ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հանձնաժողովն ուսումնասիրելու է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը։
«Տեղեկացնեմ նաև, որ 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է իրավունքի ուժով։ Քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը:
Մեր համոզմամբ՝ իշխող ուժը ևս պետք է շահագրռված լինի այս հանձնաժողովի ստեղծմամբ, եթե նրանք իրոք համոզված են թիմակից քաղաքապետի կողմից ամեն բան օրենքի տառին համապատասխան ապահովելու մեջ», - գրել է պատգամավորը։
Հավաքվել է 35 ստորագրություն։
Հիշեցնենք, որ տևական քննադատությունից հետո քաղաքապետարանն օրեր առաջ հրապարակեց 21 աղբատարների նվիրատուների ցանկը: Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, օրինակ, 14 աղբատար նվիրել է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, 3 հատ՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը կապվում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Այս ցանկը, ըստ «Հետք»-ի, կապված է նախկին և ներկա պաշտոնյաների հարազատների հետ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, ապատեղեկատվություն էր որակել դրանք։ Նա ներկայացրել էր փաստաթղթեր ու պնդել, որ շինթույլտվություններն ավելի վաղ են տրվել, դրանք չեն կապվում նվիրատվությունների հետ և որ նվիրատվություններ անողները որևէ արտոնություն չեն ստանում։