Մատչելիության հղումներ

Գորգիսյան. Իշխանության դժգոհությունը բնական է, բայց ընդունելի չէ ընտրած հռետորաբանությունը


Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյան («Լուսավոր Հայաստան»)
Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյան («Լուսավոր Հայաստան»)

Արդեն մի քանի օր է, ինչ իշխանության առաջին դեմքերի թիրախում է հայտնվել ընդդիմադիր գործընկերների որդեգրած գործելաոճը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից արձագանքում են՝ բնական է, որ իշխանությունը դժգոհ է ընդդիմությունից, բայց ընդունելի չէ այն հռետորաբանությունը, որն ընտրել է հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը։

«Բառապաշարի խնդիր կա, թե ինչպես են իրենք իրենց դժգոհությունը արտահայտում», - «Ազատության» հետ զրույցում ասում է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ - «Ու եթե խցանումների մասին ենք խոսում, պետք է փաստենք, որ իշխանությունները խցանվել են դեռ հեղափոխական իրավիճակներում և չեն գիտակցում, որ արդեն վաղուց հեղափոխությունը ավարտել են և հիմա կառուցելու ու աշխատելու ժամանակն է։ Եվ այստեղ նրանք ունեն բազմաթիվ թերացումներ ու բացթողումներ։ Ու փոխանակ աշխատեն, անընդհատ փորձում են մանիպուլյատիվ դաշտ տանել երկխոսությունը։ Եվ որևէ փաստարկ չունենալով մեր ներկայացրած իրենց թերացումներին՝ սկսում են կրկին սև ու սպիտակի, հնի ու նորի պայքար տանել»։

Խորհրդարանում մեծությամբ երրորդ ուժ «Լուսավոր Հայաստանի» և իշխանության միջև լարվածությունը խորացավ, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, չնայած ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ հանձնաժողովի ստեղծման մասին որոշմանը, տապալեցին Երևանի քաղաքապետարանին «ԿամԱզ»-ներ նվիրելու փաստով քննիչ հանձնաժողովի կազմի ձևավորումը:

Վարչապետ Փաշինյանը վերջին ասուլիսում դարձյալ պնդեց որոշման պատճառն իրավական է. այդ լիազորությունը պատկանում է Երևանի ավագանուն, և այդ որոշմամբ կխախտվեր իշխանությունների տարանջատման սկզբունքը։

Ապա Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իր նախկին թիմակից Էդմոն Մարուքյանին. - «Հիմա էս իրավիճակում ուղղակի ես ցավում եմ, որ պարոն Մարուքյանը ուղղակի չի կարողանում տարբերի։ Որ ասում եք՝ անցյալում ա մնացել, ի՞նչ նկատի ունի։ Նկատի ունի, որ... պարոն Մարուքյանը ոնց որ թե... տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չի, ես Սերժ Սարգսյանը չեմ։ Հերիք ա իսկապես մեր համեստությունը չարաշահեն։ Ես ասում եմ՝ սա 2016, 2015 և նույնիսկ 2017 թվականը չէ, որ իշխանության հետ առևտուր - շանտաժ, շանտաժ - առևտուր բանաձևով հնարավոր լինի խոսալ։ Ինքնաոչնչացմամբ են զբաղված էդ մարդիկ։ Թող մեր քաղաքական կրեդիտի մասին չանհանգստանան»։

Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքեց Մարուքյանը. - «Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթև ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու և չբերելու» մակարդակին։ Հեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ 73 տոկոս ձայն հավաքած վարչապետը տեղը չի բերում, որ «ժողովուրդ» եզրույթը չի սահմանափակվում միայն իր ընտրողներով։ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ, այլ՝ արատավոր համակարգի, որը ինքը չի կարողանում և չի ուզում փոխել»։

Ինչ վերաբերում է շանտաժի և առևտրի մասին Փաշինյանի ակնարկներին Գևորգ Գորգիսյանն արձագանքում է․ - «Երևի որպես նախկին ընդդիմադիր, Նիկոլ Փաշինյանը երբեմն այդպես է խոսել նախկին իշխանությունների հետ, երկրի ղեկավարների հետ, բայց մենք երբեք նման բառամթերք չենք ունեցել, նման տոնայնություն չենք ունեցել և հիմա էլ չունենք»։

Ավելի վաղ «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակներում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել էր, թե խորհրդարանին ընդամենը հեղափոխական ընդդիմությունն է պակասում. - «Խորհրդարանին պակասում է ընդամենը հեղափոխական ընդդիմություն։ Ընդդիմությունը մնացել է անցյալում, և ես ցավով եմ սա արձանագրում։ Այսօրվա ընդդիմությանը տրված է շանս՝ գտնելու նոր ընդդիմադիրության ձևերը, բայց կարծես թե դեռ չի հաջողվում»։

XS
SM
MD
LG