Իրանում նոր կորոնավիրուսի՝ թագավարակի հաստատված դեպքերի թիվը մարտի 4-ի դրությամբ հասել է 2 հազար 922-ի, մահացել է առնվազն 92 մարդ: Իրանը համարվում է Մերձավոր Արևելքում վարակի էպիկենտրոնը:
Խորհրդարանի փոխխոսնակ, առողջապահության նախկին նախարար և սրտաբան-վիրաբույժ Մասուդ Փեզեշկիանը կարծիք է հայտնել, որ ախտահարվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
«Հրապարակված տվյալները կարող են չհամապատասխանել իրականությանը, քանի որ մեծ թվով մարդկանց մոտ կորոնավիրուսի ախտանշանները դեռ չեն բացահայտվել», - նախազգուշացրել է խորհրդարանի փոխխոսնակը:
Վարակվածների թվում կան Իրանի օրենսդիր և գործադիր իշխանության պաշտոնյաներ:
Մահացածների թվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, երկրի փաստացի ղեկավար այաթոլա Ալի Խամենեիի բարձրաստիճան խորհրդական Մոհամադ Միրմոհամադին: