Մատչելիության հղումներ

ԱՀԿ պաշտոնյա. Նոր կորոնավիրուսը առայժմ գտնվում է համաճարակի փուլում


«Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսը առայժմ գտնվում է համաճարակի փուլում, աշխարհով մեկ տարածման մասին չենք կարող խոսել», - այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարակների տարածման դեպարտամենտի ղեկավար Սիլվի Բրայանը:

«Վերջին տվյալները վերլուծելով՝ մասնագետները փաստում են, որ վարակը դեռ կենտրոնացած է մի շարք օջախներում, մենք այժմ պայքարում ենք դրա ընդարձակումը կասեցնելու համար», - հավելել է Բրայանը: - «Տարածումը կանխելու համար շատ կարևոր է, որ հիվանդ մարդիկ դիմակներ կրեն, դա հստակ է: Ինչ վերաբերում է ռիսկերին, պետք է կրկնեմ՝ միայն դիմակը բավարար չէ վարակից պաշտպանվելու համար, անհրաժեշտ է մի շարք միջոցառումներ կիրառել»:

Չինաստանից ստացված տվյալները փաստում են, որ վերջին 24 ժամում վարակը նոր ռեկորդ է սահմանել՝ մեկ օրում մահացել է 64 մարդ: Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից սկիզբ առած այս հիվանդության զոհ են դարձել ավելի քան 425 մարդ, վարակված են ավելի քան քսան հազարը: Հիվանդների գերակշռող մասը Չինաստանում են, թեև առանձին դեպքեր են հայտնաբերվել նաև այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ասիայում: Կիրակի հաղորդվել էր Չինաստանից դուրս արձանագրված առաջին մահվան մասին, ևս մի հիվանդ էլ այսօր Հոնկոնգում է մահացել:

«Լսել եմ՝ որոշ աղբյուրներ հաղորդում են, թե իբր վիրուսը տարածումից հետո մուտացիայի է ենթարկվում, փոփոխվում և այլն, սակայն մենք մինչ այժմ այդ պնդումները հաստատող որևէ ապացույց չունենք», - ասել է Սիլվի Բրայանը:

Համաշխարհային բանկը հայտարարել է, թե պատրաստվում է նոր միջոցներ հատկացնել հիվանդության տարածումը կանխելու, էպիկենտրոնում հայտնված երկրներին օգնելու համար: Ֆինանսական կազմակերպությունը, միաժամանակ, հորդորել է բոլոր երկրներին ամրապնդել իրենց առողջապահական վերահսկողությունն ու համախմբել ջանքերը:

Մինչ այդ նոր հետազոտություն է հրապարակվել բժշկական ոլորտի ամենահայտնի պարբերականներից մեկում՝ Lancet-ում։ Հեղինակները պնդում են, որ նոր վարակը ավելի արագ է տարածվում, քան ասենք նույն Չինաստանում 2002-ին սկիզբ առած նախորդ վիրուսը՝ Ծանր սուր շնչառական համախտանիշը: Մյուս կողմից, մասնագետների խոսքով, նոր կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ավելի ցածր է. որպես կանոն, տեղի են տալիս տարեց մարդիկ և այն հիվանդները, որոնք մինչև այդ էլ առողջական լուրջ խնդիրներ են ունեցել:

Մինչ բժիշկները փնտրում են դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, տնտեսագետները հաշվում են հիվանդույթան պատճառով կրած կորուստներն ու կանխատեսումներ անում ապագայի մասին:

«Մուդիս» վարկանիշային կազմակերպության առաջատար վերլուծաբանները, օրինակ, պնդում են, որ աշխարհով մեկ տարածվելու դեպքում այս վիրուսը կարող է ավելի մեծ հարված հասցնել միջազգային շուկաներին, քան 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը:

Այս պահի դրությամբ արդեն հստակ է. նավթի գինը հասել է վերջին տարվա մեջ ամենացածր ցուցանիշին, քանի որ դրա ամենամեծ ներկրողը՝ Չիինաստանը, 20 տոկոսով կրճատել է սպառումը: Չինական խոշոր արդյունաբերությունը ողջ թափով չի աշխատում, ինչի հետևանքով վարակի տարածումից հետո շուրջ յոթ տոկոսով ընկել են նաև մետաղների՝ պղնձի, ալյումինի ու նիկելի գները: Ուհանը, որտեղից սկիզբ է առել համաճարակը, համարվում էր ավտոարտադրության կենտրոններից մեկը։ Հիմա այստեղ բոլոր գործարանները փակ են, փողոցները՝ ամայի: Մասնագետները պնդում են, որ եթե չինական գործարանները մի քանի շաբաթ էլ փակ մնան, ինչը շատ հավանական է, արևմտյան մի շարք խոշորագույն ընկերություններ կկանգնեն խնդիրների առաջ:

XS
SM
MD
LG