Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի օջախներն այժմ տեղափոխվել են Հարավային Կորեա, Իտալիա և Իրան


Անցած տարեվերջից սկսված նոր կորոնավիրուսի օջախներն այժմ տեղափոխվել են Հարավային Կորեա, Իտալիա և Իրան: Չինաստանում, որտեղից վարակը սկիզբ էր առել անցած դեկտեմբերին, այսօր հիվանդացության 44 նոր դեպք է գրանցվել:

Նոր դեպքերի սանդղակում առաջինն այժմ Իրանն է, որտեղ վերջին մեկ օրում հայտնաբերվել է 595 նոր հիվանդ, 43-ը մահացել են, ավելի քան 4500-ը շարունակում են բուժվել:

Մահացության թվով Չինաստանից հետո երկրորդ երկիրը Իտալիան է՝ միայն երեկ նոր վիրուսն այստեղ 133 մարդու կյանք է խլել:

Հիվանդության տարածումը կանխելու համար կառավարությունը ընդարձակել է կարանտինը՝ սահմանափակումներ մտցնելով ոչ միայն Միլանում, Վենետիկում, այլև երկրի հյուսիսային ևս 14 շրջաններում: Փաստացի Իտալիայում առնվազն 16 միլիոն մարդ այս պահին զրկված է տեղաշարժի իրավունքից:

«Մենք ապրում ենք մեր պատմության ամենադժվարին պահերից մեկը», - հայտարարել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն՝ կրկնելով Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերը՝ սա ամենամութ կետն է, բայց մենք այն կհաղթահարենք:

Այսուհետ ելումուտը կարանտինի մեջ գտնվող շրջաններ արգելվում է, և նույնիսկ այդ բնակավայրերում խորհուրդ է տրվում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտ դեպքերում: Սրճարաններն ու ռեստորանները կարող են բաց լինել, եթե սեփականատերերը երաշխավորեն, որ հյուրերը կարող են նստել միմյանցից բավարար հեռավորության վրա:

Իտալական ընդդիմությունը, սակայն, ձեռնարկված քայլերը բավարար չի համարում: Ծայրահեղ աջակողմյան կուսակցության՝ Հյուսիսի Լիգայի առաջնորդ Մաթեո Սալվինին պահանջում է սահմանափակումները տարածել երկրով մեկ:

«Իրավիճակը փրկելու համար անհրաժեշտ են անհապաղ միջոցներ ոչ միայն Իտալիայի կառավարության, այլև Եվրամիության կողմից», - գրել է ընդդիմադիր առաջնորդը Ֆեյսբուքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կտրուկ սրվել է իրավիճակը նաև Իսպանիայում, հիվանդացության դեպքերը մեկ օրում կրկնապատկվել են՝ 202-ից հասնելով 469-ի: Դեպքերի մեծ մասը մայրաքաղաք Մադրիդում են և երկրի հյուսիսում: Կառավարությունը հայտարարել է, թե պատրաստվում է այսօր հատուկ նիստ անցկացնել հնարավոր սահմանափակումների հարցով:

Նույն օրակարգով վաղն արդեն հանդիպում կանցկացնեն նաև Եվրամիության անդամ բոլոր երկրների առաջնորդները, բայց՝ տեսակոնֆերանսի միջոցով։

«Կոչ եմ անում շտապ քայլեր ձեռնարկել առողջապահության, հետազոտությունների ու տնտեսության ոլորտում մեր ջանքերը համակարգելու ուղղությամբ», - ժողովից առաջ Թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Առողջապահության Համաշխարհաին կազմակերպության տվյալներով, մտահոգության կենտրոնում է նաև Հարավային Կորեան, որը երկրորդն է Չինաստանից հետո արդեն իսկ հայտնաբերված հիվանդների թվով. այս պահին երկրում բուժվում է շուրջ 7300 մարդ, ապաքինվել են 166-ը, զոհվել՝ 53-ը: Պաշտոնյաները միաժամանակ փաստում են, որ երկու շաբաթվա ընթացքում ակտիվորեն տարածվող վիրուսը սկսել է մի փոքր նահանջել։

«Ձեռնարկված կանխարգելիչ քայլերը արդյունք են տալիս», - հայտարարել է նախագահ Մուն Ջեինը՝ միաժամանակ ընդգծելով, որ առայժմ շատ վաղ է խոսել վիրուսի դեմ հաղթանակի մասին:

Հյուսիսային Կորեան, իր հերթին, տարհանել է օտարազգի մոտ վեց տասնյակ դիվանագետների։ Նրանք հատուկ չվերթով այսօր ժամանել են Ռուսաստան՝ Վլադիվոստոկ: Կոշտ սահմանափակումներով և խիստ գրաքննությամբ հայտնի երկրում, ըստ պաշտոնական աղբյուրների, կորոնավիրուսի որևէ դեպք առայժմ չի արձանագրվել։ Պետական լրատվամիջոցները, սակայն, հաղորդում են, որ հազարավոր մարդիկ գտնվում են կարանտինի մեջ:

«Այս օրերին, երբ աշխարհի չորս ծայրերում մարդիկ մտածում են, թե երբ է վերականգնվելու բնականոն կյանքը, երբ են բացվելու սահմաններն ու վերականգնվելու չվերթները, Փհենյանում նման զգացողություն չունես, ընդամենը փողոցում ավելի հաճախ ես դիմակներով մարդկանց հանդիպում», - Թվիթերում գրել է երկրում հավատարմագրված գերմանացի դիվանագետներից մեկը:

Մեծ Բրիտանիան հատուկ վարչություն է ստեղծել ոչ թե բուն կորոնավիրուսի, այլ դրա շուրջ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար: Թե ովքեր են աշխատելու նոր կառույցում և ինչպես են պայքարելու, կառավարությունն առայժմ չի հստակեցնում: Մշակույթի հարցերով նախարարը միայն նշել է, որ իրենց գերակայությունն է հաղթահարել վերջին օրերին նկատվող «խուճապի և վախի մթնոլորտը», ինչի հետևանքով բրիտանական սուպերմարկետները անցած օրերին սկսել էին արագորեն դատարկվել: Միացյալ Թագավորությունում արձանագրված դեպքերն ավելացել են ևս երկուսով. վերջին տվյալներով, երկրում մոտ 280 հիվանդ կա:

Գերմանիան, որտեղ հիվանդացության շուրջ 1200 դեպք է գրանցվել, որոշվել է ֆուտբոլային հանդիպումներն անցկացնել առանց երկրպագուների, ինչն աննախադեպ է Բունդեսլիգայի պատմության մեջ։

Հռոմի պապը նախօրեին իր առավոտյան ավանդական պատարագն անցկացրել է մեկուսի՝ Վատիկանի իր առանձնասենյակում՝ կոչ անելով աղոթել բոլոր հիվանդների ու նրանց խնամողների առողջության համար:

Ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով, այս պահին աշխարհում կորոնավիրուսով հիվանդ է ավելի քան 105 հազար մարդ, 3900 մարդ մահացել է, ավելի քան 60 հազարը հաղթահարել են հիվանդությունը, 45 հազարը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG