Մատչելիության հղումներ

Ռազմիկ Աբրահամյանը պնդում է, թե իր դեմ բողոքող մայրերը հովանավորներ ունեն


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նիստ էր նշանակված հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին 3 հազար դոլար կաշաք տալու գործով։

Դատարանի բակում հավաքվել էին «Հայոց մայրեր» հասարակական շարժման անդամները, որոնք մի քանի օր առաջ էլ դատախազության առջև էին բողոքի ցույց անում և պահանջում կալանավորել ապօրինի որդեգրումների գործով դարձյալ մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին։

Այսօրվա դատական նիստը ապօրինի որդեգրումների ու այս մայրերի կասկածների կապ չուներ, բայց նրանք այստեղ էին իրենց, մեղմ ասած, վերաբերմունքը Ռազմիկ Աբրահամյանին ցույց տալու համար։ Նրանք վստահ են, որ իրենց երեխաները տարբեր տարիներին վաճառվել-որդեգրվել են հանրապետական ծննդատանը։

«Անգամ մազերս էլ ճերմակի, գտնելու եմ երեխայիս։ Ու հանցագործներն էլ օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվեն», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը։

Ապօրինի որդեգրումների գործով մեղադրանք է առաջադրվել հինգ հոգու, այդ թվում Ռազմիկ Աբրահամյանին ամենածանր հոդվածներով՝ ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում 2 և ավելի երեխաների նկատմամբ։ Նաև առևտրային կաշառքի մեղադրանք է առաջադրվել։

Ռազմիկ Աբրահամյանը մինչև դատական նիստերի դահլիճ հասնելը բազմաթիվ հարցեր ստացավ և բոլորին միանման պատասխան տվեց՝ ծննդատները որդեգրման հետ կապ չունեն։

Ավելի ուշ կաշառքի գործով դատական նիստը, որ դռնփակ էր, առանց տեսաձայնագրման հնարավորության, նույնպես փորձություն դարձավ Ռազմիկ Աբրահամյանի համար։ Դահլիճում մայրեր էին, և նրանցից Հայկուհի Խաչատրյանը, ով վստահ է, որ իր փոքրիկն ամիսներ առաջ Աբրահամյանի ձեռքով է իրենից բաժանվել, ուղիղ ծննդատան տնօրենին դիմեց. - «Իմ երեխան մահացած չի, որտե՞ղ է իմ երեխան»։

«Գնացեք հետազոտեք, գտեք», - արձագանքեց Աբրահամյանը։

Մանկաբարձ-գինեկոլոգը հետո ցույց տվեց լուսանկարներ, որոնցում ինքն էր՝ տարբեր վնասվածքներով. - «Դուք տեսեք, թե ինչ օրի եք հասցրել մարդկանց։ Դուք եք պատասխան տալու՝ կեղծ լրագրողներդ»։

Ավելի ուշ, երբ հեռանում էր դատարանի դահլիճից, դարձյալ մայրերին հանդիպեց, նրանց առողջություն մաղթեց , և մեղադրեց հովանավորներ ունենալու համար. - «Ձեզ առողջություն լինի, բալիկներ շատ ունենաք, իսկ ձեզ հովանավորողներին Աստված կպատժի»։

«Հայոց մայրեր» շարժման համակարգող Հայկուհի Խաչատրյանը հերքեք՝ հովանավորներ չունեն. - «Նա ստում է, ապացույցներ չունի։ Ինչպես ստում էին, որ իմ երեխան մահացել է, այնպես էլ ստում են, մենք հովանավորներ ունենք»։

Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ , տարիներ շարունակ հանրապետության գլխավոր մանակբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը դատարանից հեռացավ մեծ դժվարությամբ։

Ինչ վերաբերում է այսօրվա դատական նիստին, ապա մեղադրյալները երկուսն են՝ Ռազմիկ Աբրահամյանը և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը։ Վերջինս իրեն առաջադրված կաշառք ստանալու մեղադրանքը չի ընդունում։

Նա հերքեց նաև օրեր առաջ տարածված տեղեկությունը, թե ինքը նշանակվել է Աբրահամյանի խորհրդական։ Ասաց, որ «Արմենիա» բուժկենտրոնում է պաշտոն ստացել, իսկ դրանք տարբեր բուժհաստատություններ են։

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է։ Հրապարակվեցին փոխնախարար Դավթյանի աշխատասենյակի գաղտնի տեսանկարահանումները։ Դրանցից մեկում Ռազմիկ Աբրահամյանը 3 հազար դոլարով ծրարն է դնում աշխատասեղանին, լսվում է նաև փոխնախարարի ձայնը՝ «Ռազմիկ Աշոտիչ, մի արա էլի»։

Այս գործով հաջորդ դատական նիստը փետրվարին է:

XS
SM
MD
LG