Այսօր լրանում է Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթի «Բոինգ» օդանավի կործանման 5-րդ տարին:
Ուկրաինայի արևելքի անջատականները և Ռուսաստանը մինչ օրս համառորեն հերքում են իրենց առնչությունը տեղի ունեցածին, թեև հինգերորդ տարին շարունակվող հետաքննության ընթացքում հայտնաբերված ապացույցները հենց այդ կողմ են ուղղում սլաքները:
2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասում Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, զոհվեց 298 մարդ, որոնցից 195-ը՝ Նիդերլանդների քաղաքացիներ:
Դատավարությունը կմեկնարկի 2020 թվականի մարտի 9-ին՝ Հաագայի շրջանային դատարանում: Աղետը հետաքննում են Նիդերլանդների Անվտանգության հարցերով խորհուրդը և Միացյալ քննչական խումբը՝ Նիդերլանդների ղեկավարությամբ:
Քննչական խմբի վարկածի համաձայն՝ զենքը ներկրված է Ռուսաստանից: Հրթիռն արձակվել է Ուկրաինայի արևելքի անջատականների կողմից վերահսկվող տարածքից: Օդանավը խոցվել է Ռուսաստանում՝ Կուրսկում տեղակայված 53-րդ հակաօդային պաշտպանության բրիգադին պատկանող «Բուկ» համակարգից, որը աղետից բառացիորեն ժամեր անց վերադարձվել է Ռուսաստանի տարածք: Քննիչները որպես ապացույց վկայաբերում են բազմաթիվ ձայնագրություններ և տեսագրություններ:
«Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ի կործանումը համարվում է աշխարհի ամենաողբերգական ավիաաղետը, 10 խոշոր ավիավթարներից մեկը, խոշորագույնը՝ 21-րդ դարի ընթացքում և հետխորհրդային տարածքում:
МН17 չվերթի օդանավի կործանումը էականորեն ուժեղացրեց Ռուսաստանի նկատմամբ միջազգային ճնշումները, չնայած այդ երկրի Պաշտպանության նախարարությունը և պաշտոնյաները հերքում են քննչական խմբի պնդումները, թե սպառազինությունը պատկանում է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին:
Մոսկվան Կիևին է մեղադրում տեղի ունեցածի համար՝ հայտարարելով, թե սեփական հետաքննությամբ պարզել են, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակին պատկանող զենքով:
2015 թվականին Նիդերլանդները «Բոինգ»-ի կործանման գործով միջազգային դատարան ստեղծելու առաջարկ էր արել, Ռուսաստանը, սակայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակեց այդ նախաձեռնությունը՝ որակելով «անժամանակ և անարդյունավետ»:
«Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող օդանավի կործանումը հետաքննող միջազգային քննչական խումբը չորս անձանց անուններ և մականուններ է հրապարակել, որոնց համարում է ողբերգության գլխավոր պատասխանատուներ, նրանցից չորսը ռուսաստանցիներ են՝ Իգոր Գիրկին՝ «Ստրելկով», Օլեգ Պուլատով՝ «Գյուրզա» կամ «Խալիֆ», Սերգեյ Դուբինսկի՝ «Խմուռիյ», և ուկրաինացի Լեոնիդ Խարչենկո՝ «Կռոտ»: Քննիչների համոզմամբ՝ նրանք են կազմակերպել զենիթահրթիռային համալիրի տեղափոխումը անջատականների տարածք, նրանք մեղադրվում են 298 մարդու սպանության մեջ:
Նիդերլանդները Ռուսաստանին չի խնդրի արտահանձնել կասկածյալներին, քանի որ ռուսաստանյան և ուկրաինական օրենսդրությունը արգելում է իրենց քաղաքացիների արտահանձնումը:
Եվրամիությունը այսօր հատուկ հայտարարությամբ Ռուսաստանին կոչ է արել ընդունել իր պատասխանատվությունը և լիարժեք համագործակցել շարունակվող քննության հետ, միևնույն ժամանակ ընդգծել է միջազգային քննչական խմբի անկախ և արհեստավարժ աշխատանքը:
Այսօր հայտարարությամբ են հանդես եկել նաև օդանավի խոցման հետևանքով զոհվածների հարազատները, որոնք մասնավորապես դիմել են ռուսաստանյան իշխանություններին՝ խնդրելով խոստովանել ողբերգությանը իրենց առնչությունը, համագործակցել հետաքննության հետ և վերջ տալ կեղծիքին, ստերին ու խաբեությանը: