Մատչելիության հղումներ

Սոնա Այվազյան. Լինելու է եթե ոչ «Ոչ»-ի, ապա «հակաայոյի» քարոզչություն


Դանիել Իոաննիսյանը (Ձ), Սոնա Այվազյանը (Կ) և Լարիսա Ալավերդյանը սահմանադրական հանրաքվեի շուրջ քննարկմանը։
Դանիել Իոաննիսյանը (Ձ), Սոնա Այվազյանը (Կ) և Լարիսա Ալավերդյանը սահմանադրական հանրաքվեի շուրջ քննարկմանը։

ՀՅԴ գերագույն մարմինը այսօր հայտարարություն է տարածել, որով կոչ է անում չմասնակցել, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն։

«Կոչ ենք անում քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պոպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը», - ասված հայտարարությունում:

ՀՅԴ-ն նաև դիմում է քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը՝ միավորել ջանքները «բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը»։

«Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը նաև անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի», - նշված է հայտարարության մեջ։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը շեշտում է, թե բոյկոտի կոչը նույնպես քարոզ է։ Նրա ղեկավարած կազմակերպությունը, ի դեպ, պլանավորում է հանրաքվեի ընթացքում իրականացնել դիտորդական աշխատանք. - «Չի բացառվում, որ ինչ-որ մեկը կոչ անի չգնալ, դա ևս քարոզչության ձև է, ընդ որում՝ ամբողջությամբ օրինական և լեգիտիմ ձև։ Եվ նույն ձև քարոզչություն է լինելու գնալու կոչ անելը»։

Պաշտոնապես առայժմ «Ոչ»-ի քարոզչական կողմ չի ձևավորվել ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ արտախորհրդարանական ուժերի կողմից։ Իոաննիսյանն ասում է, որ շատ տխուր կլինի եթե «Ոչ»-ի ճակատ այդպես էլ չձևավորվի. - «Դա կլինի շատ խնդրահարույց, որովհետև ժողովրդավարական պրոցեսը ենթադրում է մրցակցայնություն»։

Օրվա երկրորդ կեսին Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ «Ոչ»-ի քարոզչական կողմ ձևավորելու վերաբերյալ քննարկումներ են սկսել 100-ից ավելի իրավաբան իրավապաշտպանների հետ. - «Նախաձեռնության նպատակներն են՝ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։ Քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի»։

Այսօր հրավիրված քննարկմանը Իոաննիսյանը շեշտեց, որ պաշտոնապես գրանցված «Ոչ»-ի նախաձեռնությանը տրվում են հավասար հեռարձակման, պաստառներ ունենալու, ի վերջո տեղամասային ընտրական հանձնաժողովներում երկուական անդամ ունենալու հնարավորություններ. - «Երկուշաբթի առավոտվանից ցանկացած ընտրական իրավունք ունեցող 50 քաղաքացիներ կարող են նման նախաձեռնություն ձևավորել և համապատասխան թղթերը հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու ձեռք բերել այդ իրավունքները»։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը վստահ է, որ «Ոչ»-ի պաշտոնական ճակատ քաղաքական ուժերը չեն ձևավորվում, քանի որ գիտակցում են, որ վարչապետն ու նրա թիմը մեծ ժողովրդականություն են վայելում, և «Ոչ»-ի քարոզով նրանք կխթանեն «Այո»-ները։

Մյուս կողմից, Սոնա Այվազյանը չի կասկածում, որ «Ոչ»-ը կա, պարզապես այն քողարկված է. - «Կամ լինելու է եթե ոչ «Ոչ»-ի, ապա «հակաայոյի» քարոզչություն»։

Այվազյանը չի կասկածում, որ «Ոչ»-ի կամ չմասնակցության քարոզին ուղղվելու են ռեսուրսներ, և այս առումով հանրաքվեի քարոզարշավը, ըստ նրա, կլինի մրցակցային։

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը նախ շեշտեց, որ ինքը հակահեղափոխական է, գերադասում է փոփոխություններ էվոլյուցիոն ճանապարհով։ Միևնույն ժամանակ, Ալավերդյանը հայաստանյան հեղափոխությունը, հների հեռացումը բնորոշեց «հրաշք» բառով։ Ասաց, որ սահմանադրական ընդարձակ փոփոխություններին կողմ է, բայց ոչ նրան, ինչ առաջարկվում է։

Նա Սահմանադրական դատարանից 7 հոգու հեռացնելու վերաբերյալ հանրաքվեն այսպիսի արագությամբ «բլից կրիգ» է որակում և վատ նախադեպ. - «Փոխում են Սահմանադրական դատարանի անդամներին և բերելու են նորերին։ Այսինքն, և մյուս իշխանությունը ունենալու է այդ հնարավորությունը»։

Կմիանա՞ ոչ ի քարոզին. Ալավերդյանն ասաց, որ դեռ չգիտի, բայց չի կիսում քննարկման մյուս մասնակիցների տեսակետը, որ հայաստանյան բոլոր ընտրական հանցագործությունները ավարտին հասցնողը այս Սահմանադրական դատարանն է։

Լարիսա Ալավերդյանն այլ հասցե է նշում. – «Մուկուչյանին փոխեք։ Որովհետև ընտրությունների կեղծիքը տեղի է ունենում, վերջնական տեսքը ստանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG