Մատչելիության հղումներ

Պուտին - Էրդողան հանդիպումից հետո սիրիական Իդլիբում «հարաբերական անդորր» է


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համատեղ ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 6-ը մարտի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համատեղ ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 6-ը մարտի, 2020թ.

Սիրիայում իրավապաշտպաններն ու ակտիվիստները հայտնում են Իդլիբ նահանգում «հարաբերական անդորրի» մասին՝ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների կնքած հրադադարի կեսգիշերին ուժի մեջ մտնելուց հետո:

Իդլիբ քաղաքում բնակվող մի ակտիվիստ գերմանական DPA լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրավիճակը հանգիստ է եղել պատերազմից քարուքանդ եղած քաղաքի բոլոր ճակատներում:

Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրի շուրջ: Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունները տևել են գրեթե վեց ժամ:

Ընդունված փաստաթղթի համաձայն` մարտի 6-ից, ժամը 00: 01-ից Իդլիբում զինադադարի ռեժիմ է գործում:

Բացի այդ, Սիրիայի հյուսիսում կողմերը կստեղծեն 12-կիլոմետրանոց անվտանգության միջանցք, որտեղ մարտի 15-ից Ռուսաստանն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկություն իրականացնել:

Հուշագրում նշվում է նաև, որ Սիրիայում հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի հենց սիրիացիների կողմից ղեկավարվող ու իրականացվող քաղաքական գործընթացների արդյունքում:

Պուտինի խոսքով՝ Մոսկվան միշտ չէ, որ համաձայն է Անկարայի հետ այն գնահատականներում, թե ինչ է կատարվում Սիրիայում, բայց ամեն անգամ վճռորոշ պահերին կողմերին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ:

Էրդողանը հայտարարել է, որ կողմերը կաշխատեն փախստականներին տարածաշրջան վերադարձնելու ուղղությամբ: Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից հարձակման դեպքում Անկարան իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների:

XS
SM
MD
LG