Մատչելիության հղումներ

Այսօր ԱՄՆ Սենատում սկսվում է նախագահի դատավարությունը


ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը վարում է Սենատում իմփիչմենթի հարցով առաջին նիստը, Վաշինգտոն, 16-ը հունվարի, 2020թ.
ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը վարում է Սենատում իմփիչմենթի հարցով առաջին նիստը, Վաշինգտոն, 16-ը հունվարի, 2020թ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը Դոնալդ Թրամփի իմփիչմենթի փաթեթն ուղարկել է Սենատ, որը պետք է դատական գործընթացով որոշի հանրապետական նախագահի ճակատագիրը:

Միացյալ Նահանգների շուրջ 250 տարվա պատմության ընթացքում դա կլինի գործող գերագույն ղեկավարի երրորդ դատավարությունը:

Անցյալ տարեվերջին Ներկայացուցիչների տան դեմոկրատների մեծամասնությունը Թրամփին արդեն ենթարկել է իմփիչմենթի:

«Դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների տունն իմփիչմենթի որոշում է ընդունել, իմփիչմենթն առհավետ է», - ազդարարել է խոսնակ Նենսի Փելոսին:

Ամերիկյան օրենքով նախագահին իմփիչմենթի է ենթարկում Ներկայացուցիչների տունը, սակայն բուն դատավարությունն իրականացնում է Սենատը:

Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսի վարած հատուկ նիստում հարյուր սենատորներից յուրաքանչյուրը հանդիսավորությամբ երդվել է չեզոք և արդար լինել դատավարության ընթացքում: Դրանից հետո էլ Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը հայտարարել է, որ հաջորդ նիստը կգումարվի հունվարի 21-ին:

Գլխավոր դատախազի դերում հանդես է գալիս դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նախագահ Թրամփը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Դեմոկրատների պնդմամբ՝ Թրամփը ճնշում է բանեցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա և փորձել է կորզել նախկին փոխնախագահ, այս տարվա ընտրություններում հավանական մրցակից Ջո Բայդենին վարկաբեկող տեղեկություններ:

Ինքը Թրամփն, ի դեպ, այսօր Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական գագաթնաժողովին: Նա պնդում է, որ դեմոկրատները դառնացած են 2016 թվականի նախագահական ընտրություններում կրած պարտությունից և ամեն կերպ փորձում կանխել իր վերընտրությունն այս տարվա նոյեմբերին:

Թրամփը «վհուկաորս» և «կեղծիք» է անվանում 2016 թվականին ռուսների աջակցությամբ նախագահ ընտրվելու և Զելենսկու վրա անցած տարվա ամռանը հեռախոսազրույցում ճնշում բանեցնելու մասին դեմոկրատների պնդումները:

1868 թվականին ԱՄՆ 17-րդ նախագահ Էնդրյու Ջոնսոնն է ենթարկվել իմփիչմենթի, 1998-ին՝ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, սակայն երկու դեպքում էլ Սենատը պաշտոնանկ չի արել նախագահներին:

37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը 1974 թվականին հրաժարական է ներկայացրել նախքան իմփիչմենթի գործընթացի մեկնարկը:

Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ, Թրամփն էլ աշխատանքից չի ազատվի, քանի որ նրա կուսակիցները մեծամասնություն ունեն ներկայիս Սենատում:

XS
SM
MD
LG