Ձերբակելվել է նաև նրա ազգական, ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը։
«Վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը իրականացնում է քննչական գործողություններ: Խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում», - ավելի վաղ լրագրողներին փոխանցել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, քրեական գործը հարուցվել է դեռ փետրվարին, ինչից հետո, ծառայության քննչական դեպարտամենտում կատարվել է ծավալուն աշխատանք։
Քրեական գործի շրջանակում Գագիկ Խաչատրյանի կարգավիճակի մասին ԱԱԾ-ն դեռ չի հայտնում։
Արթուր Վանեցյան․ - «Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով: Դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն»:
Հարցին, թե արդյոք Խաչատրյանը նախապես ծանուցվել կամ հարցաքննվել է, Վանեցյանն արձագանքեց․ - «Այո, մի քանի անգամ հրավիրվել է քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա»:
Նա չմանրամասնեց նաև, թե հստակ ինչ գումարի վատնման կամ յուրացման վերաբերյալ է հարուցվել քրեական գործը, սակայն նշեց, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։
Գագիկ Խաչատրյանը հարկային ու մաքսային մարմիններում իր կարիերան սկսել է դեռ 90-ականներին զբաղեցնելով իր առաջին պաշտոնը՝ Հրազդանի հարկային տեսչության պետի տեղակալ: Արդեն 2008-ին նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, պաշտոնավարել մինչև 2014 թվականը, երբ դարձել է Ֆինանսների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2016 թվականը:
Գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy group ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը և այլն։
Ինչպես նշեց Արթուր Վանեցյանը, հարուցված քրեական գործի հետ Խաչատրյանի որդիները առնչություն չունեն․ - «Որդիների վերաբերյալ այս պահին որևէ գործողություն չենք իրականացրել: Այս պահին որևէ հիմք և ապացույց չունենք որդիների նկատմամբ»:
Իր վերջին՝ 2014-ին ներկայացված պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Խաչատրյանը նշել է, որ ունի երկու բնակարան, մեկ առանձնատուն, 269 միլիոն դրամ, և մոտ 3 միլիոն դոլար։
Խաչատրյանը առանձնապես խոշոր չափի վատնում կազմակերպելու հոդվածով մեղադրյալ է մեկ այլ քրեական գործով, որն արդեն տևական ժամանակ քննում են Հատուկ քննչական ծառայությունում։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից: Այս քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե: