Դեմոկրատների իրավաբանների կազմած 111 էջանոց փաստաթղթում, որը ներկայացվելու է Սենատի դատին, նշված է, որ Դոնալդ Թրամփը խախտել է իր երդումը, ինչն անհամատեղելի է նախագահի պաշտոնում մնալու հետ: Դեմոկրատները գտնում են, որ Թրամփն իր գործողություններով սպառնալիքի տակ է դրել երկրի անվտանգությունը և սահմանադրական կարգը:
Թրամփը մեղադրվում է երկու հոդվածով՝ լիազորությունների չարաշահում և Կոնգրեսի հետաքննության խոչընդոտում: Դեմոկրատների կազմած մեղադրանքի կենտրոնում Ուկրաինայի իշխանությունների վրա ճնշումներն են` նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ հետաքննության սկսելու համար: Դեմոկրատները պնդում են, որ դա կատարվել է Թրամփի հրահանգով, որպեսզի նա քաղաքական օգուտներ ստանա:
Դոնալդ Թրամփի իրավաբանական թիմը պատասխանել է հայտարարությամբ` իրենց դիրքորոշումը շարադրելով 6 էջանոց փաստաթղթում: Նրանք Թրամփի դեմ մեղադրանքը համարում են վտանգավոր հարձակում ամերիկացիների և նրանց ընտրական իրավունքի վրա` պնդելով, որ դեմոկրատների հիմնական նպատակը 2016 թվականի ընտրությունների արդյունքների չեղարկումն է և այս տարվա ընտրություններին միջամտելը: Մեղադրող հոդվածներում որևէ հանցագործության կամ օրենսդրության խախտումների ապացույցներ չկան, և հետևաբար մեղադրանքը հակասում է Սահմանադրությանը, հայտարարել են Թրամփի իրավաբանները: Նրանք նշել են, որ ներկայացված երկու հոդվածներով մեղադրանքը նախագահը կտրականապես մերժում է:
Թրամփի իրավաբանների թիմին են միացել նախկին նախագահ Բիլ Քլինթոնի իմփիչմենթի գործով նախկին հատուկ դատախազներ Քենեթ Սթարը և Ռոբերտ Ռեյը, ինչպես նաև հայտնի փաստաբան, 81-ամյա Ալան Դերշովիցը: Վերջինս ասել է, թե ինքը համոզված դեմոկրատական է, բայց կպաշտպանի նախագահին, քանի որ նրա գործողություններում իմփիչմենթի պատճառներ չի տեսնում:
Սենատում Թրամփի իմփիչմենթի գործընթացը պաշտոնապես բացվեց հունվարի 16-ին, բայց շուտափույթ հետաձգվեց մինչև հունվարի 21-ը: