Ամիսներ շարունակված քննարկումներից, թեժ բանավեճերից ու ելույթներից հետո, ամերիկյան Սենատն ի վերջո արդարացրեց նախագահ Դոնալդ Թրամփին։
Անցած տարվա սեպտեմբերից սկսված իմփիչմենթի ոդիսականն ավարտվեց ըստ կանխատեսումների. ընդդիմադիր դեմոկատները միաձայն պնդեցին` նախագահը մեղավոր է լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար, մինչդեռ ձայների մեծամասնությանը տիրապետող հանրապետականները Թրամփին պաշտոնանկ անելու հիմքեր այդպես էլ չտեսան:
Միասնական այս գիծը խախտեց միայն Յուտայից ընտրված Միթ Ռոմնին: «Ինձ համար դժվար է դեմ գնալ երկրի նախագահին ու սեփական կուսակցության առաջնորդին, սակայն ես երդվել եմ Աստծո առաջ՝ լինել անաչառ», - հայտարարեց հանրապետական սենատորը քվեարկությունից մի քանի ժամ առաջ։ «Սահմանադրությունը լրջագույն խնդիր է դնում Սենատի առաջ` պահանջելով որոշել` արդյոք նախագահն այնպիսի ծանր հանցագործություն ու դատապարտելի քայլ է կատարել, որ պետք է պաշտոնանկ արվի: Այո՛, արել է, նա խնդրել է օտար երկրի կառավարությանը հետաքննել իր քաղաքական մրցակցին և որպես ճնշում` սառեցրել է այդ երկրին անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Նախագահն այդ քայլին գնացել է զուտ իր անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով, ուստի նա մեղավոր է», - հայտարարեց Ռոմնին:
Հանրապետական սենատորը, այդուամենայնիվ, նախագահին առաջադրված երկու մեղադրանքներից միայն մեկը պաշտպանեց` լիազորությունների չարաշահումը. այս մասով Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչեցին 48-ը, 52-ը պնդեցին` նախագահն անմեղ է:
Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու հոդվածը պաշտպանեցին միայն դեմոկրատները` 47 ձայներով, հանրապետականներն այս դեպքում միաձայն արդարացրին Թրամփին:
«Հուսով եմ, որ դեմոկրատները համապատասխան եզրակացությունները կանեն և այլևս չեն գնա նման քայլի», - քվեարկության ավարտին հայտարարեց Հանրապետական խմբակցության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը։ - «Նրանց թվում էր` սա հիանալի գաղափար է և կարող է օգուտներ բերել գոնե կարճաժամկետ կտրվածքով, բայց իրականում քաղաքական մեծ սխալ էր»։
Դեմոկրատները հակադարձեցին` իրենք բարոյակա՛ն հաղթանակ են տարել։ «Մենք գլուխներս բարձր ենք դուրս գալիս Սենատից, քանի որ պայքարեցինք հանուն ճշմարտության», - պնդեց փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը:
Աղմկահարույց այս պատմության հիմքում Դոնալդ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցն է Ուկրաինայի նախագահի հետ: Ընդդիմախոսները պնդում էին, թե Սպիտակ տան ղեկավարը չարաշահել է լիազորություններն ու պահանջել, որ Կիևը հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ, առաջիկա ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի դեմ:
Թրամփը հակադարձում էր` դեմոկրատները «վհուկների որս» են սկսել իր ընտրության առաջին իսկ օրից։
Երեկ նույնը կրկնեց նաև փոխնախագահ Մայք Փենսը. - «Ես իսկապես համոզված եմ, որ դեմոկրատները շարունակաբար փորձում են տապալել նախագահին, որովհետև գիտեն` չեն կարող մրցել նրա հետ: Նրանք փորձեցին իմփիչմենթի ենթարկել , քանի որ գիտեն` չեն կարող հաղթել Դոնալդ Թրամփին 2020-ի նոյեմբերին: Հիմա, սակայն, ամեն ինչ ավարտված է»:
Ինքը` նախագահ Թրամփը խոստացել է Սենատի վճռորոշ քվեարկությանն անդրադառնալ այսօր ուշ երեկոյան` հատուկ հայտարարությամբ, մինչ այդ Թվիթերի իր էջում քվեարկության արդյունքը որակել է որպես լիակատար արդարացում, երկրի հաղթանակ, ու երկու տեսանյութ տարածել։ Դրանցից մեկում նա հիշեցրել է, որ իր դեմ քվեարկած միակ հանրապետականը` Միթ Ռոմնին, տարիներ առաջ չէր ստացել կուսակիցների հավանությունը նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: Մյուսում նախագահ Թրամփը պատկերված է այս տարվա նախընտրական արշավի պաստառում, հետո` 2024-ի, 2028-ի, և այդպես շարունակ. հոլովակն ավարտվում է «Հավերժ Թրամփ» կարգախոսով, առանց մեկնաբանության:
Փաստացի Դոնալդ Թրամփն արդեն իսկ մտել է պատմության մեջ որպես Ամերիկայի երրորդ նախագահը, որին ընդիմադիրները փորձեցին վաղաժամ պաշտոնանկ անել, բայց հաջողության չհասան: Միաժամանակ, նա առաջինն է, ով այդ փորձից մոտ ինն ամիս անց վերստին կպայքարի իշխանավարումը շարունակելու համար: