Ամերիկացի դեմոկրատները հետաքննություն են սկսել պարզելու՝ արդյո՞ք նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում չի գործադրել Ուկրաինայի վրա՝ նախագահական առաջիկա ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենին վարկաբեկող տեղեկություններ ստանալու համար:
Քննությամբ զբաղվում են Ներկայացուցիչների պալատի միանգամից երեք հանձնաժողովներ, որոնք կասկածներ ունեն, թե Սպիտակ տան ղեկավարը իրեն անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար սպառնացել է զրկել Ուկրաինային 250 միլիոն դոլարի ռազմական օգնությունից: Օրենսդիրները Թրամփի վարչակազմից պահանջել են մինչև սեպտեմբերի 16-ը այս խնդրին վերաբերող փաստաթղթեր տրամադրել, այդ թվում՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցի սղագրությունը:
Ուկրաինայի հետ Բայդենի կապերն ուշադրության կենտրոնում են հայտնվել նրա որդու՝ Հանթերի պատճառով, ով տարիներ առաջ աշխատել է ուկրաինական խոշորագույն ընկերություններից մեկի տնօրենների խորհրդում: