Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով բուն դատավարությունը


Մեկնարկել է նախկին պատգամավոր, 6 հոդվածներով մեղադրվող գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով բուն դատավարությունը։

Նիստի մեկնարկին պաշտպանական կողմը խնդրեց, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նիստը չտեսանկարահանել, դատարանը բավարարեց միջնորդությունը և արգելեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակումներն ու տեսանկարահանումները։

Մայիսի 6-ին այս գործով նախնական դատական նիստն էր, որտեղ քննվում էր բացառապես խափանման միջոցի հարցը։

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Անցած հունիսին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում և տարատեսակ գույք հայտնաբերել՝ «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները, թանկարժեք ավտոմեքենաներ, շտապօգնության ավտոմեքենաներ, տրցակներով բնակարանների սեփականության վկայականներ, ինչպես նաև անձնական կենդանաբանական այգի։

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

52-ամյա Նազիկ Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Իսկ մայիսի 6-ի նիստում դատարանն անփոփոխ թողեց Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ 62-ամյա Գրիգորյանը կալանքի տակ է հունվարի վերջից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG