Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը պաշտոնական նամակներ է ուղարկել Դավիթ Խաժակյանին և Էդմոն Մարուքյանին


Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է ուղարկել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ու Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ առաջարկելով հերքել կամ հիմնավորել լրատվամիջոցներով արված իրենց հայտարարությունները, թե նվիրատուները ոչ թե «Կամազ», այլ փող են տվել քաղաքային իշխանությանը։

Օրինակ՝ Դավիթ Խաժակյանն այդպիսի հայտարարություն էր արել «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում։

«Փող են մարդիկ փոխանցել, «Կամազ» չեն առել, նվիրել, ժողովուրդ ջան, փող են փոխանցել», - նշել է Խաժակյանը։

«Ազատության» հարցին՝ Դավիթ Խաժակյանի ու Էդմոն Մարուքյանի հայտարարություններից շաբաթներ են անցել, ինչո՞ւ է Մարությանը հիմա արձագանքում, քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետարանը սպասել է, որպեսզի նրանք ինչ-որ փաստաթղթեր, չնայած հասկանալի է, որ էդ փաստաթղթերը ներկայացնել չէին կարող, որովհետև էդպիսի փաստեր չկան, դա պարզ ասած, ապատեղեկատվություն է։ Քաղաքապետ Մարությանն այս նամակով կոչ է անում գալ հանրային խոսքում ավելի պատասխանատու լինելու հարթակ։ Արդեն պարոն Մարուքյանի և պարոն Խաժակյանի արձագանքից հետո հասկանալի կլինի, թե ինչ գործողությունների պետք է դիմել»։

Կարապետյանն ասում է՝ քաղաքապետի դեմ ուղղորդված հակաքարոզչություն կա, և դրանք նաև լրատվամիջոցներով են արվում։ Խոսնակի խոսքով՝ եթե Խաժակյանի ու Մարուքյանի այս պնդումները քաղաքական հայտարարություններ են, ապա չպետք է լինեն մերկապարանոց ու միանան հակաքարոզչության արշավին։

«Էդ քննարկումը նաև ուղեկցվում էր մեծ ծավալի ապատեղեկատվությամբ և մանիպուլյացիաներով, և տարբեր կալիբրի, ռանգի գործիչներ ու լրատվամիջոցներ, թույլ տամ ինձ ասել՝ դեղնավուն լրատվամիջոցներ նաև որոշակի հրապարակումներ արեցին։ Նույնիսկ, եթե ինչ-որ մեկը էդ նվիրատվությունն արած լիներ գումարի տեսքով և ոչ թե ապրանքը առներ, նվիրեր քաղաքապետարանին, քաղաքապետարանը այդ ապրանքը գնելու, ձեռք բերելու համար համապատասխան գործընթաց պետք է անցկացներ, պետք է լիներ մրցույթ կամ նույնիսկ անհրաժեշտության դեպքում մեկ անձից գնում, էդպիսի գործընթաց չկա։ Քաղաքապետարանը հասկանալի է, որ հայտարարություններից առաջ դրա մասին տեղեկացված էր, հայտարարություններից հետո էլ լրացուցիչ քննություն է արել և որևէ գումարի տեսքով նվիրատվության դեպք չի հայտնաբերել», - ընդգծեց քաղաքապետի մամուլի խոսնակը։

Էդմոն Մարուքյանն աշխատանքային այցով արտերկրում է, նրա հետ խոսել մեզ չհաջողվեց։ Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը համաձայնեց խոսել միայն հեռախոսով, ասաց, որ հարցի հասցեատերն ինքն է, ոչ թե Մարուքյանը։

Փաստեր ունեն, բայց դրանք հիմա չեն հրապարակի, շարունակեց Խաժակյանը՝ հավելելով, որ դրանք փոխանցել են Երևանին նվիրատվություններ անելու հարցը քննելու նպատակով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովին։

Դավիթ Խաժակյանն առաջարկով է պատասխանում Մարությանի առաջարկին՝ թող քաղաքապետը գնա ու այնտեղ պատասխանի հարցերին։

«Եթե պարոն Մարությանն իսկապես մտահոգ է և պատրաստակամ է ամեն ինչ անելու, որ այս հարցը պարզաբանվի, ես կարծում եմ, որ նա քննող հանձնաժողովի նիստերին կկարողանա պատասխանել այդ հարցերին, և այնտեղ ամեն բան պարզ կլինի։ Ես ուրախ եմ, որ քաղաքապետարանում կա այդպիսի շահագրգռվածություն, և հույս ունեմ, որ քաղաքապետը կներկայանա հանձնաժողովի նիստերին և կտա հուզող հարցերի պատասխանները։ Այդ դեպքում գործարքների ողջ պերճանքը տեսանելի կլինի։ Եթե այդպես մտահոգ են այդ հանգամանքով, ուրեմն թող ներկայանան հանձնաժողովի նիստերին, որոնք հույսով եմ հունվար, փետրվար ամիսներից կմեկնարկեն», - նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը։

«Ազատության» հարցին, թե կգնա՞ արդյոք Հայկ Մարությանն այդ հանձնաժողովի նիստերին ու կպատասխանի՞ այնտեղ իրեն ուղղվող հարցերին, Հակոբ Կարապետյանն ասաց՝ քաղաքապետը որևէ մեկի քմահաճույքով չի առաջնորդվում, այլ օրենքով իրեն վերապահված լիազորություններով ու պարտականություններով:

Եթե այդուհանդերձ փաստեր չհրապարակվեն, քաղաքապետարանը կգնա՞ դատարան, «Ազատության» այս հարցին Հայկ Մարությանի մամուլի խոսնակը պատասխանեց՝ ոչինչ չի բացառվում։

Կարապետյանի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ հատկապես Էդմոն Մարուքյանն իրեն կդրսևորի որպես հանրային խոսքի հանդեպ պատասխանատու մարդ և կհերքի իր տարածած ապատեղեկատվությունը:

XS
SM
MD
LG