավելին հիվանդացել են, մահացել` ավելի քան հազարը: Հարավային Կորեայում, ուր հիվանդության տարածումը սկսել էր Իտալիայի հետ մեկտեղ` հունվարի վերջին, կարանտինի տակ է միայն մի քանի հազար մարդ, ավելի քան 10 անգամ քիչ է նաև մահացության ցուցանիշը:

Իտալական վիճակագրությունը մտահոգիչ պատկեր է արձանագրում նաև Չինաստանի համեմատությամբ, որը դարձել էր նոր հիվանդության առաջին զոհը: Անցած տարեվերջից մինչ օրս այդ երկրում հիվանդացել է 80 հազար մարդ, մահացել` մոտ 3 հազարը` 4 տոկոսը: Իտալիայում, մինչդեռ, հիվանդների թիվը թեև մոտ 5 անգամ քիչ է, սակայն ավելի մեծ է մահացության ցուցանիշը` ավելի քան 6 տոկոս:

Փորձագետները փաստում են` թեև համաճարակաբանության մեջ թվերի ուղիղ համեմատությունն այնքան էլ ճիշտ չէ, այդուամենայնիվ, սրանք կարող են տալ որոշ հարցերի պատասխաններ:

Ուրեմն, ո՞րն է Չինաստանի ու Հարավային Կորեայի ռազմավարությունը, ինչպե՞ս են նրանք հաջողել, և որտե՞ղ են Իտալիայի սխալները

Նախ` արագ արձագանքում և զանգվածային ստուգումներ` պարտադիր թեստերից մինչև համակարգչային տոմոգրաֆիա:

Բռնկման առաջին օրերին համաճարակի օջախներում` Չինաստանի Վուհան և Հուբեյ նահանգներում, մեկ օրում գրանցվում էր վարակման 3 հազար նոր դեպք, մեկ ամիս անց այդ թիվը հասավ 200-ի: Ինչպե՞ս...

«Պեկինը ագրեսիվ ու սահմանափակող միջոցառումներ սկսեց համաճարակի հենց սկզբում, նախ մեկուսացվեցին այդ նահանգները, հետո սկսվեցին լայնատարած ստուգումներ: Կառավարության առաջին խնդիրն էր գտնել և մեկուսացնել վարակի աղբյուրները», - պատմում է Բրյուս Էկվարդը, ով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գործուղվել էր Չինաստան` տեղական փորձն ուսումնասիրելու:

«Հաստատված դեպքերը հայտնաբերելուց հետո սկսվում էր ակտիվ որոնողական գործընթաց` հիվանդների հետ շփված մարդկանց պարզելու համար», - պատմում է փորձագետը:

«Արագությունն այս հարցում ամենակարևոր գործոններից մեկն է», - իր հերթին փաստում է Հոնկոնգի համալսարանի համաճարակաբանության դեպարտամենտի ղեկավար Յեն Կվոկ Յանգը. - «Առանց մարդկանց մեկուսացնելու և սահմանափակումներ մտցնելու, չեմ կարծում, թե հնարավոր կլիներ իրավիճակն առնել վերահսկողության տակ: Ամենակարևոր բանն այս հարցում արագությունն է: Անհրաժեշտ է գործել առանց ժամանակ կորցնելու, հակառակ դեպքում վարակը կտարածվի, իսկ երբ տարածվում է, դեմն առնելն արդեն շատ բարդ է»:

Չինաստանում չէին սպասում, որ հնարավոր հիվանդները իրենց ոտքով գան թեստավորման. համաճարակի օջախներում իշխանությունները ստեղծել էին այսպես ասած ջերմությունը չափող հատուկ կենտրոններ, որտեղ բոլորն էին զննության ենթարկվում, ոստիկաններն անգամ փողոցներում կանգնեցնում էին պատահական մեքենաներն ու ստուգում: Բարձր ջերմություն ունեցողները միանգամից թոքի համակարգչային տոմոգրաֆիա էին անցնում, և եթե վիրուսը հաստատվում էր, այլևս տուն չէին վերադառնում: Նրանք, որ ավելի թեթև ախտանիշներ ունեին, բուժումը ստանում էին գիմնազիաներում, մարզադաշտերում և այլ կառույցներում ստեղծված մեկուսարաններում, հիվանդանոց էին տեղափոխվում միայն ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդները:

«Ձեռնարկվել էին ամենախիստ միջոցները երկրի պատմության մեջ. տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթներով զրկված էին իրենց հիվանդ հարազատներին տեսնելու հնարավորությունից, միլիոնավոր չինացիներ ավելի քան մեկ ամիս հարկադրված էին մնալ չորս պատերի մեջ»,- տեղից վերադառնալով պատմում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիտորդական խմբի ղեկավար Բրյուս Էկվարդը` դրվատելով չինացիների ինքնատիրապետման ու ինքնակազմակերպման բարձր մակարդակը:

«Վուհանում ու Հուբեյում մարդիկ իրենց պահում էին ասես պատերազմի առաջնագծում` հասկանալով` իրենց պարտքն է ամեն ինչ անել, որ վիրուսը չկարողանա ներթափանցել երկրի այլ շրջաններ», - ասում է նա` հավելելով.

«Չինաստանում հասարակության ֆենոմենալ համախմբվածությունն ու համագործակցությունն ակնհայտ էր: Շատ դժվար է յուրաքանչյուր քաղաքացու մակարդակով հասնել այն գիտակցությանը, որ այս վիրուսի դեմ պայքարը ամեն մեկիս անձնական պարտավորությունն է, հանձնառությունն ու պարտքը»:

Չինաստանում լայնորեն կիրառվել է նաև հեռակա` online բժշկական խորհդատվությունների համակարգը, որպեսզի այլ հիվանդությամբ տառապողները ստիպված չլինեն վտանգել իրենց կյանքն ու տնից դուրս գալ` բժշիշկները հազարավորներին հեռախոսով կամ նամակներով են փոխանցել խորհուրդներն ու դեղատոմսերը: Դպրոցներն անցել են հեռակա ուսուցման, շուրջ մեկ ամիս կառավարությունը դեղերի ու սննդի փաթեթներ է ուղարկել նրանց, որ արգելափակված էին սեփական տանը:

Հարավային Կորեայում տեխնոլոգիական վերջին նորամուծություններն էին գործի դրել` հնարավոր վարակակիրներին գտնելու և մեկուսացնելու համար: Ընդունվել էր հատուկ օրենք, որը իրավունք է տալիս իշխանություններին հանրային տարածքներում տեղադրված տեսախցիկների օգնությամբ հետևել քաղաքացիներին, արբանյակային տեղորոշիչներով պարզել նրանց տեղաշարժը, բանկային քարտերի փոխանցումների միջոցով` շփման հնարավոր շրջանակը: Արդյունքում հայտնաբերվում և պարտադիր թեստավորում էին անցնում ոչ միայն կասկածյալները, այլև նրանց բոլոր հարազատներն ու ընկերները:

«Այս օրերին աշխարհով մեկ նույն հարցն է հնչում` Աստված, ի՞նչ կարող ենք անել. Չինաստանի և Հարավային Կորեայի փորձը ցույց է տալիս` վիրուսի տարածման տեմպը հնարավոր է նվազեցնել, իրավիճակն էլ առնել վերահսկողության տակ, երբ անօգուտ քննարկումների փոխարեն քշտում ես թևերդ ու անցնում համակարգված ու կազմակերպված աշխատանքի` հիվանդներին հայտնաբերելու, նրանց հետ շփվածներին բացահայտելու և մեկուսացնելու ուղղությամբ», - ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խմբի ղեկավար Բրյուս Էկվարդը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG