Մատչելիության հղումներ

Մարուքյանը նկատում է՝ քաղաքապետարանը «խորը խնդիր ունի «Կամազ»-ների հարցի հետ կապված»


«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում օգտատերերի հարցերին պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ստորև ձեզ ենք ներկայացնում հաղորդումից մի հատված.

«Ազատություն». – Պարոն Մարուքյան, քաղաքապետարանի նվեր ստացած «Կամազ»-ների մասին Դուք ասել էիք, որ այնտեղ կոռուպցիոն ռիսկեր եք տեսնում, երեկ քաղաքապետարանի էջում փոքրիկ ռեպորտաժ էր տեղադրված, որտեղ այդ ընկերությունների տնօրեններն ասում էին, որ իրենք ինքնակամ են նվեր արել, կարծում են, որ սոցիալական պատասխանատվությունը հենց էսպիսին պիտի լինի՝ եթե դու քաղաքում բիզնես ես անում, ապա նաև պիտի օգնես։ Էստեղ հակասություն չկա՞ Ձեր ասածի և իրենց ասածի մեջ։

Մարուքյան. – Արդեն անգամ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի մասնագետներն են ասում, որ կոռուպցիոն ռիսկ կա, այնպես չի, որ միայն մենք ենք ասում։ Ես ուղղակի մի օրինակ կարող եմ բերել օգտատերերի համար, օրինակ, այսօր դպրոցներում արգելված է երեխաներից, ծնողներից գումար հավաքել և գնել վարագույր, դա կարող է դիտարկվել սոցիալական պատասխանատվություն և ուսուցչուհին, դասղեկը, տնօրենը էդ վարագույրը չեն տանում իրանց հորանց տանը էդ վարագույրը կախում, կախում է էդ դասարանում։ Հիմա ոնց եղավ, որ դա արգելված է դպրոցում, որովհետև դա պահանջում է ուսուցիչը, բայց երբ որ քաղաքապետարանն է պահանջում բիզնեսից՝ «որ դուք մի 100 անգամ գնացիք-եկաք մենք ձեր շինթույլտվությունը չենք տալիս, այ եթե 3 հատ «Կամազ» առնեք, կտանք ձեր շինթույլտվությունը», հորդորելը անգամ կոռուպցիա է։

«Ազատություն». – Այդ հարցազրույց տվողները ասացին՝ «մենք ենք որոշել, ինքնուրույն ենք որոշել»։

Մարուքյան. – Գործարարը երբևէ կուզենա՞ իշխանության հետ խնդիր ունենա, բնականաբար, ոչ։ Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը խորը խնդիր ունի էս հարցի հետ կապված։ Շատ ավելի լավ կլիներ, որ շատ հանգիստ ասեին «այո, տեղի է ունեցել դա, մենք չենք կարծել, որ սա խնդիր է, բայց եթե խնդիր է ապագայում այլ ձևով կանենք», օրինակ, «կբերենք ավագանու նիստով կանցկացնենք, ավագանին հանձնում-ընդունում կանի, մարդիկ կիմանա ով է նվիրաբերել», ոչ թե սկզբից ասեն՝ «ոչ, նման բան չկա», հետո ասեն՝ «հա, կա, բայց ոնց որ թե Ալեքսանյանին չի պատկանում» հետո ասեն՝ «հա, կապ ունի Ալեքսանյանը»։

«Ազատություն». – Օգտատերերից մեկը հարցնում է՝ Երևանի ավագանու անդամ «Լույս» խմբակցությունը, ըստ Ձեզ ինչպե՞ս է աշխատում և ինչպե՞ս եք գանահատում ձեր խմբակցության անդամների վարքը քաղաքապետարանում՝ հատկապես ավագանու նիստերի ընթացքում։

Մարուքյան. – Երևի մարդիկ պատմությունը չգիտեն այդ առումով, որովհետև «Լույս» խմբակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չէ, դա դաշինքի արդյունք է և դաշինքը ստեղծվել է «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետություն» կուսակցության, այսինքն՝ «Ելք» դաշինքի երկու ուժերի միջև հեղափոխությունից հետև և այդ դաշինքով մենք մասնակցել ենք Երևան քաղաքի ընտրություններին, որի արդյունքում երեք մանդատ ենք ստացել։ Դավիթ Խաժակյանը խմբակցության ղեկավարն է, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է, միայն Դավիթն է «Լուսավոր Հայաստանից», Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը մեր գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամներ են։

Ինչպե՞ս եմ գնահատում խմբակցության աշխատանքը, խմբակցությունը իրականում շատ բարդ իրավիճակում է, որովհետև սահմանադրական այն նորմը, որ գոնե 30 տոկոս պիտի լինի ընդդիմություն, եթե իշխանությունը շատ ձայն է տարել, այդ նորմը այնտեղ չի գործում, և այնպես է ստացվել, որ 57 հոգանոց մեծամասնություն կա և 3 հոգով փորձում են հակակշիռ լինել այդ 57 հոգանոց խմբակցությունը։ ԲՀԿ-ի ակտիվությունը ես կարող եմ ասել, որ խորհրդարանում ակտիվ են, բայց էնտեղ ակտիվ չեն։ Էդ բարդությունների մեջ ասել, որ վատ են աշխատում կամ բան, աշխատում են ոնց կարող են։ Նաև պետք է ասեմ, որ աշխատանքի պայմաններով, օրինակ, այսօրվա նիստից կարող եմ ասել, որ միկրոֆոնը անջատելը, ձայն չտալը կամ ելույթ ունենալու ժամանակ ծիծաղելը քաղաքապետի կողմից ճիշտ վարք չէ, որի արդյունքում հնարավոր է էմոցիոնալ պատասխաններ են տվել։

«Ազատություն». – Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվում է՝ իսկ Ձեր կարծիքով ճի՞շտ է քաղաքապետին վիրավորելը։ Դուք ընդունո՞ւմ եք, որ «Լույս» խմբակցության անդամները շատ ընդգծված անձնական վերաբերմունք են ցույց տալիս։

Մարուքյան. – Ես որևէ բան չեմ տեսնում այդտեղ անձնական, ինչ վերաբերում է վիրավորանքներին, դատապարտելի է վիրավորանքները, թե «Լույս» խմբակցության անդամները վիրավորել են քաղաքապետին, դա անընդունելի է, բանականաբար, նման բան մենք որևէ պարագայում չենք խրախուսում։ Ես նայել եմ Դավիթ Խաժակյանի ելույթը որևէ վիրավորական բան չկար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG