Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 425-ի, վարակվածներինը՝ 20 հազար 438-ի: Այդ մասին հայտարարել է երկրի Առողջապահության ազգային հանձնաժողովը։
Չինաստանի ղեկավարությունն ընդունել է, որ նոր վիրուսի դեմ պայքարում թերություններ են տեղ գտել, և ընդգծել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգի բարելավման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք՝ նախօրեին Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը 361 էր, վարակվածներինը՝ շուրջ 17 հազար։
Հաղորդվում է, որ ևս 23 երկրում կորոնավիրուսի շուրջ 150 դեպք է արձանագրվել։ Չինաստանից դուրս վարակից մահվան մեկ դեպք է գրանցվել՝ երկու օր առաջ Ֆիլիպիններում։ Մահվան ևս մեկ դեպք գրանցվել է այսօր Հոնկոնգում՝ Չինաստանի կիսաինքնավար շրջանում։
Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի կապակցությամբ միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։