Մատչելիության հղումներ

Վերջին 25 տարում Սահմանադրությունը փոխելու երեք փորձ է կատարվել. ամփոփիչ


2003-ին Սահմանադրությունը չհաջողվեց փոխել

Սահմանադրության ընդունումից հետո՝ վերջին 25 տարում, մայր օրենքը փոխելու ջանք է գործադրվել 3 անգամ. առաջինը՝ 2003-ի տապալված փորձն էր, որ նախաձեռնեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նույն տարում վերընտրվել էր, ըստ ընդդիմության ու ընտրությունները դիտարկած միջազգային կառույցների, առատ խախտումներով, վիճելի ընտրությունների միջոցով։ Եվ ահա ամիսներ անց քվեարկության է դրվում սահմանադրական փոփոխությունների փաթեթը խորհրդարանական ընտրություններին զուգահեռ։

Երրորդ գումարման Ազգային ժողով էր շտապում 21 քաղաքական ուժ, մայր օրենքի փոփոխություններին քչերն էին շտապում «այո» ասել։ Փոփոխությունների լայն քարոզ չեղավ. ըստ իշխանությունների՝ նախագծով սահմանափակվում էին նախագահի լիազորությունները, ընդդիմադիրները պնդում էին՝ նախագահն իրավունք է ստանում ավելի մեծ թվով բարձրաստիճանների նշանակել առանց կառավարության համաձայնության։ Փաստաթուղթն ընտրողների ձայների անհրաժեշտ 1/3-ի հավանություն չստացավ, «ոչ» ասաց ավելի քան 552 հազար քաղաքացի։ «Այո»-ի համար էլ համառ պայքար իշխանությունը չէր տարել։

«Սահմանադրությունը չբարեփոխվեց», «Սահմանադրությունը մեռավ», «Կեցցե Սահմանադրությունը, անազատ, անարդար, անթափանց» վերնագրել է այդ օրերի մամուլը։ «Հայկական ժամանակը» մեջբերում է ԱՄՆ ժողովրդավարության զարգացման ինստիտուտի դիտորդական խմբի հետընտրական տպավորությունը. «Ընտրական գործընթացները Հայաստանում պատված են ցինիզմի, թերահավատության, հիասթափության ու վհատվածության մթնոլորտով, որի ապացույցն ընտրողների ցածր մասնակցությունն է»:

Անդրադառնալով ընտրական օրվան՝ «Չորրորդ իշխանությունը» ավանդական տեսարան է ներկայացնում. «Ընտրություններն առողջարար էին ազգի համար, որովհետև դրանք ուղեկցվում էին տարբեր մարզաձևերի, մասնավորապես՝ բռնցքամարտի, ըմբշամարտի և հրաձգության լայն կիրառմամբ»:

Հրաձգություն իսկապես եղել է. այս մասին տեղեկություն նույնիսկ պաշտոնաթերթն է հրապարակել, քվեարկության ավարտից մեկ ժամ անց Շահումյան գյուղի տեղամասում Տարզան անունով մի քաղաքացի հրազենից կրակ է բացել՝ սպանելով մեկ և վիրավորելով երեք մարդու:

Այն, ինչ չստացվեց 2003-ին, ստացվեց 2005-ին

Սահմանադրական փոփոխությունների այս նախագծով նվազում էին նախագահի լիազորությունները, մեծանում էր խորհրդարանի դերը, նախագահը պարտավոր էր վարչապետ նշանակել խորհրդարանական մեծամասնության վստահությունը վայելող անձի։ Շրջանառվող կասկածներից էր՝ արդյոք նախագահ Քոչարյանը փոփոխությունների ընդունման դեպքում երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն չի ստանում այն հիմքով, թե սա նոր Սահմանադրություն է։ «Այո»-ի քարոզիչները՝ նախագահին սատարող ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ կոալիցիայի ներկայացուցիչները, քարոզչական հանդիպումներում փորձում էին փարատել կասկածները, նման հնարավորություն չի ստեղծվում։ «Այո»-ին էին լծվել նաև մտավորականները:

«Իհարկե, «այո», ո՞վ չի տեսնում օրեցօր բարելավվող մեր կյանքը», - Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն է ասել «Առավոտ» օրաթերթին։ Իսկ շուրջ երկու տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ միասնական «ոչ» ասացին հանրաքվեին ու իշխանությանը, ապա այդ «ոչ»-ը փոխեցին բոյկոտի, այն հույսով, որ բոյկոտի դեպքում իշխանությունը դժվար թե հանրաքվեի համար անհրաժեշտ քվորում կարողանա ապահովել:

«Չի բացառվում մասնակցության անբավարար չափ»: Նման կանխատեսում նույնիսկ Ահարոն Ադիբեկյանն ուներ․ քվեարկությունը դարձավ ամենամեծ անակնկալը, պարզվեց՝ պաշտոնական տվյալով՝ քվեարկել է միլիոնուկեսից ավելի մարդ, և նրանցից միայն 82 հազարն է «ոչ» ասել:

«Պլանավորված նկարչությունը կանգ չառավ մինչև օրվա վերջ։ Եթե մարդիկ նախկինում գնում էին տեղամասեր, և իշխանությանը մնում էր միայն փոխել նրանց քվեարկության իրական պատկերը, այսօր իրավիճակը բոլորովին այլ է, մարդիկ տեղամասեր չեն գնացել, բայց իշխանությունն արձանագրել է ընտրողների մեծ ակտիվություն։ Քոչարյանի սիրտը միլիոնից ավելի «այո» է ուզում», - հանրաքվեի հաջորդ օրը գրում է «Հայկական ժամանակը»: Թերթի լրագրողը դատարկ տեղամասերում ձանձրույթից բլուզ գործող հանձնաժողովականների էր ֆիքսել։

«Չորրորդ իշխանությունը» ընդդիմադիր գործիչներից Վազգեն Մանուկյանին է ցիտում. «Խայտառակ հանրաքվեն տեղի է ունեցել յուրաքանչյուր տեղամասում մոտ 30 սրիկայի միջոցով»:

Հետո շարունակում է հաշվարկը. «1920 տեղամաս է բացվել, ուրեմն սրիկաների ընդհանուր թիվը 57,600 է, յուրաքանչյուրին միջին հաշվով 40 ընտրող է բաժին ընկել»: Ի դեպ, քվեարկության օրը խլացվել էր «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը, ընդդիմադիր մամուլում տպագրվեցին «Ազատության» տեղեկությունները տարբեր տեղամասերում արձանագրված խախտումների վերաբերյալ։ 2005-ի հանրաքվեն պատմության մեջ մնաց «ուրվականների հանրաքվե» անվամբ։

2015-ին սահմանադրական փոփոխություններ է առաջարկում Սերժ Սարգսյանի իշխանությունը

Նախագծով երկրի կառավարման մոդելի փոփոխություն է առաջարկվում՝ կիսանախագահականից անցում խորհրդարանականին։ Չնայած տասնամյա նախագահությունն ավարտող Սարգսյանի հավաստիացումներին՝ ընդդիմադիրները վստահ են՝ այս փոփոխությունների նպատակը 2018-ից հետո էլ իշխանության ղեկին մնալն է։

Հայ ազգային կոնգրեսը, ՀԺԿ-ն, «Չեք անցկացնի» նախաձեռնությունը «ոչ» են քարոզում, հանրահավաքներ են սկսում «Նոր Հայաստան ազգային փրկության ճակատ»-ի ներկայացուցիչները։ ՀԱԿ-ը ձևակերպում է՝ պետք է հանրաքվեն վերածել «Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու» հանրաքվեի։ «Այո»-ի ճակատում դիրքավորված են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն։ Նրանց քարոզարշավը մամուլը որակում է պասիվ, իսկ իրենք՝ զուսպ:

Այս քարոզարշավի նորարարությունը եթերում էր. հեռարձակվում էր հեռուստաշոու, որում «Այո»-ի և «Ոչ»-ի արշավախմբերը համատեղ քարոզի էին մեկնում մարզեր։ «Այո»-ի թիմում նաև Հրայր Թովմասյանն է:

«Այս Սահմանադրությունը, ես վստահ եմ, շատ ավելի երկար ժամանակի համար է, այս Սահմանադրությունը չի գրված այս ուժերի հարաբերակցության համար: Այս ուժերը չեն լինի, բայց այս Սահմանադրությունը մեկ է՝ լինելու է», - ասում էր Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը:

Ընդդիմության հույսն այն էր, որ հանրաքվեի օրը ընտրակեղծարար մեքենան չի կարող ոչինչ անել, եթե ժողովուրդը համատարած «ոչ» քվեարկի։

Հանրաքվեի օրը «Ազատության» տեսախցիկները հանրապետության տարբեր տեղամասերում էին՝ ընտրախախտումների բազմաբնույթ ահազանգերով. մի տեղում երթուղայիններով, տաքսիներով «Այո»-ի շտաբ էին մտնում տասնյակ քաղաքացիներ, մի տեղում գումար էին բաժանում հենց երթուղայինից, դիտորդները պատմում էին իրենց հանդեպ կիրառված բռնությունների մասին, իշխանությունները մերթընդմերթ հանդես էին գալիս հերքման տեքստերով:

Հանրաքվեի պաշտոնական արդյունքը՝ ընտրությանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն 302 հազար քաղաքացի, «այո» են ասել 825 հազար 292-ը:

Հետընտրական գնահատականներում ավանդական պատկեր է՝ իշխանությունն այս հանրաքվեն համարեց «մեկ քայլ առաջ», ընդդիմությունը՝ «ոչ թե մի քանի քայլ հետ, այլ անկում»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG