Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբատարների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի շուրջ կրքերը չեն հանդարտվում


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան

Արդեն 3-րդ օրն է, որ Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում Երևանի քաղաքապետարանին աղբատարներ նվիրելու կոռուպցոին ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի շուրջ։

Խորհրդարանի ընդդիմադիրներն էին նախաձեռնել հանձնաժողովի ստեղծումը՝ կասկածելով, թե հնարավոր է, «Կամազների» դիմաց քաղաքապետարանը շինթույլտվություններ է տվել։

Օրենքի ուժով անցած դեկտեմբերին ստեղծված հանձնաժողովի կազմը երեկ չհաստատվեց, ինչն էլ նշանակում է, որ հանձնաժողովն աշխատել չի կարող:​

Օրենքի ուժով ստեղծված հանձնաժողովի կազմը երեկ չհաստատվեց, ինչը նշանակում է, որ այն աշխատել չի կարող։

Քվեարկությանը չմասնակցած իշխանությունը հայտարարում է, որ հարցը Երևանի ավագանու տիրույթում է, և եթե քննիչ հանձնաժողովը գործի, Ազգային ժողովը կգերազանցի իր լիազորությունները:

Իշխանական «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը, իսկ նախաձեռնությունը պաշտպանող ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի ու «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները չբավարարեցին որոշումն ընդունելու համար։

«Իմ քայլից» հայտարարեցին, թե հարցը Երևանի ավագանու տիրույթում է, ուստի եթե հանձնաժողովն աշխատի, Ազգային ժողովը կգերազանցի իր լիազորությունները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց՝ ԱԺ նախագահը անաչառ արբիտր չէ, ներկայացնում է ոչ թե ողջ Ազգային ժողովը, այլ միայն «Իմ քայլը» դաշինքը․ - «Խորհրդարանի ցանկացած հանձնաժողով՝ մշտական, ժամանակավոր, քննիչ, եթե չի գործում, նշանակում է, որ խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում։ Եթե ինչ-որ մարմին չի գործում, նշանակում է խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը։ Ի՞նչն է պատճառը, պարոն Միրզոյան։ Ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք բնականոն գործունեությունն ապահովել»։

Խորհրդարանի խոսնակն արձագանքեց. - «Ես Ձեր օգնության կարիքը բնավ չունեմ։ Ազգային ժողովի նախագահը քննարկվող հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակներում ինչ պարտավոր էր և կարող էր անել, արել է։ Մնացյալը, պատգամավորները իրենց քվեարկության մեջ ազատ են։ Կարող են քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ, կարող են չքվեարկել։ Ինչպեսև որևէ այլ օրենսդրական նախաձեռնության դեպքում։ Մեղադրել Ազգային ժողովի նախագահին պատգամավորների քվեարկության որևէ այս կամ այն արդյունքի մեջ, նշանակում է, ինձ թվում է, ընդհանրապես լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը»։

Քննարկումները մի հայտարարությամբ ու դրան հնչած արձագանքով չսահմանափակվեցին։ Ըստ ամենայնի, «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանի երեկվա ելույթը նկատի ունենալով՝ Էդմոն Մարուքյանը այսօր հայտարարեց, որ պետք է ներողություն խնդրեն ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար։

Դանիելյանը պնդեց, թե իր խոսքը նենգափոխվել է․ - «Իմ խոսքը եղել է ալեգորիկ։ Ձիու հետ համեմատությունը խոսք է հանրահայտ, ինչպես, օրինակ, խոսք է, որ ասում են՝ ընդդիմությունը դա պահապան շուն է՝ անգլերեն watschdog: Այնպես որ պետք չէ այդպես խորը վիրավորվել և փորձել լրատվամիջոցներին, հետո միգուցե դեսպանատներին առաջ տանել Ձեր էն միտքը, թե ընդդիմությունը այնքան խեղճացած է հիմիկվա Հայաստանում»։

Գևորգ Գորգիսյան («Լուսավոր Հայաստան»). - «Եթե ալեգորիաներին անդրադառնանք, մենք անգլիական ասացվածքներից կարող ենք վերադառնալ հայկական ասացվածքների, որտեղ ասվում է՝ խոզի գլուծը դնում ես խալու վրա, գլորվում ա, ընկնում ցեխը»։

Նույն խմբակցությունից Անի Սամսոնյանը հավելեց. - «Ազգային ժողովի նախագահը խախտել է հավասարակշռությունը, խախտել է համերաշխությունը Ազգային ժողովում, և խախտել է այն պահից, երբ անլրջորեն թույլ է տվել նաև իր ֆեյսբուքյան պատին տեղադրել լուսանկար, որտեղ վիրավորական, հասցեական փորձում է ինչ-որ ակնարկներ անել ընդդիմության հասցեին։ Եվ այս ամբողջ պահվածքից հետո, երբ որ Դուք անմեղսունակ ձևով փորձում եք մեզ ասել, որ մեր նախաձեռնությունը հակասահմանադրական է, Դուք այսպիսով խախտում եք պառլամենտական մշակույթը»։

«Իմ քայլից» Սասուն Միքայելյանն ասաց՝ իրար հարգելու կողմնակից է․ - «Վիճաբանություն ա, էկեք հելնենք վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա։ Չի կարելի էս դահլիճում ժողովրդին ցույց տալ кто смелее»։

Ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի բանավեճը։ Քննիչ հանձնաժողովի աշխատանքը տապալելը քաղաքական որոշում համարող Մարուքյանն ասում է՝ գնդակն իշխանության դաշտում է, «Իմ քայլից» ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի երեկվա որոշումը բացառապես իրավական է համարում և հակադարձում՝ այս կամ այն գործողության իրավաչափությունը պարզելու համար, կարող են դիմել, օրինակ, ՍԴ:

«Իշխանությունը նպատակային, քաղաքական որոշման արդյունքում այս պրոցեսը մտցրել է փակուղի։ Այսինքն՝ կա իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով, բայց չեն հաստատել կազմը, որ չաշխատի հանձնաժողովը։ Քաղաքական գնահատականները կա, որից հետո, կարծում եմ, գնդակը իշխանությունների դաշտում է։ Մենք անելիք չունենք»։

«Ազատության» հարցին, թե ինչու չեն ուզում հարցը լուծել Երևանի ավագանու մակարդակով, Մարությանն արձագանքեց. - «Այդ մակարդակից հարցը վաղուց դուրս է եկել։ Որովհետև այնտեղ ամիսներ շարունակ գնացել են պրոցեսներ, ավելին՝ հաղորդումներ են տրվել ՀՔԾ, քրեական գործ չի հարուցվել։ Այսինքն այն մեխանիզմները, որոնք առկա է խորհրդարանի մակարդակից ցածր մակարդակում, արդյունավետ չեն եղել։ Մենք թույլ չեն տալու, որ մեզ ձեռ առնեն։ Երկրում այս փոփոխությունները չեն եղել նրա համար, որ նույն հանրապետականների բարքերը հիմա էլ հեղափոխականները շարունակեն»։

Վլադիմիր Վարդանյան. - «Քննիչ հանձնաժողովը կարևոր է։ Բայց քննիչ հանձնաժողովը չպետք է դառնա առիթ քաղաքական այս կամ այն շոուն կազմակերպելու համար։ Հանգուցալուծման տարբեր եղանակներ կան. Ազգային ժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը... իրականում գործ ունենք Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի հետ, նրանք կարող են համապատասխան ընթացակարգ սկսել՝ պարզելու համար իրավաչա՞փ էր կամ իրավաչափ չէ՞ր այս կամ այն գործողությունը։ Օրինակ, դիմեն դատական ատյաններին։ Նաև, ինչու չէ, Սահմանադրական դատարան։ Ո՞վ է դիմում սովորաբար դատարան։ Այն կողմը, որը համաձայն չէ ինչ-որ որոշման հետ»։

Ի դեպ, Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ կդիմեն Սահմանադրական դատարան:

XS
SM
MD
LG