Բրյուսելն ու Անկարան առաջիկա օրերին մեկ անգամ ևս մանրամասնորեն կանդրադառնան 2016-ին կնքված համաձայնագրին, որով Եվրամիությունը (ԵՄ) պարտավորվում էր Թուրքիային ֆինանսական օժանդակություն ցուցաբերել` փախստականների հոսքը դեպի ԵՄ պետություններ կանխելու դիմաց:
Կողմերը նման պայմանավորվածության հանգեցին նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի` Բրյուսել կատարած այցի ընթացքում:
«Այսօրվա մեր քննարկումների ընթացքում մենք ուրվագծեցինք խնդիրների այն շրջանակը, որոնց պետք է անդրադառնանք առաջիկայում` առաջնորդվելով թե ԵՄ և թե Թուրքիայի շահերով: Բնական է, որ բազմաթիվ խնդիրներ շաղկապվում են 2016 թվականի համաձայնագրի հետ, որը շարունակում է ուժի մեջ մնալ: Մենք հստակորեն ասել ենք նախագահ Էրդողանին, որ պատրաստ ենք առաջընթաց ապահովել այս խնդիրների լուծման ուղղությամբ` հաշվի առնելով, որ դա փոխադարձ բնույթ է կրելու», - բանակցությունների ավարտին նշում էր ԵՄ գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լայենը:
Եվրամիության ղեկավարներից ևս մեկը` Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, ամփոփելով Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները, հիշեցնում էր, որ Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մի զգալի մասը վերաբերում էր հարցի ֆինանսական կողմին:
«Մենք հնարավորություն ունեցել ենք ցույց տալու, թե ինչպես է ԵՄ-ն կատարում իր ստանձնած ֆինանսական պարտավորությունները: Խոսքը Թուրքիայի տարածքում գտնվող փախստականներին աջակցության նպատակով վեց միլիարդ եվրոյի հավաքագրման մեր խոստման մասին է», - հայտարարում էր Շարլ Միշելը:
Անկարայում, սակայն պնդում են, որ ԵՄ-ն իր այդ պարտավորությունը չի կատարել:
«Խոստացված 6 միլիարդի փոխարեն վերջին տարիներին հավաքագրվել է միայն 4 միլիարդ 700 միլիոնը, որից էլ ծախսվել է շուրջ 2 միլիարդը», - ասում են թուրքական իշխանությունները:
Financial Times պարբերականի տեղեկություններով, սակայն, ԵՄ և Անկարայի տարաձայնությունների գլխավոր պատճառը ոչ այնքան հավաքագրված գումարի չափն է, որքան ֆինանսական այդ միջոցների ծախսման ձևը:
Բրյուսելը հավաքագրված միլիարդները տրամադրում է փախստականների կարիքները հոգալուն ուղղված 100-ից ավելի ծրագրերը կյանքի կոչող մարդասիրական կազմակերպություններին: Անկարայում, սակայն, պնդում են, որ գումարը պետք է փոխանցվի ուղղակիորեն թուրքական կառավարությանը, որն էլ կորոշի, թե այդ միջոցներով փախստականների հատկապես որ կարիքներն է հարկավոր հոգալ:
Մինչդեռ ԵՄ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ չեն գնա այդ քայլին` հաշվի առնելով նախևառաջ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների ահագնացող վիճակագրությունը` հատկապես 2016-ի հուլիսյան անհաջող հեղաշրջումից հետո:
Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին էին հայտարարում նաև Էրդողանի և ԵՄ ղեկավարության բանակցություններին զուգահեռ Եվրահանձնաժողովի շենքի մոտ հավաքված մի քանի տասնյակ ցուցարարները:
«Մենք այստեղ ենք` թուրքեր, քրդեր, ալևիներ, հայեր, Էրդողանի մյուս ընդդիմախոսները, որպեսզի մեկ անգամ ևս խոսենք մարդու իրավունքների պաշտպանության մասին և լսելի դարձնենք այն մարդկանց ձայնը, որոնք այսօր Թուրքիայում բռնաճնշումների են ենթարկվում», - հայտարարում էր ցույցի մասնակիցներից մեկը` լրագրող Բահար Քիմյոնգուրը:
ԵՄ պաշտոնյաներից բացի, Էրդողանը երեկ երեկոյան տևական բանակցություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Հանդիպման հիմնական թեման Սիրիայում ստեղծված կացությունն էր:
«Թուրք-սիրիական սահմանը նաև ՆԱՏՕ-ի հարավարևելյան սահմանն է: Սիրայում ծագած ճգնաժամը սպառնալիք է թե մեր տարածաշրջանի և թե ողջ Եվրոպայի անվտանգության համար: Մենք Հյուսիսատլանտյան դաշինքի միակ երկիրն ենք, որ ուղղակի բախման մեջ ենք մտել «Իսլամական պետության» հետ` զոհեր տալով: Բացի այդ, մեր տարածքում են պատսպարվել 3 միլիոն 700 հազար փախստականները: Այդ իսկ պատճառով մենք՝ Թուրքիան, միայնակ վարվող այս պայքարում ակնկալում է բոլոր դաշնակիցների լիակատար աջակցությունը», - հայտարարում էր Էրդողանը: