Մատչելիության հղումներ

Աղաղակող սկանդալ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի ժամանակ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձը Կոնգրեսում, Վաշինգտոն, 4 փետրվարի, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձը Կոնգրեսում, Վաշինգտոն, 4 փետրվարի, 2020թ.

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի երրորդ ամենամյա ուղերձն ուղեկցվել է Ամերիկայի պատմության ընթացքում աղաղակող սկանդալով:

Նախ Թրամփը հրաժարվել է սեղմել Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի ձեռքը, խոսնակն էլ նիստից հետո հրապարակավ պատռել է ուղերձի տեքստը: Հանրապետականներն էլ վանկարկել են. - «Եվս 4 տարի, ևս 4 տարի»:

Թրամփն ուղերձում խոսել է իր ղեկավարման օրոք Ամերիկայի գրանցած վիթխարի հաջողությունների մասին. - «3 տարի առաջ ենք սկսել ամերիկյան մեծ վերադարձը, այս երեկո ես կանգնած եմ ձեր առջև և կիսվում եմ այս անհավատալի արդյունքներով՝ աշխատատեղերն ավելանում են, եկամուտն աճում է, աղքատությունը նվազում է, հանցավորությունը նվազում է, վստահությունն աճում է, մեր երկիրը նորից բարգավաճում է և արժանանում է բարձրագույն հարգանքի, մեր թշնամիները փախուստի են դիմում, Ամերիկայի հարստությունն ավելանում է, Ամերիկայի ապագան պայծառ է, տնտեսական անկման տարիներն անցյալում են», - ասել է Թրամփը:

Ուղերձի ընթացքում խանդավառված հանրապետական օրենսդիրները ժամանակ առ ժամանակ կանգնում և հոտնկայս ծափահարում էին իրենց լիդերին, մինչդեռ, դեմոկրատ սենատորներն ու կոնգրեսականները նստած էին մնում և գրեթե չէին ծափահարում:

Թրամփը խստորեն քննադատել է դեմոկրատների վարած քաղաքականությունն առողջապահության ասպարեզում և պնդել է, որ Ամերիկան երբեք չի հրաժարվի մասնավոր ապահովագրման համակարգից ու «կմերժի սոցիալիստական գաղափարները»:

Թրամփը խոսել է արտաքին քաղաքականության մասին՝ ասելով, որ Ամերիկան վերջ է տվել Չինաստանի հետ առևտրի ասպարեզում նախորդ վարչակարգերից ժառանգած անարդար անհավասարակշռությանը, որը տասնամյակներ շարունակ վնաս է հասցրել ամերիկյան տնտեսությանը:

Նրա պնդմամբ՝ այդպես էլ կշարունակվեր, եթե չգտնվեր մեկը, ով կասեր՝ «բա՛վ է»: Թրամփը նկատել է տվել, որ այդ մեկն ինքն է: Թրամփի փոխանցմամբ՝ վերականգնելով հավասարակշռությունը՝ Միացյալ Նահանգները միաժամանակ շատ հարգալից և կառուցողական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ:

«Հիմա մենք ուզում ենք վերակառուցել մեր երկիրը, և դա հենց այն է, ինչ անում են՝ մենք վերակառուցում ենք մեր երկիրը», - ասել է նախագահը:

Վերջինս հայտարարել է, որ Ամերիկան շարունակում է պայքարել այլ երկրների ազատության համար, առավել սկզբունքային քայլեր է ձեռնարկում արևմտյան կիսագնդում, սատարում է ազատությանը ձգտող Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի ժողովուրդներին, կոշտ գործողություննէր է իրականացնում Կուբայի ռեժիմի նկատմամբ և աջակցում է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, ով Թրամփի հրավերով պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է երեկվա նիստին, և Թրամփը նրան ներկայացրել է որպես «Վենեսուելայի միակ օրինակարգ նախագահ»:

ԱՄՆ նախագահը պաշտպանել է իր կոշտ քաղաքականությունն Իրանի հարցում և ընդգծել է, որ գեներալ Քասել Սոլեյմանիին հարկ էր ոչնչացնել, քանի որ նա մեղավոր է անհաշիվ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանության համար:

«Մեր ուղերձն ահաբեկիչներին շատ հստակ է՝ դուք երբեք չեք խուսափի ամերիկյան արդարադատությունից, եթե դուք հարձակման ենթարկեք մեր քաղաքացիներին, դուք դրա համար ձեր կյանքով կվճարեք», - ասել է Թրամփը:

Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստից հետո Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ Թրամփի ուղերձն «անվստահության հրովարտակ էր»:

«Արդյոք դուք ներկա կլինե՞ք նրա ևս մեկ ուղերձին», պատասխանելով այդ հարցին՝ խոսնակն ասել է, թե հուսով է, որ երկիրը կունենա նոր նախագահ:

Նախագահն ամենամյա ավանդական ուղերձում շրջանցել է իմփիչմենթի թեման:

Այսօր երեկոյան Սենատում նախատեսվում է դատական վերջին նիստը, վերլուծաբանները համոզված են, որ հանրապետականների հսկողության տակ գտնվող Կոնգրեսի այդ պալատն անպայման կարդարացնի Դոնալդ Թրամփին:

XS
SM
MD
LG