Մատչելիության հղումներ

Լենա Նանուշյանը հայտնում է՝ Հայաստանը նոր վիրուսի բռնկման համար համարվում է ցածր ռիսկային երկիր


Հայաստանը կորոնավիրուսի բռնկման համար համարվում է ցածր ռիսկային երկիր, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Հայաստանը կորոնավիրուսի առումով համարվում է ցածր ռիսկային երկիր՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, հետևաբար կարիքը չկա դիմակ կրելու», - ասաց փոխնախարարը։

«Ազատության» դիտարկմանը՝ ֆեյսբուքյան մի խմբում Չինաստանում ապրող հայերը գրում են, որ ուզում են վերադառնալ Հայաստան, բայց ինքնաթիռ չկա, Նանուշյանն արձագանքեց. «Քանի որ համաճարակը սկսվել է Ուհան քաղաքում և Հուբեյ նահանգում է հիմնականում տարածված, Չինաստանի կառավարությունը հունվարի կեսերին հայտարարեց, որ կարանտին է հայտարարում և փակում է ելքն այդ նահանգից ամբողջությամբ։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր որ գտնվում են այդ նահանգում, մասնավորապես՝ այդ քաղաքում, չեն կարող դուրս գալ, քանի դեռ մեր Արտաքին գործերի նախարարության, դեսպանատան միջոցով նման ցանկություն չեն հայտնել։ Մենք, իհարկե, աշխատել ենք Արտաքին գործերի նախարարության հետ, և իրենց հետ կապի դուրս եկած հայ քաղաքացիներից միայն մեկն է կապի դուրս եկել, որպեսզի վերադառնա, և մեր ԱԳՆ գործընկերների օգնությամբ կազմակերպվել է իր տեղափոխությունը։ Այժմ նա գտնվում է Ղազախստանում, պետք է 14 օր կարանտինի այդ շրջանն անցկացնի այնտեղ, նոր վերադառնա Հայաստան»։

Փոխնախարարը նշեց, որ չնայած կորոնավիրուսի հայտնաբերման թեստերի որոշակի խմբաքանակ ձեռք են բերել, այնուամենայնիվ շարունակում են բանակցությունները այլ արտադրողների հետ՝ հնարավորության դեպքում նորից լրացուցիչ քանակի թեստեր ձեռք բերելու համար։

«Ինչո՞ւ Չինաստանից Հայաստան ժամանողներին 14 օր չեք մեկուսացնում կարանտինային գոտում, որպեսզի հասկանալի լինի՝ վարակված է նա արդյոք կորոնավիրուսով, թե ոչ», - Առողջապահության փոխնախարարին հարցրեց օգտատերերից մեկը։ Օգտատերերը հիմնականում ընդգծում էին՝ եթե վիրուսի ինկուբացիոն շրջանը 14 օր է տևում և Հայաստան ժամանելիս անձի մոտ դեռ ոչ մի ախտանշան չի արձանագրվում, վստա՞հ են, որ ախտանշանները մի քանի օր անց ի հայտ չեն գա։ Լենա Նանուշյանն ասաց՝ Չինաստանից բոլոր ժամանողներին մեկուսացնելու հնարավորություն և նպատակահարմարություն չկա, ուղղորդվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով։

«Երբ որ անձը մեր սահմանային կետ հասնում է, լրացվում են հասցեական քարտեր, որտեղ նշվում է, անկախ՝ Չինաստանի քաղաքացի է, թե մեր հայ քաղաքացին է, որտեղ է ինքը ապրելու, և եթե ջերմություն չի հայտնաբերվում իր մոտ, այնուհետև, այդ 14 օրերի ընթացքում, իր նկատմամբ կիրառվում է բժշկական հսկողություն, այսինքն՝ մեր մասնագետները ամեն օր կապի մեջ են լինում այդ մարդկանց հետ», - ասաց փոխնախարարը։ Դիտարկմանը՝ գուցե նոր է վարակվել, այդ պահին ջերմություն չունի, գնում է տուն՝ օրեր անց պարզվում է, որ ունի, ու այդ ընթացքում արդեն շփվել է հարազատների հետ, արդյոք չարժե՞ ժամանողներին 14 օր մեկուսացնել, Նանուշյանն արձագանքեց. - «Քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցում ասում է, որ «միայն ջերմաչափման արդյունքում կամ այլ նշանների դեպքում կարող եք դուք արդեն համապատասխան միջոցառումների դիմել», մենք փորձում ենք այս պահին այդ միջոցառումներին չդիմել, ուղղորդվել միայն ԱՀԿ-ի ուղեցույցներով։ Եթե սիմպտոմներ կան, նշաններ կան, անպայման իրենց իզոլացնում ենք, հետազոտում ենք, բոլոր հետազոտությունները անում ենք, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի հիվանդություն է։ Բացի ախտանիշներից՝ կարևոր է, թե որտեղից է նա ժամանել, որովհետև ամենամեծ ռիսկայնությունը այդ նահանգն է Հուբեյի և Ուհան քաղաքը, եթե շրջակա այլ քաղաքներից է, ռիսկայնությունը ավելի ցածր է»։

Հարցին՝ բացառո՞ւմ է տարբերակը, որ ժամանումից հետո միայն 7-8-րդ օրը պարզվի, որ անձը վարակված է, փոխնախարարը պատասխանեց. - «Տարբերակը, բնականաբար, չենք կարողանա բացառել, բայց բոլոր ժամանողներին, այդ թվում նաև՝ Չինաստանից եկող զբոսաշրջիկներին մեկուսացնել հնարավորությունը և դրա նպատակահարմարությունը չկա, ինչպես ասացի արդեն՝ միջազգային կանոնների համաձայն»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թվիթերի իր միկրոբլոգում նշել է, որ Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի առաջին խմբաքանակը՝ անվճար:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին՝ եթե թեստավորելու են միայն Ուհանից, այլ ոչ թե ընդհանրապես Չինաստանից ժամանածներին, ապա ինչի՞ համար են այդ թեստերը, չէ՞ որ վիրուսը 14 օր գաղտնի տևողություն ունի, Լենա Նանուշյանն արձագանքեց. - «Նորից ռիսկայնության մասին պետք է խոսեմ. նախ, առաջինը՝ որ Ուհան քաղաքից և Հուբեյ նահանգից ժամանողներն են, որ բարձր ռիսկայնություն կա, և երկրորդը՝ ուզում եմ նորից հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության համար ռիսկայնությունը բավականին ցածր է, և մենք բոլոր տեսակի միջոցառումներ ներկայումս իրականացնում ենք, որ այդ ռիսկայնությունը ցածր մակարդակի վրա էլ մնա»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG