Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Երևան համայնքին կատարած նվիրատվության գործընթացում շարունակում է կոռուպցիոն ռիսկեր տեսնել։
Խմբակցությունն այսօր արդեն իսկ սկսել է այդ կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:
«Մեզ մոտ արդեն սկսել ենք ստորագրությունները, հետո կդիմենք ԲՀԿ-ին։ Քննիչ հանձնաժողովը քաղաքապետարանում արտոնություններ տալու և դրա դիմաց որոշակի ծառայություններ ու գույք ստանալու, կոռուպցիոն ռիսկերի, շինթույլտվությունների ուսումնասիրման հանձնաժողով է լինելու: Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի, որ միանան: «Իմ քայլ»-ից էլ կարող է միանան», - հայտարարեց պատգամավորը:
Տևական քննադատությունից հետո քաղաքապետարանն օրեր առաջ հրապարակեց 21 աղբատարների նվիրատուների ցանկը: Համաձայն քաղաքապետարանի ներկայացրած ցանկի, օրինակ, 14 աղբատար նվիրել է «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, 3 հատ՝ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը կապվում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Այս ցանկը, ըստ «Հետք»-ի, կապված է նախկին և ներկա պաշտոնյաների հարազատների հետ։
Այսօր «Ազատության» հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով նվիրատվությանն, ասաց. - «Ցավդ տանեմ ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ, էնտեղ էլ ասեցին՝ «ԿամԱԶ»-ներն ով է նվիրել»։ Հարցին՝ իր հետ կապ չունի՞ այդ ընկերությունը, նա բացասական պատասխան տվեց։
Ընդդիմադիրները նաև բարձրաձայնում են՝ ինչու քաղաքապետը չէր պահպանել հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը. - «Այդ ինչպե՞ս է եղել, որ հենց նրանք են նվեր տվել, ովքեր գործ են ունեցել քաղաքի հետ կապված։ Այսինքն՝ չկա մի ուրիշ՝ երրորդ անձ, որը նվիրաբերել է ու տարածք չի ստացել, շինթույլտվություն չի ստացել, արտոնություն չի ստացել։ Ես գործարարների մասին եմ խոսում, և այս առումով բնականաբար կան կասկածներ, և այդ կասկածները փարատելու համար լավ կլինի, որ պարոն Մարությանը գնա, ուղիղ եթերում իր ճշմարտացիությունն ապացուցի», - ասաց Էդմոն Մարուքյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց՝ առայժմ որևէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գործընթաց, որը չի հանրայնացվել, կարող է առաջացնել կասկածներ. - «Յուրաքանչյուր գործընթաց, որ տեղի է ունենում և այսպիսի աղմկահարույց է, պետք է լինի շատ պարզ, բաց և հասկանալի, որովհետև յուրաքանչյուր գործընթաց, որը մեկ էլ պարզվում է, չգիտեմ կողքից նյութերից, կամ թղթակիցներն են գտնում այդ գործընթացների որոշակի կասկածելի լինելը, պետք է անպայման ուսումնասիրվի։ Եվ առհասարակ կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ընթացք, որը տեղի է ունենում Հայաստանում, լինի բացառապես պարզ և բաց, որ ոչ մի կասկածներ չլինեն, կամ եթե կան նույնիսկ ինչ-որ պահեր, դրանք բացահայտվեն, դա է կարևորը։ Յուրաքանչյուր գործընթաց, որն այս կամ այն ձևով չի, ինչու ոչ, հանրայնացվել կամ քողարկված է, արդարացի առաջացնում է կասկածներ», - շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, ապատեղեկատվություն էր որակել դրանք։ Նա ներկայացրել էր փաստաթղթեր ու պնդել, որ շինթույլտվություններն ավելի վաղ են տրվել, դրանք չեն կապվում նվիրատվությունների հետ և որ նվիրատվություններ անողները որևէ արտոնություն չեն ստանում։