Հայաստանում կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ միակ պացիենտի վիճակը լավ է, նա ջերմություն չունի։ «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն էլ գանգատներ չունեն:
«Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք հատուկ պայմաններում են բնակվում այս օրերին, նույնպես իրենց լավ են զգում: Հյուրանոցում մեկուսացվածները ևս 12 օր կմնան Ծաղկաձորում, կորոնավիրուսի թեստ կանցնեն երկու անգամ, եթե այդ թեստերն էլ բացասական լինեն, նրանց կճանապարհենք տուն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս պահին փետրվարի 28-ի Թեհրանի չվերթով Երևան եկած քաղաքացին մնում է կորոնավիրուսի միակ վարակակիրը։ «Զվարթնոց» օդանավակայանում խիստ հսկողության տակ են հատկապես Հռոմի և Միլանի չվերթները:
«Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են»,- տեղեկացրեց «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։ Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ շնչառական վարակի նշաններ է ունեցել. - «Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:
Արդյո՞ք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում: Արսեն Թորոսյանը հոսպիտալացված այս ուղևորին առաջարկում է չառանձնացնել. - «Նա միակ քաղաքացին չէ, որ այս պահին գտնվում է մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, բազմաթիվ քաղաքացիներ են գտնվում, որոնք սպասում են իրենց պատասխանին»:
Ըստ նախարարի՝ թեստավորումն ընթացիկ գործ է՝ 135 քաղաքացի արդեն թեստավորվել է, ու մեկ բացառությամբ մյուսների մոտ կորոնավիրուսի վարակը բացառվել է։ Միլան-Երևան չվերթով ժամանածները «Զվարթնոցի» ժամանման սրահ էին մտնում հիմնականում դիմակներով:
Հրայր Վարդանյանը պատմեց, որ ջերմաչափվել-ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը խուճապ չկա. - «Այստեղ ավելի շատ մասկեքով մարդիկ կան, քան այնտեղ, լուրջ եմ ասում: Պռոստը մենք դրել ենք, որ այստեղ հանկարծ վարակ չբերենք, բայց մենք ստուգված ենք լրիվ»:
Մյուս ուղևորներն էլ նույն պատկերն են նկարագրում. - «Խուճապ չկա, մարդիկ աշխատում են, դուրս են գալիս: Իմ ամուսինն այնտեղ տաքսի է քշում և մարդկանց հետ շփվում է, ոչ մի տեսակի վախ, տագնապ չկա»:
«Զգուշություն, ձեռքերը լվանալ, ինչպես ասում են, հեռավորություն, ոչ մի բան չկա», - պատմեց ժամանածներից մեկը:
Մյուսն էլ հավելեց. - «Այստեղ ավելի խուճապ է, սաղ լուրջ դեմքերով լուրջ գործի վրա են»:
Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ երկընտրանքի առաջ են՝ էժան տոմսեր են գնել ու չգիտեն մեկնել Իտալիա, թե ոչ. տեսակետները տարբեր են. - «Խուճապ չկար, բայց գնալն ամեն մեկի ընտրությունն է»:
Մեկ այլ ժամանած էլ նշեց. - «Ավելի լավ է՝ չգնան»:
Ի դեպ, վարակի կանխարգելման կանոններից չհամբուրվելու հորդորը «Զվարթնոցում» չէր գործում:
Ռիսկային մյուս երկրից՝ Իրանից այս պահին ուղիղ չվերթներ չկան, կառավարությունը ժամանակավորապես ու մասամբ փակել է օդային ու ցամաքային սահմանը մինչև մարտի 10։ Այսօր էլ գործադիրից տեղեկացրին սահմանափակումը ևս երկու շաբաթով՝ մինչև մարտի 24-ը երկարաձգելու մասին։ Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար նախկինում բացառություն էր արվել, նոր որոշմամբ նրանք էլ չեն կարող մուտք գործել Հայաստան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարակի հաղթահարման հարցում լավատես է. - «Կարծես թե, ամեն ինչ լավ է լինելու, որովհետև առավոտյան արթնացա ու տեսա՝ ինչ լավ եղանակ ունենք»: Լավատեսության աղբյուրը գարունն է, տաք եղանակի շնորհիվ շնչառական վարակները նահանջում են, վիրուսները՝ ոչնչանում: