Դոնալդ Թրամփն այլևս երրորդ նախագահն է Միացյալ Նահանգների պատմության մեջ, ում Ներկայացուցիչների տունը իմփիչմենթի ենթարկեց՝ հարցն ուղարկելով Կոնգրեսի վերին ատյան՝ Սենատ:
Չորեքշաբթի օրը ավելի քան ութ ժամ շարունակված թեժ բանավեճերից հետո Ներկայացուցիչների տունը 230 կողմ քվեներով, դեմ՝ 197-ը, իմփիչմենթ հայտնեց նախագահին` իշխանությունը չարաշահելու համար, րոպեներ անց ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ հավանության արժանացավ նաև Թրամփին առաջադրված երկրորդ` Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքը:
«Ամերիկայում որևէ մեկը օրենքից վեր չէ», - մեկը մյուսի ետևից հայտարարում էին Թրամփի ընդդիմախոս դեմոկրատները: «Սրանով մենք մեր ժողովրդավարությունն ենք պաշտպանում», - պնդում էր Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին: - «Այն, ինչ մենք այսօր քննարկում ենք, ապացուցված փաստ է՝ նախագահը ոտնահարել է Սահմանադրությունը և կրկին վտանգի տակ դրել մեր ազգային անվտանգությունը: Դրա մասին են վկայում պարգևների արժանացած զինվորականների, հեղինակավոր դիվանագետների ու քաղծառայողների՝ անցած շաբաթներին տված վկայությունները»:
Չնայած դեմոկրատների փաստարկներին՝ հանրապետականներից որևէ մեկն այդպես էլ առաջադրված մեղադրանքներին չմիացավ: Խմբակցության ղեկավար Քևին ՄըքՔարթին պնդեց՝ Թրամփի ընդդիմախոսներն ընդամենը վրեժ են լուծում նախորդ նախագահական ընտրություններում կրած պարտության և առաջիկայում սպասվող ձախողումների պատճառով:
«Տիկին խոսնակ, ստիպված եմ զգուշացնել Ձեզ, հիմա մի բան կասեմ, որ իմ դեմոկրատ գործընկերները տանել չեն կարողանում լսել: Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահն է: Նա նախագահ է այսօր և նախագահ կլինի վաղը: Նա նախագահ կլինի նաև այն ժամանակ, երբ իմփիչմենթի այս գործընթացն ավարտվի», - հայտարարեց ՄըքՔարթին:
Աղմկահարույց այս քննությունը սկիզբ առավ Միացյալ Նահանգների նախագահի ու Ուկրաինայի նորընտիր առաջնորդի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են` Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:
Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:
«Քրիստոսի ընդդիմախոսներն ավելի արդար էին, քան դեմոկրատները` նախագահ Թրամփի հանդեպ», - քվեարկությունից առաջ հայտարարեց հանրապետական Բերի Լոուդերմիլքը` գործընթացը որակելով ամոթալի խարան Նահանգների պատմության մեջ:
Քվեարկությունից հետո արդեն գույներն է՛լ ավելի խտացան՝ դեմոկրատները պառակտում են այս երկիրը, հայտարարեց հանրապետական Դեբի Լեսքոն:
«Սա ամենաբեևեռացված, միակուսակցական իմփիչմենթն է Միացյալ Նահանգների պատմության մեջ, որևէ հանրապետական դրան չի միացել, որևէ հանրապետական կողմ չի քվեարկել նաև մինչ այս, երբ հարցը քննարկվում էր Ներկայացուցիչների տան իրավական և մյուս հարցերով հանձնաժողովներում», - ասաց Լեսքոն:
Նախագահ Թրամփը քննակմանը հետևում էր հեռակա՝ թվիթերյան գրառումներով, քվեարկության ժամանակ էլ հանդիպում էր անցկացնում Միչիգանում՝ հազարավոր աջակիցների հետ:
«Այս ապօրինի, միակուսակցական իմփիչմենթով Դեմոկրատական կուսակցությունը գնում է քաղաքական ինքնասպանության: Երեկ ես նրանց առաջնորդին՝ Փելոսիին նամակ էի ուղարկել՝ դատապարտելով նրա կուսակցության կողմից իշխանության զազրելի չարաշահումը: Նրանք իմ դեմ ոչինչ չունեն, և իրականում հենց նրանց է պետք իմփիչմենթի ենթարկել՝ մեկ առ մեկ», - հայտարարեց ԱՄՆ նախագահը:
Հիմա արդեն, երբ դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների տունը հավանություն է տվել իմփիչմենթին, հարցը պետք է փոխանցվի Կոնգրեսի վերին պալատ` Սենատ: Այստեղ մեծամասնությունը Թրամփի կուսակից հանրապետականներն են, վերջիններիս առաջնորդ Միթչ ՄըքՔոնելն արդեն իսկ զգուշացրել է` իրենց շարքերը կուռ են, նախագահի պաշտոնանկությունը` իսպառ բացառված:
Ի դեպ, այս ճանապարհով են անցել նաև Ամերիկայի նախագահներ Բիլ Քլինթոնը` 1998-ին, և Էնդրյու Ջոնսոնը` 1868-ին, նրանցից որևէ մեկի դեպքում, սակայն, գործընթացն ավարտին չի հասել, և Նահանգների պատմության մեջ որևէ նախագահ մինչ օրս պաշտոնանկ չի արվել իմփիչմենթի միջոցով: