Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին` Կարեն Խաչատրյանը, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը (Ձ) և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը (Ձ) և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը թեև երկու ամսով երկարաձգվեց, սակայն հաջորդիվ որոշմամբ դատարանը միևնույն ժամանակ բավարարեց պաշտպանի միջնորդությունը և որոշեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Դատարանը հրապարակեց որոշումը, երկարացվեց Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամիս ժամանակով, բայց միևնույն ժամանակ դատարանը գտնվեց իր բարձրության վրա այս անգամ, և բավարարվեց մեր միջնորդությունը` գրավի կիրառումը ճանաչվեց թույլատրելի, և Կարեն Խաչատրյանը գրավի գումարը վճարվելուց հետո կարող է ազատ արձակվել», - ասաց նա:

Փաստաբանի խոսքով` «սա մի քիչ ուշացած, բայց շատ նաև, արդարության առումով շատ ճիշտ որոշում էր դատարանի կողմից կայացված»: «Մենք այնպես չի, որ խոսում ենք միայն վատի մասին, մենք արձանագրում ենք նաև լավը, ու իրականում դատարանը համարձակ և օրինական որոշում կայացրեց այս մասով, որովհետև չկային այլևս Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու շարունակաբար հիմքեր։ Արդեն կարող ենք արձանագրել, որ Կարեն Խաչատրյանը տևական ժամանակ է՝ շուրջ հինգ ամիս է գտնվում էր կալանքի տակ, և առաջին օրվանից սկսած՝ մենք բոլոր փաստարկները ներկայացնում էինք և հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա», - նշեց Մակինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը երկու ամսով երկարացրել էր Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը։ Իր հորեղբայր, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ՊԵԿ-ում աշխատած Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Նույն քրեական գործի շրջանակներում կալանավորված է նաև ժամանակին ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը համարվող Գագիկ Խաչատրյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ:

Գագիկ Խաչատրյանը շարունակում է կալանքի տակ մնալ։ Նա օրերս տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտման։ «Առողջական վիճակը, իհարկե, լավ չէր, քանի որ տեղափոխվել էր բուժհիմնարկ՝ հետազոտությունների։ Արձանագրենք, որ այս պահին էլ առողջական վիճակը, էսպես, առանց մանրամասների մեջ մտնելու, արձանագրենք, որ բավարար չի, և ամեն անգամ պրոգրես է ապրում դեպի բացասական իմաստով», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին ձերբակալել էր 2019 թվականի օգոստոսի 27-ին։ Նույն օրն առավոտյան խուզարկություններ էին կատարվել նրանց պատկանող տարածքներում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել։

XS
SM
MD
LG