Մատչելիության հղումներ

Ryanair ավիաընկերությունը կրճատում է դեպի Իտալիա չվերթերը, «Արմենիա»-ն՝ դեպի Թել Ավիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի ընթացքում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է նրա անվտանգության աշխատակիցներից մեկը: Այս մասին գրեցին վրացական լրատվամիջոցները, երբ պաշտոնական այցն արդեն ավարտվել էր, պատվիրակությունը՝ վերադարձել Երևան։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանեց. «Հաշվի առնելով, որ վատառողջը անվտանգության աշխատակից է եղել և ջերմություն է ունեցել մի փոքր, իրեն տարել են հիվանդանոց, ստուգել են, ամեն ինչ մոտը նորմալ է եղել, որևէ արտառոց բան չի հայտնաբերվել և միացել է մեզ։ Հիմա հսկողության տակ է գտնվում, Երևնում է»։

Մանե Գևորգյանն ասաց՝ անվտանգության աշխատակիցը գիշերը մնացել է Թբիլիսիի հիվանդանոցում, հետազոտվել, ապա առավոտյան միացել պատվիրակությանը։

«Ազատության» հարցին՝ վարչապետը չի՞ պատրաստվում թեստ հանձնել, Գևորգյանը պատասխանեց. «Չէ»։

Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել, Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված ևս 12 քաղաքացիներ են թեստավորվել, նրանցից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել։ Թեհրանից Երևան եկած երիտասարդը շարունակում է մնալ կորոնավիրուսի միակ վարակակիրը։ Իրենց լավ են զգում և գանգատներ չունեն նաև «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիները։ Նրանք հյուրանոցում կմնան ևս 11 օր։

Կորոնավիրուսը ավիաընկերություններին ստիպում է վերանայել չվերթերի պարբերականությունն ու աշխարհագրությունը. Ryanair ավիաընկերությունը կրճատում է դեպի Իտալիա չվերթերը։ Ընկերությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը չվերթերը սահմանափակվում են։ Ryanair-ից մատչելի տոմսեր գնած ու ճամփորդել պատրաստվող քաղաքացիները էլեկտրոնային փոստով արդեն ծանուցումներ են ստացել։

Սոնա Հյուսիսյանը հարազատների հետ պատրաստվում էր Հռոմ մեկնել մարտի 10-ին, պարզվեց՝ մեկնել կարող է, վերադառնալ՝ ոչ։

«Տոմսերը մարտի 10-21-ի համար էին, ուղղությունը՝ Հռոմ, Ryanair-ի տոմսերն էին։ Երեկ առավոտյան ստացա իրանցից նամակ, որ չեղարկվում են հետադարձերը, այսինքն՝ գնալ ամսի 10-ին կարող եմ, բայց վերադառնալ 21-ին` չէ, քանի որ կորոնավիրուսի պատճառով կրճատել են չվերթերի քանակը։ Առաջարկ տրված էր կա՛մ անվճար ամբողջությամբ չեղարկել տոմսերը, կա՛մ փոփոխել ամսաթվերը տոմսերի, բայց հաշվի առնելով այն փաստը, որ մեր հետ մարդիկ կան, ով հստակ վիզայի ամսաթվեր ունի, մեր համար այդ տարբերակն ընդունելի չէր, այդ պատճառով չեղարկում ենք ամբողջությամբ տոմսերը։ Գումարն ամբողջությամբ է վերադարձվում, միակ տուժելու պահը կարող է լիներ, եթե արտարժույթի տատանումներ լինեն, որովհետև ձեռք են բերվել եվրոյով տոմսերը», - ասաց Հյուսիսյանը։

Սահմանափակվել են ոչ միայն Միլանի ու Հռոմի ուղղությունները։ «Արմենիա» ավիաընկերությունն էլ հայտարարել է՝ վաղվանից չեղարկում է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթերը։ Ընկերության մարկետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանը տեղեկացրեց՝ հաշվի են առել Իսրայելի իշխանության հորդորները ճամփորդությունները կրճատելու վերաբերյալ, նաև կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ իրենք էին հրաժարվում տոմսերից։

«Մինչև մարտի 22-ը «Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը չեղարկել է Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթերը։ Չվերթերի չեղարկումը, այո, պայմանավորված է ստեղծված իրավիճակով, վերջին իրադարձություններով», - նշեց Կոստանդյանը։

Ուղևորների տոմսերը վերադարձվում կամ փոփոխվում են առանց հավելյալ տուգանքների, վստահեցնում են ավիաընկերությունից։

«Միանշանակ քաղաքացիները փոխհատուցվելու են առանց տույժերի և տուգանքների, եթե կցանկանան փոխել 22-ից հետո իրենց չվերթի օրը, փոփոխությունը կարվի անվճար, առանց տուգանքի, եթե կցանկանան անել վերադարձ տոմսերի, դա նույնպես կլինի ամբողջական վերադարձ էլի առանց տուգանքների», - ասաց «Արմենիա» ավիաընկերության մարկետինգի գծով մենեջերը։

Դեպի Լիոն թռիչքները չեն չեղարկվում, տեղեկացրին «Արմենիա» ավիաընկերությունից։

Ռիսկային մյուս երկրից՝ Իրանից ուղիղ չվերթեր այժմ չկան. կառավարությունը մասամբ փակել է օդային ու ցամաքային սահմանը մինչև մարտի 24 -ը։ Մեղրիի սահմանային անցակետում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար բացառություն էր արվել, նոր որոշմամբ նրանք էլ չեն կարող մուտք գործել Հայաստան: Առողջապահական տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ իրանական բեռնափոխադրողների համար սահմանը փակ է։ Նրանք կարող են միայն հեռանալ այստեղից։

XS
SM
MD
LG