Կառավարությունում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերը սկսվում են անվտանգության անցակետից: Շենք մտնելիս նախ չափում են ջերմությունը, խնդրում են ձեռքերը ախտահանել և միայն դրանից հետո են թողնում ներս: Նիստը ևս գործադիրը սկսեց կորոնավիրուսի վերաբերյալ քննարկումներով:
Հունվարի վերջից մինչև օրս կատարվել է 162 նմուշի ստուգում, որոնցից միայն մեկն է դրական եղել: Նոր դեպք չի հայտնաբերվել, գործադիրի ղեկավարին տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք մեկ հաստատված դեպք, որ գտնվում է մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, և 31 մեր քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում հիմա ապրում են Ծաղկաձորում, բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը, կարող եմ ասել, որ լավ է, որևէ գանգատ որևէ մեկը չունի, այդ թվում՝ մեր հաստատված պացիենտը: Նաև ուզում եմ տեղեկացնել, որ երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ կրկին հերքվել է հիվանդության առկայությունը, այսինքն՝ ինքը, համարվելով, այո, վարակիչ հիվանդություն, նույնիսկ մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ, այսինքն՝ համատեղ բնակվող մարդկանց մոտ էլ հնարավոր է, որ չհանդիպի», - տեղեկացրեց նա:
«Գոլդեն փելիսի» ժողովուրդը ապահովվա՞ծ է ամեն ինչով», - հարցրեց վարչապետը: Նախարարը պատասխանեց. - «Ամեն ինչով՝ կենսական և ոչ միայն կենսական, այլև գրքեր, ինտերնետ, հեռուստատեսություն»: Թորոսյանն ասաց՝ նրանց այնտեղ գտնվելու տևողությունը 14 օր է՝ հաշված մեկուսացման օրվանից. - «Այսինքն մինչև մարտի 14-ը»:
Ամեն ինչ վերահսկելի է, և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել, վստահ է նախարարը: Իրավիճակը, սակայն, այլ է հարևան Իրանում, ինչպես նաև Հարավային Կորեայում, Իտալիայում: Մի քանի հարյուրի են հասնում դեպքերը Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում: Հիվանդության աղբյուր Չինաստանը մինչդեռ դեպքերի թվի անկում ունի:
«Մեր տեղեկություններով՝ նույնիսկ արդեն այն նահանգը, որում սահմանափակման միջոցառումներ էին իրականացվել, աստիճանաբար վերադառնում է իր բնականոն կյանքին», - նշեց Թորոսյանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի պատճառով վրացական կողմում մնացած հայ գործարարների բեռնատարները, որոնք Իրանից ապրանքներ են տանում Ռուսաստան, այսօրվա ընթացքում ախտահանում անցնելուց հետո շարժվելու հնարավորություն կունենան. - «Դրանք մոտավորապես 20-30 մեքենաներ են, որոնք այսօրվա ընթացքում զննում կանցնեն և կհասնեն դեպի Լարս»:
Մարտի 4-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ Վրաստանի կառավարության որոշմամբ փոխվել է կորոնավիրուսի պայքարի ռազմավարության պլանի սկզբունքներից մեկը՝ վիրուսի բարձր ռիսկայնության գոտի հանդիսացող երկրներից տրանզիտ փոխադրումներ իրականացնելու մասով: Բեռնափոխադրումը հնարավոր է, եթե մեքենաների վարորդները չլինեն ռիսկային համարվող երկրից:
«Նաև ձևավորվել է երկխոսություն նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կարողանանք միասին կարգավորել և միասին հակազդել այս համաճարակին», - ասաց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Եթե առաջիկա օրերին հատուկ ցուցում չլինի Առողջապահության նախարարությունից, երկուշաբթի օրվանից կմեկնարկեն նաև դասերը ուսումնական հաստատություններում, հայտնեց կրթության նախարարը:
Ապա գործադիրն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը, որի ընթացքում վարչապետին զայրացրեց նաև փաստը, որ կառավարության որոշ բարեփոխումների մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։
«Ստացվում է, որ մենք այդ ծրագրերն անում ենք ոչ թե մարդկանց կյանքը լավացնելու համար, այլ որովհետև գրանտ ենք ստացել, կամ վարկ կա, պիտի արագ ծախսենք, վերջում գրենք, որ այդ ծրագիրը կատարված է: Տեղյակ չեն մարդիկ:
Հոլովակը քանի՞ մարդ է նայել», - հարցրեց վարչապետը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ «երևի մոտավորապես մինչև 100 հազար»: Փաշինյանը հարցադրում արեց. - «100 հազարը դուք համարո՞ւմ եք լայն տարածում: Լայն տարածումն այն է, երբ որ դա կունենա 10, 15, 20 միլիոն դիտում: Եթե մեկը ասի՝ իմ ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ լայն տարածում է գտել, որովհետև 100 հազար դիտում ունի, ես կասեմ՝ դա բացարձակապես լայն տարածում չի: Քարոզչական արշավ սկսել բոլոր այս էլեկտրոնային հարթակների ուղղությամբ և չդադարեցնել, չասել՝ վայ դե անցած շաբաթ արեցինք: Սկսել հիմա և չավարտել այնքան ժամանակ, մինչև դրա ավարտի վերաբերյալ հատուկ արձանագրում չի լինի»:
Վարչապետն այսօր հիշեց և անդրադարձավ նաև դեռ մեկ տարի առաջ իր տված հանձնարարականին, որը, ինչպես պարզվեց, մինչև օրս կատարված չէ: Խոսքը տարբեր ապարատներով ծառայությունների մատուցումը մրցույթով կազմակերպելու մասին է։
«Մենք ասում ենք, մենք՝ լսում, մի տարի հետո լսում ենք, ասում է՝ դե փուլ-փուլ անում ենք էլի, դե տենց ձեր փուլ-փուլ անելը մինչև 2053 թիվը կտևի», - ասաց նա: