Հայաստանի կառավարությունը մտադիր չէ փակել հայ-վրացական սահմանը, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Երեկ հայտնի դարձավ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Իրանի հետ օդային ու ցամաքային սահմանը կառավարության որոշմամբ 3 օր առաջ ժամանակավորապես՝ 14 օրով, ու մասամբ փակվեց հենց հարևան երկրում կորոնավիրուսից մահացության դեպքերից հետո:
Առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, հերքում է համացանցում հայտնված ու խուճապ առաջացրած տեղեկությունը, թե կա կասկածելի դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից մեկ հիվանդ բարձր ջերմությամբ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
«Ես չեմ ուզում բժշկական գաղտնիքներ բացահայտել, բայց այդ ուղարկված պացիենտը ընդհանրապես կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել», - ասաց նախարարը:
Կառավարությունը դպրոցներում դասերը դադարեցնելու մասին չի մտածում։ Կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու համար միջոցառումներ են ձեռնարկվել բանակում՝ զորամասերում արգելվել են հարազատների այցերը զինվորներին, ժամկետային զինծառայողներն էլ որոշ ժամանակով զրկվել են արձակուրդներից։ Սուր շնչառական վարակներից խուսափելու համար այսօրվանից երկշաբաթյա կարանտին է հայտարարվել նաև տարեցների և երեխաների խնամքի հաստատություններում։
Մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, որը ենթադրում է մարդկանց կուտակումներ, վարակի տարածման վտանգ չկա՞․․․ Աշխարհում 2700-ից ավելի մարդու կյանք խլած կորոնավիրուսը Հայաստանի առողջապահության նախարարի կարծիքով ՝ շատ վտանգավոր վարակ չէ, բաց տարածքներում հավելյալ սահմանափակող միջոցառումների կարիք նա այս պահին չի տեսնում։
«Կորոնավիրուսը ռեսպիրատոր հիվանդություն է, որոնք հիմնականում տարածվում են ձմեռային շրջանում, ինչպես օրինակ՝ նույն գրիպի վիրուսը, և միշտ էլ մենք խորհուրդ ենք տվել, որ եթե կա կասկած որևէ հիվանդի առկայության այդ վարակով, ասենք գրիպով կամ այլ ռեսպիրատոր վարակով, ցանկալի է, որ նա օրինակ՝ փակ տարածքներում չգտնվի այլ մարդկանց հետ, փակ տարածքները պարբերաբար օդափոխվեն, բայց բաց տարածքների մասով նման առաջարկությունն իմաստ չունի, որովհետև բաց տարածքներում հիմնականում վիրուսներն արագ ոչնչանում են», - նշեց Արսեն Թորոսյանը:
Մինչև կառավարության նիստի բուն օրակարգին անցնելը գործադիրի անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կորոնավիրուսի թեման մանրամասն քննարկեցին: Առողջապահության նախարարը վրացի իր գործընկերոջ հետ զրույցից պատմեց, նաև անցկացված թեստերից. 95 մարդ է հետազոտվել, բոլոր դեպքերում պատասխանները եղել են բացասական․ - «Ներկայումս ունենք 850 հետազոտության թեստ, այսինքն՝ բավարար քանակությամբ թեստեր ունենք և ևս 3000 թեստ շուտով կստանանք, այսինքն՝ այս առումով նույնպես հագեցած ենք: Վերջին ինֆորմացիան Վրաստանում արձանագրված մեկ դեպքն էր երեկ երեկոյան: Ես առավոտյան խոսել եմ իմ գործընկերոջ հետ, ուրեմն նրա հետ շփված անձանց մոտ թեստը բացասական է ցույց տվել, և նրանք մեկուսացվել են, որպեսզի 2 շաբաթվա ընթացքում կա՛մ կդառնան վարակակիր, կա՛մ արդեն առողջ համարվելով՝ դուրս կգրվեն: Համարում եմ, որ Վրաստանում մեկ դեպքի արձանագրումով համաճարակաբանական վիճակն էական չի փոխվել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց. - «Ընդ որում, պետք է արձանագրել, որ հիվանդն Իրանից Ադրբեջանի տարածքով գնացել է Վրաստան, և նա, ըստ էության, շփվել է միայն սահմանային անցակետի աշխատողների հետ: Այդ չորս հոգին, որոնց հետ նա շփվել է, սահմանային անցակետի աշխատողներ են, նրանց հետ աշխատանք է արվել, թեստ է արվել, և բացասական պատասխաններ են եկել: Այսինքն՝ գործնականում, այսպես ասած, Վրաստանում վարակվելու դեպք մենք չունենք»:
Վարչապետն ամփոփեց՝ Հայաստանն ապրում է բնականոն կյանքով, կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են: Անհանգստացնող տեղեկատվություն էլ, վստահեցրեց, չի թաքցվի հանրությունից:
Կորոնավիրուսի լաբորատոր փորձաքննությամբ հերքվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան մահացած Հայաստանի քաղաքացու մոտ վարակի առկայությունը: Ավելի վաղ հիվանդանոցից փոխանցել էին, որ տղամարդը մահացել է երկկողմանի թոքաբորբի հետևանքով, կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանի խոսքով՝ անցկացրել էին նաև կորոնավիրուսի թեստ: Մինչև արդյունքները հայտնի կդառնային, Ասատրյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել՝ բացասական պատասխան կլինի:
«Նոյեմբերին է եկել Հայաստան, 3 ամսից ավելի անցել է, Ռուսաստանից է եկել: Ինկուբացիոնի ամենամեծ պերիոդները, որ նկարագրվում է, մաքսիմում 30 օր է, մաքսիմում, որ հայտնի է, իսկ 3 ամիս է՝ ինքը այստեղ է: Նշանակում է, որ չէր կարող իր հետ բերել դա մի տեղից, իսկ Հայաստանում չկա կորոնավիրուս», - ասել էր Ասատրյանը:
Տեղեկացնենք, այսօր Արտգործնախարարությունը հայտարարությամբ հորդորեց Հայաստանի քաղաքացիներին առանց խիստ անհրաժեշտության խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն և Իտալիա այցելություններից։