Մատչելիության հղումներ

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է


Ծննդատան տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ու միաժամանակ ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է։

Նա մեղադրվում էր երեխային ծնողից ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, իսկ այժմ լրացվել է՝ գործողությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։

Հին ու նոր մեղադրանքները Աբրահամյանը չի ընդունում։ Նրա փաստաբան Սամվել Դիլբանդյանն ասաց, թե մեղադրանքը խստացնելու հիմքեր չեն եղել, նոր դրվագները հորինված են. - «Որևէ ապացույց չի ներկայացվել, որ այդտեղ կազմակերպված խումբ կար»։

Ռազմիկ Աբրահամյանը փաստաբանի ուղեկցությամբ դատարան էր եկել մեկ այլ՝ Առողջապահության փոխնախարարին 3 հազար դոլար կաշառք տալու գործով։ Ի դեպ, այս մեղադրանքը նա լիովին ընդունել է։

Դատական այս նիստերին պարբերաբար մասնակցում ու Աբրահամյանի դատարան ելումուտը տարբեր, մեղմ ասած՝ կոշտ ձևակերպումներով ուղեկցում են «Հայոց մայրեր» շարժման անդամները։ Նրանք պնդում են, թե իրենց երեխաներին տարբեր տարիներին վաճառել են հանրապետական ծննդատանը։

Աբրահմայանի փաստաբանը պնդում է , թե բուն քրեական գործում այլ կանայք են, որոնք տարիներ առաջ հրաժարվել են իրենց երեխաներից. - «Մեզ համար էլ է դա անհասկանալի, թե 5, 6, 10 տարի անցնելուց հետո, երբ որ հրաժարվել են, ու տասը տարվա ընթացքում որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել իրենց երեխաների նկատմամբ, այսօր ինչպե՞ս եղավ, որ մայրերը գալիս են ու հրաժարականներից հետո ասում են, թե ուր են մեր երեխաները»։

Կաշառքի գործով դատական նիստը տեսագրել չթույլատրվեց։ «Հայոց մայրեր» շարժման ներկայացուցիչները հետևեցին նիստին և հիասթափված էին, քանի որ նրանք տարբեր փաստաթղթերով եկել էին փնտրելու իրենց երեխաներին։

Տիկին Դոնարան 42 տարի առաջ է ծննդաբերել, ասել են, որ աղջիկը մահացել է, բայց հետո նրա ծննդյան վկայականն է փնտրել ու գտել քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում. - «Զագսում գրանցվել է իմ երեխայի անունը՝ Նանա Վաչագանի Գալստյան անունով»։

Ճիշտ է, Դոնարան ծննդաբերել է ոչ թե հանրապետականում, այլ Մարգարյան հիվանդանոցում։

Ռազմիկ Աբրահամյանն ինքը նախկինում մայրերի այս կազմակերպված պայքարը ուղղորդված պատվեր էր համարել՝ առանց մանրամասնելու։

Այսօր էլ որևէ մեկնաբանություն չտվեց. - «Երբ որ հերթը ինձ հասնի, ես կասեմ»։

«Հայոց մայրեր» նախաձեռնությունը Հայկուհի Խաչատրյանինն է։ Նա ինքն էլ անցյալ տարի ծննդաբերել է հանրապետականում։ Ըստ բժիշկների, երեխան մահացել է, իսկ ինքը վստահ է, որ ողջ է, քրեական գործ է հարուցված։

Խաչատրյանը այժմ 800-ի հասնող բողոքներ է հավաքել տարբեր տարիների ծննդաբերած կանանցից։

Նա պնդում է, որ ոչ մեկի պատվերը չի կատարում. - «Ես իմ միջոցներով իմ արդար պայքարն եմ մղում առաջ։ Ի վերջո ոչ միայն իմը, այլ բոլոր մայրերի»։

Հայոց մայրերի» շարքերում սակայն պառակտում կա. նրանցից հեռացել է փաստաբան Սուսաննա Սարգսյանը՝ մի խումբ այլ մայրերի հետ։ Հայկուհի Խաչատրյանը պնդում է, թե պատճառն այն է, որ փաստաբանը հրահրել է միտինգներ գլխավոր դատախազի դեմ. - «Նրա նպատակըԱրթուր Դավթյանի մասին խոսելն է, Արթուր Դավթյանի հրաժարականը պահանջի, որը ես չեմ պատրաստվում անել նրա համար, որ հաճոյանամ Սուսաննա Սարգսյանին»։

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը չի հերքում. ինքն այն կարծիքին է, որ Արթուր Դավթյանը կոծկում է գործերը. - «Ես հիմա էլ եմ ասում՝ Դավթյան Արթուրը ամեն ինչ անելու է, որ երեխաների ապօրինի որդեգրման գործի հունը շեղի և առավելագույնս մեղմ պատժով Ռազմիկ Աբրահամյանին ազատի պատասխանատվությունից»։

Հայկուհի Խաչատրյանը պնդում է, որ բոլոր մայրերն իր հետ են, փաստաբան Սարգսյանը համոզում է, թե բոլորն իր հետ են, բացի Հայկուհի Խաչատրյանից։

XS
SM
MD
LG