Մատչելիության հղումներ

Ըստ վարչապետի, կորոնավիրուսի նոր դեպք դեռ չի գրանցվել


Կորոնավիրուսի կասկածելի 9 դեպքերից որևէ մեկը չի հաստատվել։ Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անցկացված թեստերի արդյունքները բացասական են եղել։

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ավարտի Փաշինյանն ասել էր, որ 9 կասկածելի դեպքով սպասում են թեստերի արդյունքներին։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ առողջապահության նախարարը հենց նոր ինձ տեղյակ պահեց, որ բոլոր դեպքերում պատասխանը բացասական է։ Այն դեպքերում, երբ որ պատասխանը բացասական է, մեզ համար դրական է։ երբ որ ասում ենք, որ պատասխանը բացասական է, նշանակում է, որ տվյալ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել», - ասաց վարչապետը։

Հայաստանի այն քաղաքացին, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, ըստ վարչապետի, գտնվում է սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում, սակայն այս պահին բուժում չի ստանում, քանի որ ոչ մի բողոք չունի, անգամ չի ջերմում, հիվանդանոցի իր սենյակում հեռուստացույց է նայում։ Փաշինյանը վստահեցրեց՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված 32 քաղաքացիների ինքնազգացողությունը նույնպես լավ է։

«Որևէ մեկի մոտ ախտանշան ի հայտ չի եկել այս պահի դրությամբ, ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն», - հայտնեց Հայաստանի կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը այսօր որոշում է կայացրել երկարացնել և խստացնել հայ-իրանական սահմանի շուրջ գործող սահմանափակումները, այդ թվում՝ բեռնափոխադրումների մասով։ Ըստ վարչապետի, 5 օրվա ընթացքում Հայաստանը ժամանակավորապես կվերականգնի նաև Իրանի հետ վիզային ռեժիմը։ Փաշինյանը կոչով դիմեց նաև Հայաստանի քաղաքացիներին՝ հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Իտալիայի և Թուրքիայի ուղղությամբ։

«Հարց է հնչելու, թե ինչո՞ւ այլ ուղղություններ հաղորդակցությունները չենք փակում։ Նախ, հնարավոր չէ բոլոր ուղղություններով փակել, որովհետև դա նշանակում է ընդհանրապես 100 տոկոսով մեկուսանալ։ Այս պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները», - նշեց վարչապետը։

Այսօրվանից արդեն ուսումնական բոլոր հաստատությունները արձակուրդում են, վարչապետն ասաց, որ մեկ շաբաթից կհասկանան՝ ինչ վիճակ է, և դրանից ելնելով որոշում կկայացնեն։ Փաշինյանը նաև հորդորեց քաղաքացիներին՝ խանութում խուճապային գնումներ չիրականացնել, ըստ նրա, որոշ ապրանքների դեֆիցիտ, իհարկե, երկրում առկա է՝ խոսքը դիմակների մասին է, բայց այդ խնդիրը գոյություն ունի նաև շատ այլ երկրներում։

Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին, ապա Հայաստանում այն բարեբախտաբար արտադրվում է։ Շաբաթ-կիրակի օրերին այդ նյութերի մեծաքանակ վաճառքը, Փաշինյանի փոխանցմամբ, արտադրողների համար անսպասելի է եղել, և նրանք հավաստիացրել են, որ առաջիկա օրերին ամբողջ ծավալով կարտադրեն և կբավարարեն շուկայի պահանջարկը։

Փաշինյանը հանդարտության և հանգստության կոչ արեց քաղաքացիներին, շեշտելով՝ «հիվանդությունը վտանգավոր է, բայց կառավարելի է»։

Վարչապետն ասաց, թե սահմանափակումներ պետք չեն, և մարդիկ կարող են հանգիստ կինոթատրոններ և թատրոններ հաճախել։

«Մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում որևէ պարագայում խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր պետք է չլինեն, և սրա համար կառավարությունը պիտի դառնա երաշխավորը նման խուճապի բացակայության։ Դրա երաշխիքն այն է, որ բացառվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն՝ սա ամենակարևոր արձանագրումն է։ Պետք չի որևէ բան, սահմանափակումներ այս պահին մտցնելու կարիք չկա, մարդիկ կարող են կինո հաճախել, թատրոն հաճախել, կարող են ծննդյան տարեդարձեր նշել և այլն, բայց այդ ընթացքում սովորականից ավելի շատ լվացվեն և ավելի ուշադիր լինեն», - նշեց Փաշինյանը։

XS
SM
MD
LG