Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170-ի, հիվանդության դեպքեր են արձանագրվել երկրի արդեն բոլոր շրջաններում: Տասնյակ երկրներ սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր կրկին հանդիպում կանցկացնի՝ առաջիկա քայլերը քննարկելու շուրջ: Չինաստանից բացի, վարակի դեպքեր են արձանագրվել առնվազն 16 երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Թայլանդում ու Հարավային Կորեայում:
Մի շարք երկրներ փակել են սահմաններն ու դադարեցրել օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Ռուսաստանի վարչապետը ևս այսօր հանձնարարել է փակել Չինաստանի հետ սահմանը: