Մատչելիության հղումներ

Յովանովիչին ապօրինի լրտեսելու փաստերով Ուկրաինայում երկու քրեական գործ է հարուցվել


Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ոստիկանությունը միանգամից երկու քրեական գործ է հարուցել Կիևում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարի Յովանովիչի դեմ անօրինական հետախուզական գործունեության իրականացման փաստերի առթիվ: Ուկրաինացի իրավապահներն այս թեմայով ակտիվորեն սկսեցին զբաղվել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի հանձնաժողովի կողմից մի շարք փաստաթղթերի գաղտնազերծումից հաշվված ժամեր անց:

«Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի հանձնաժողովը մի շարք նամակներ և փաստաթղթեր է հրապարակել, որոնք վկայում են, որ Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարի Յովանովիչին Ուկրաինայում պաշտոնավարման ընթացքում անօրինականորեն հետևել են: Չի բացառվում նաև, որ նրան պատկանող անձնական էլեկտրոնային կապի միջոցները ենթարկվել են հաքերային հարձակման», - երեկ Կիևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Ուկրաինայի ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և եվրաինտեգրման վարչության պետի տեղակալ Դենիս Լենցը:

Գաղտնազերծված այդ փաստաթղթերի թվում էին Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի մերձավորներից մեկի` գործարար Լև Պառնասի էլեկտրոնային նամակները: Այդ նամակագրությունից պարզ է դառնում, որ Թրամփի անձնական փաստաբանի թիմակիցները ոչ միայն քաջատեղյակ են եղել դեսպան Յովանովիչի տեղաշարժերին, այլև որոշակի տեղեկություններ են ունեցել նրա ամենօրյա ակտիվության մասին:

«Յովանովիչն անջատել է հեռախոսն ու համակարգիչը», - Լև Պառնասին ուղարկված նամակներից մեկում գրում է Հանրապետական կուսակցության կողմից 2018 թվականի կոնգրեսական ընտրություններում Քոնեքթիքաթ նահանգում առաջադրված Ռոբերտ Հայդը: Մեկ այլ նամակում էլ նա նշում է, թե կապեր ունի «անվտանգության ոլորտի մասնավոր մի թիմի հետ, որ տեղակայված է Կիևում ամերիկյան դեսպանատան հարևանությամբ»:

«Ուկրաինայի դիրքորոշումը հետևյալն է` չխառնվել Միացյալ Նահանգների ներքին գործերին: Հրապարակված փաստերը, սակայն, վկայում են ոչ միայն Ուկրաինայի օրենսդրության, այլև դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթների խախտման մասին», - հայտարարում էր Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Մարի Յովանովիչը Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնից հեռացվեց 2019-ի գարնանը: Բարձրաստիճան դիվանագետը բավական լարված հարաբերություններ ուներ Սպիտակ տան հետ: Այդ լարվածության պատճառը նրա դիրքորոշումն էր Ջոզեֆ Բայդենի հետ կապված զարգացումների շուրջ:

Դոնալդ Թրամփի իմփիչմենթը նախաձեռնած դեմոկրատ կոնգրեսականները պնդում են,որ Սպիտակ տան ղեկավարը 2019-ի հուլիսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Վլադիմիր Զելենսկու հանդեպ` պահանջելով նրանից հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու` Հանթերի բիզնես գործունեությունը Ուկրաինայի տարածքում: Ինքը Թրամփը ներկայացված մեղադրանքները կտրականապես հերքում է:

XS
SM
MD
LG