Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ


Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբանական խումբը։

Ըստ փաստաբանական խումբի տարածած հաղորդագրության, նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով` նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում:

Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մասնավորապես՝ 2008 թվականից, զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2014-2016-ը ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը, որն ընդդիմադիրները անվանում էին «սուպերնախարարություն», իսկ Խաչատրյանին՝ «սուպերնախարար»: Գրեթե ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանի ընտանիքին է պատկանում Galaxy ընկերությունների խումբը, որում ներառված են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը, «Երևան մոլ»-ը, «Խրոնոգրաֆ», «Մեգա թոյզ», «Պանդորա» խանութները, «Մեգա ֆուդ» ընկերությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG