Մատչելիության հղումներ

«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը


«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցի ժամանակ։ Հոկտեմբեր, 2019թ.
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցի ժամանակ։ Հոկտեմբեր, 2019թ.

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Թավադյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Արմեն Թավադյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Թավադյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։ Նույն քրեական գործով մեղադրյալ է նաև Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, ով նաև պաշտպանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ նիստի ընթացքում իրենք հարցրել են, թե ինչու է նույն արարքի մեջ մեղադրվող մեկ այլ անձ ազատության մեջ, իսկ մյուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը. - «Ու ամենևին սա չի նշանակում, թե ցանկանում ենք այդ անձին բռնեն, կալանավորեն, այլ ընդամենը հավասար վերաբերմունքի մասին է խոսքը։ Խտրական վերաբերմունք կա պարոն Թավադյանի նկատմամբ։ Այս դատական նիստում կարծես թե այս հարցի պատասխանը ստացանք, որ անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար։ Քանի որ հաջողվել է այդ ցուցմունքը ստանալ, այդ անձը հիմա ազատության մեջ է։ Եվ պարոն Թավադյանը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, կալանավորված պիտի մնա այնքան ժամանակ (սա, իհարկե, իմ մեկնաբանությունն է, բառացի այդպես չի ասվել), քանի դեռ նա խոստովանական ցուցմունք չի տվել»։

Խոսելով դատարանից ակնկալիքների մասին՝ Խուդոյանն ասաց, որ հաշվի առնելով դատարանի հարցադրումները, ակնհայտ էր դառնում, որ դատարանը իրենց բողոքն ամբողջությամբ ընկալել է. - «Իրավաբանական հարթության մեջ չեմ պատկերացնում որևէ որոշում, որը կտարբերվի պարոն Թավադյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ որոշումից։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է ամեն ինչ կանխատեսումներով լինում։ Արդեն դատական ակտի բովանդակությունից, նաև թե ինչ դատական ակտ կլինի, պարզ կլինի, թե ինչքանով է այս պրոցեսում աշխատել իրավաբանությունը, ինչքանով՝ այլ հարցեր»։

Ի աջակցություն Արմեն Թավադյանի այսօր դատարանի դիմաց էին նաև Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Աշոտյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, թե Հայաստանում ազատ խոսքը վտանգված է և սա հերթական շինծու գործն է, որտեղ որևէ համոզիչ փաստ չկա. - «Առավել ևս տարօրինակ է 28 օրվա ազատությունից զրկումը։ Այս իշխանությունները նախնական կալանքը իրոք դարձրել են պատժի միջոց: Այն, որ Թավադյանի և «5-րդ ալիք»-ի հետևեից վաղուց էին ընկել, տեսանելի էր այս մեկուկես տարվա ընթացքում, բայց այս դրսևորումները պարզապես զարհուրելի են: Այս ամենը այս իշխանությունների քթից դուրս է գալու և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ես վստահ եմ, այս գործերը դոմինոյի էֆեկտի նման քանդվելու ենք ցանկացած միջազգային դատական ատյանում, տվյալ դեպքում՝ Եվրոպական դատարանում»։

Էդուարդ Շարմազանովը հավելեց. - «Ակնկալում եմ, որ մի օր և շատ շուտով կլինեն դատավորներ, և դատական համակարգը ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա և կգիտակցի, որ սահմանադրականությունը, դատական համակարգի անկախությունը, դրանք առաջնային կարևորագույն հարցեր են մեր պետության համար։ որ պետք է ծառայել ոչ թե այս կամ այն անձին, այլ պետք է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ Սահմանադրությանը, որպեսզի մենք ունենաք իրավական և ժողովրդավարական պետություն։ Այսօր այն, ինչ որ կատարվում է մեր երկրում արդեն այս երկու տարվա ընթացքում, ոչ միայն մտահոգիչ է, այլ ուղիղ ճանապարհ է դեպի հին ժամանակներ, դեպի բռնատիրական ժամանակներ, դեպի 37 թիվ»։

Դատարանի առջև էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք որևէ միտում տեսնում է, որ այս գործով մեկ այլ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունն, իսկ Թավադյանի նկատմամբ՝ կալանավորումը, արձագանքեց. - «Դա շատ բնական հարց է առաջացնում։ Իհարկե, եթե ինչ-որ կոնկրետ անձ է տեսանյութում և փաստորեն նա ազատությամ մեջ է, ստորագրությամբ դրսում է, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Արմեն Թավադյանը կալանավորված։ Ես կոնկրետ միտում եմ տեսնում։ Նկարահանած տեսանյութը, եթե չեմ սխալվում, սեպտեմբեր ամսվա էր, և փաստորեն այնտեղ նաև տեսնում ենք, որ զենք կա դրված... Այսինքն, քանի ամիս սպասել, նոր ինչ-որ գործողություններ անելու իմա՞ստը. եթե զենք են տեսնում, դա վտանգ է, չէ՞, ներկայացնում իրենից։ Շատ բաներ կան, որ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանը ես չունեմ»։


XS
SM
MD
LG