Երեկ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած Հայաստանի քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել և տեղափոխվել է Ռուսաստան։
Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացու հետ և քայլեր է ձեռնարկում վերջինիս հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ հավելելով, որ տարհանումն իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից։ Չինաստանի այդ նահանգում գտնվող Հայաստանի մյուս քաղաքացիները, դեսպանության հաղորդագրության համաձայն, հրաժարվել են տարհանման հնարավորությունից։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չինաստանից առաջին օդանավը երեկ է վայրէջք կատարել ռուսաստանյան Տյումեն քաղաքի օդանավակայանում։ Ինչպես հայտնում է վարակը կանխելու համար Տյումենում ստեղծված գործադիր շտաբը, ժամանածների թվում վարակվածներ չկան։ Ընդհանուր առմամբ, Չինաստանից այս առաջին օդանավով տարհանվել է 80 մարդ, նրանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, տարհանվածների թվում են Հայաստանի և Տաջիկստանի մեկական քաղաքացիներ։ Նրանք բոլորը տեղափոխվել են Տյումենի մոտակայքում գտնվող հատուկ սարքավորված կենտրոն՝ երկշաբաթյա կարանտինի։
Այսօր Չինաստանից երկրորդ ինքնաթիռն է ժամանել Տյումեն, այն Ռուսաստան է տարհանել 68 մարդու, պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ նրանք բոլորը ՌԴ քաղաքացիներ են։ Տյումենը Ռուսաստանի առաջին քաղաքն է, որտեղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակը՝ չինացի ուսանողի մոտ։ Այս պահի տվյալներով, Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու դեպք՝ Անդրբայկալում և Տյումենում, երկու հիվանդներն էլ Չինաստանի քաղաքացիներ են, և պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանք իրենց նորմալ են զգում։
Չինաստանում, վերջին տվյալներով, արդեն 490 մարդ է մահացել կորոնավիրուսից, ավելի քան 24 մարդ վարակվել է։ Մահվան 65 նոր դեպք է գրանցվել վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում։ Միլիոնավոր չինացիներ զգուշացվել են, որ դուրս չգան տներից: Նրանք կարանտինի մեջ են, մեծ մասը՝ 50 միլիոն բնակչություն ունեցող Հուբեյ նահանգում: Երկու տասնյակից ավելի երկրներ հայտնել են վարակի ավելի քան 175 հաստատված դեպքերի մասին։
Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում, ևս մեկը՝ Չինաստանի կիսաինքնավար շրջան Հոնկոնգում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։