«Ազատության» տաղավարում քննարկվել է Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրելու աղմկահարույց պատմությունը:
«Ըստ էության» հաղորդաշարի հյուրերն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանը և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Ստորև՝ հատված հաղորդումից․
Անի Սամսոնյան․ - Քաղաքապետն ասում է, որ որևէ կապ չկա, օրինակ, նվիրատվությունների և այդ նվիրատվությունների դիմաց տրված շինթույլտվությունների և արտոնությունների միջև, որի մասին մենք պնդում ենք, բայց մենք տեսնում ենք այդ ակնհայտ կապը, ինչու՝ որովհետև շատ տարօրինակ զուգադիպությամբ բոլոր այն մարդիկ, ովքեր «Կամազ» են նվիրել Երևանին, փոշեկուլ են նվիրելու Երևանին կամ այլ նվիրատվություն են անելու, այդ մարդիկ ստացել են շինթույլտվություններ: Այսինքն, էստեղ ակնհայտ է, որ գործել է «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքը, և մենք կարծում ենք, որ սա պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:
«Ազատություն»․ - Միա՞յն այդ մարդիկ են ստացել, տիկին Սամսոնյան, շինթույլտվություն, թե՞ եղել են նաև, որ չեն նվիրել, բայց ստացել են:
Սամսոնյան․ - Բնականաբար, կան քաղաքապետի շատ որոշումներ, որ նվիրատվություն չեն արել, բայց ստացել են: Բայց ես նորից եմ կրկնում, որ ակնհայտ է, որ սա տարօրինակ զուգադիպություն է, և մենք նաև շատ փաստեր համադրելով հասկանում ենք, որ այստեղ կապը կա, և մենք դա կապացուցենք:
Դավիթ Խաժակյան․ - Կազմակերպություններ, որոնք որոշակի գույք են տրամադրել քաղաքին և նույն ժամանակահատվածում քաղաքից ստացել են շինթույլտվություն, ինքնակամ շինության օրինականացում, և այդպիսի օրինակները բազմաթիվ են: Մենք խոսել ենք «Ալեքս ընդ հոլդինգ»-ի մասին, որը քաղաքապետարանին տրամադրել է երեք «Կամազ» մակնիշի մեքենա և որոշ ժամանակ անց ստացել 5800 քառակուսի մետր տարածքով ինքնակամ շինության օրինականացման որոշում, և այդ որոշումը․․․
«Ազատություն»․ - Խոսքը Սամվել Ալեքսանյանի կնոջ․․․
Խաժակյան․ - Խոսքը Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող տարածքի մասին է, որը նոյեմբերի 4-ին ստացել է այդ որոշումը: Ակնհայտ է, որ էստեղ կապակցվածությունը կա:
Գայանե Մելքոմյան․ - Պարոն Խաժակյան, նշում եք, որ սեպտեմբերի 26-ին դիմել է, նոյեմբերի 4-ի դրությամբ եղել է որոշումը, և սա շատ կարճ ժամկետ է: Անշուշտ, բոլորս գիտենք, որ քաղաքապետարանը ծանրաբեռնվածության պատճառով որոշակի ուշացումներ ունենում է, չենք կարող հերքել: Բայց ուզում եմ հասկանալ՝ դուք ուսումնասիրե՞լ եք արդյոք նմանատիպ անօրինական շինությունների օրինականացման ժամկետները միջինում, և այս պնդումը անել՝ ուղղակի, էսպես, սպեկուլյացիա՞ է, թե՞ հիմք ունեք:
Եվ երկրորդը՝ տիկին Սամսոնյանին: Վերջին շրջանում Դուք բավական, այսպես, ընդգծված դիրքորոշում եք ունեցել էս հարցի վերաբերյալ և հայտնել եք Ձեր կարծիքը նաև հիմա՝ ըստ էության, կրկնեցիք, որ կոռուպցիոն դրսևորումներ կան: Արդյոք չե՞ք կարծում, որ քննիչ հանձնաժողովի նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, որ ոչ թե նախագահ է դառնում քննիչ հանձնաժողովի կամ մաս է դառնում՝ ապացուցելու այն, ինչ որ ինքը ի սկզբանե պնդում է, այլ՝ օբյեկտիվ քննություն անելու:
Հերիքնազ Տիգրանյան․ - Փաստաթղթերի վերլուծություն թույլ է տալիս ասելու, որ այստեղ ընդհանրապես կոռուպցիոն դեպք գոյություն չունի: Որովհետև, նախ, կոռուպցիան ոչ թե երրորդ անձի համար որևէ իրավունքի կամ արտոնության վերապահումն է, այլ եթե մենք կոռուպցիայի դասական ձևակերպումը տեսնենք որն է, ապա կոռուպցիան, ըստ էության, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորություններն օգտագործելով կամ չարաշահելով այնպիսի գործողություն կատարելը, որոշում ընդունելը կամ անգործություն կատարելն է, որով նյութական շահ է ստանում ինքը կամ իրեն փոխկապակցված անձինք: Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ որն է Երևանի քաղաքապետի կամ նրա փոխկապակցված անձի ստացած նյութական շահը:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․