Մատչելիության հղումներ

Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն աջակցություն են ակնկալում հայրենիք վերադառնալու հարցում


Չինաստանի տարբեր նահանգներում գտնվող Հայաստանի մի քանի քաղաքացիներ դիմում են Հայաստանի կառավարությանն ու Արտգործնախարարությանը, որպեսզի իրենց աջակցեն հայրենիք վերադառնալու հարցում։ Մեր զրուցակիցներն ասում են՝ կորոնավիրուսի բռնկումումով պայմանավորված շատ գործատուներ անժամկետ դադարեցրել են աշխատանքային պայմանագրերը, հետևաբար ոմանց մոտ կեցության ու բնակվարձի գումարը վճարելու խնդիր է առաջացել։

Տաթևիկ Մարտիրոսյանն ապրում է Շանդոնգ նահանգի Ջույե քաղաքում, ցանկանում է վերադառնալ, բայց չգիտի ինչպես. - «Ճանապարհները փակ են: Հասնելով օդանավակայան՝ մենք չգիտենք՝ արդյոք կկարողանանք ինքնաթիռ բարձրանալ, թե ոչ: Այստեղ մնալով մենք ծախսում ենք մեր գումարները և գուցե վաղը չունենանք գումար Հայաստան վերադառնալու համար: Օրերն անցնում են, գումարը պակասում է, Հայաստան վերադառնալու շանսերը քիչանում են: Ես փորձեցի վերադարձնել իմ տոմսը, որը մարտի 9-ին էր, բայց Polish airlines-ը մերժեց: Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ուզում ենք վերադառնալ հայրենիք և խնդրում ենք միջոցներ ձեռնարկել մեզ վերադարձնելու, ինչպես նաև ապահովեք անվտանգություն մեր և ձեր ընտանիքների համար»:

Չինաստանում առողջապահության ազգային հանձնաժողովը տեղեկացնում է, որ կորոնավիրուսից զոհերի թիվը Չինաստանում հասել է 425-ի, վարակվածներինն էլ անցնում է 20 հազարը (20 հազար 438-ի): Չինաստանում ապրող մեր հայրենակիցները հիմնականում անգլերեն են դասավանդում տեղի կրթական հաստատություններում, դասերը դադարեցված են, այս օրերի համար էլ նրանք հիմնականում չեն վարձատրվում։

Շանքսի նահանգի Սիան քաղաքից Սեդա Վարդանյանն ու Ջինջին նահանգի Դագա քաղաքից Նաիրա Գրիգորյանն են դիմում Հայաստանի կառավարությանը. - «Աշխատանք ենք խուճապի չմատնվել, բայց եթե վատագույն դեպքում 10-15 օրը լրանալուց հետո նորմալ լուծում չտրվեց իրենց կառավարության կողմից, մենք հանգիստ լինենք, որ մեր տարհանման կամ որևէ ինչ-որ հարցով կարող է մեր պետությունը մեզ աջակցել, ուզում ենք հանգիստ լինել այդ պահով», - ասում է Սեդա Վարդանյանը:

Նաիրա Գրիգորյանն էլ նկատում է. - «Հիմա ես գտնվում եմ դպրոցում, տնօրինության խնդրանքով ես եկա դպրոց, քանի որ ես ուզում եմ վերադառնալ Հայաստան, բայց չկա այդ հնարավորությունը, առաջին հերթին չկա ոչ մի տրանսպորտ, տնօրինությունն ինձ հստակ պատասխան տվեց՝ այժմ չգնալ, սպասել մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածը, բայց եթե փետրվարի 15-ից հետո այս խնդիրը այսպես անլուծելի շարունակվեց, և մենք մնացինք փակված և առանց աշխատանքի, ապա կարծում եմ՝ լուրջ խնդրի առաջ կկանգնենք»:

Չինաստանում աշխատող հայերից ոմանք «Ազատությանն» ասացին՝ անգամ եթե իրենց տարհանեն, բայց կարանտինային շրջանն անցկացնելու համար երրորդ երկիր ուղարկեն, չեն կաորղ այնտեղ ապրել՝ գումար չունեն, հետևաբար նախընտրում են Հայաստան վերադառնալ։ Սիան քաղաքում բնակվող Անժելա Միքայելյանն ասում է՝ հաճախ անգամ գումար ունեցողները չեն կարողանում դուրս գալ երկրից:

«Շատ ՀՀ քաղաքացիներ, որոնք նույնիսկ անձնապես, առանց որևէ մեկի հուշման և օգնությամբ որոշում են կայացնում լքել Չինաստանը, ինչը խորհուրդ են տալիս մեր ղեկավար մարմինները, պարզապես ի վիճակի չեն դա անել, որովհետև բազմաթիվ ավիաընկերություններ առհասարակ չեղարկել են թռիչքները դեպի Չինաստան և Չինաստանից կամ դրանք հասցրել են մինիմումի: Ես և ընկերներս այս պահին Սիան քաղաքում ենք, օրվա մեջ 50-100 անգամ ուղղակի ստուգում ենք տոմսերը՝ տեսնելու, թե ինչ խելամիտ տարբերակով կարող ենք Չինաստանից դուրս գալ, բայց առայժմ ոչ մի հարմար բան չկա, որովհետև բոլոր ուղղությունները Չինաստանից դուրս տանող գրեթե փակ են: Այս պահին Չինաստանից դուրս գալու միակ հավանական տարբերակը ռուսական «Աերոֆլոտ»-ն է, բայց էլի խնդիրներ առաջանում են: Էլ չեմ խոսում նրա մասին, որ գները տոմսերի պարզապես խելահեղ են ու օր օրի աճում են», - պատմում է Անժելա Միքայելյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննարկում են տարհանման հնարավոր եղանակներ։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին 10 օրերի ընթացքում Չինաստանից Հայաստան են վերադարձել շուրջ 200 ՀՀ քաղաքացիներ, կարանտինի գոտուց տարհանվել է մեկ քաղաքացի, մյուսի տեղափոխումը կկազմակերպվի առաջիկայում: Չինաստանի տարածքում գտնվում են ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն գրանցվել դեսպանատանը, և այժմ քայլեր են ձեռնարկվում նրանց թիվը ճշտելու համար: Արգործնախարարությունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին նախքան օդակայան գնալը կապ հաստատել դեսպանության հետ, նախապես ստուգել՝ թռիչք կա, թե ոչ, որպեսզի չբախվեն խնդիրների։

XS
SM
MD
LG