«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը, կուսակցության քաղխորհրդի՝ շուրջ 20 րոպե տևած նիստից հետո հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
«Բարգավաճ Հայաստան»-ը մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի կարևորագույն գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ մենք չենք կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այդ գործընթացին», - ասաց Զոհրաբյանը։
«Բարգավաճ Հայաստան»-ում մտահոգված են՝ իշխանություններն այդ գործընթացի հենց սկզբից հարցն իրավականից քաղաքական հարթություն են տեղափոխել։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժը քննադատում է իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) հարցը «սև ու սպիտակի կործանարար հակամարտության» վերածելու համար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի, ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման այս էջը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս 6 անդամների պաշտոնավարման դադարեցման հարցով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի որոշման նախագծի քվեարկությանը «Բարգավաճ Հայաստան»-ը չէր մասնակցել՝ ընթացակարգային խախտումները պատճառաբանելով։
ԲՀԿ-ի որոշումից էր կախված՝ ընդդիմադիրները կդիմե՞ն ՍԴ, թե՞ ոչ՝ վիճարկելու հանրաքվեի վերաբերյալ Ազգային ժողովի որոշման օրինականության հարցը, սակայն խմբակցությունից այդպես էլ չարձագանքեցին «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկին։
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրենք ձեռնպահ են մնում այդ առաջարկն ընդունելուց, քանի որ Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է։
«Պիտի երկրորդեմ Գագիկ Ծառուկյանի խոսքը, այդտեղ ավելացնելու բան չունեմ», - նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք հանրաքվեն ամբողջությամբ ապօրինի են համարում և «ոչ»-ի ճամբար չեն ստեղծի։